Գտիր ինձ Կասկադում՝ 6․15
«Կասկադ 6․15»-ը Մարիաննա Հակոբյանի առաջին գիրքն է, որը ընթերցողի ուշադրությունը գրավում է առաջին հերթին վերնագրով․ վայրը՝ Կասկադ, ժամը՝ 6․15։ Գրքում բոլոր կարևոր հանդիպումները տեղի են ունենում երեկոյան՝ Կասկադում, ինչպես հաճախ պատահում է նաև գրքից դուրս իրական կյանքում։ «Կասկադ 6․15»-ը սիրավեպ է՝ համեմված կինոյով, երաժշտությամբ ու երևանյան առօրյայով։
Երեք բառով գրքի մասին՝ «ամուսին-կին-սիրուհի»
Առաջին հայացքից պարզ թվացող սիրային եռանկյունին դառնում է պատումի առանցքը, և ընթերցողը գլխավոր հերոսուհու՝ սիրուհու, հետ անցնում է սիրո ու «դպրոցի» աստիճաններով՝ գտնելով կանացի աշխարհի այնպիսի հարցեր ու թեմաներ, որոնք լայն իրացում չունեն հայ արդի գրականության մեջ՝ հավատարմություն, ամուսնություն, դավաճանություն և այլն։ Գլխավոր հերոսը՝ Ռոզան, խոսելով առաջին դեմքով, ընթերցողին կարծես պատմում է իր կյանքի տարբեր իրադարձությունների մասին և բացահայտում մյուս հերոսների ներաշխարհները՝ դառնալով ընթերցողի աչքերն ու ականջները։ Համարձակ էությունն է, որ ուղղորդում է երիտասարդ կնոջը կյանքում։
«Այն քահանան ինձ ասաց՝ փակի՛ր աչքերդ ու ասա՛՝ ի՞նչ բառ եկավ առաջինը։ Ասացի՝ ազատություն»։
Ռոզան կերպար է, որը ցույց է տալիս իրերին նայելու այլ տեսանկյուն, օրինակ՝ նույն կին-ամուսին-սիրուհի եռանկյունուն, հավատարմությանը, հավատին, որը կա ամենուր, անգամ ամենաառօրեական բաներում, անձի ձևավորմանը, վերարժևորմանը և այլ հարցերին։
Կանոն N1
Սերը սպանել չի կարելի
Սերը գրքում պատումը առաջ տանող շարժիչն է, այն ներխուժում է կյանք ու կլանում, վերաձևում ամեն բան՝ կլպած դեղձերից մինչև ատամի խոզանակներ։
Հեղինակը կարողացել է սերը ներկայացնել երկու տեսանկյունից։ Առաջինը՝ սիրո հավերժական խնդիրը՝ Ռոզայի ու Արմենի սերը՝ չնայած վերջինիս ամուսնացած լինելուն, և երկրոդը՝ անկախ ընտանեկան կարգավիճակից՝ կնոջ ու տղամարդու սերը հարաբերությունների մեջ, որտեղ հարաբերությունները դիտարկվում են որպես պայմանավորվածություն երկու անձանց միջև։
«․․․հիշում եմ իր նկարագրածը՝ «քո սերը ինձ համար մեծ սպիտակ տուփ ա՝ իմ տան դռան առջև դրված»։ Շտապեցի ընդհատել՝ «իսկ մեջը ի՞նչ ա»։ «Մեջը կարևոր չի, քո սերը այդ պահի ոգևորությունն ա, որ միշտ հետս ա»։
Այս ամենից անդին կա սեր կամ կապվածություն՝ ամեն ինչից դուրս և անգամ հարաբերություններից, այնպիսին, ինչպիսին է Ռոզայի ու Մարկոյի սերը։ Մարկոն՝ Ռոզայի նախկինը՝ չնայած նրա հետ անորոշ հարաբերություններ ունենալուն՝ պարբերաբար Ռոզայի մտքում է․ սա թերևս սիրո մի փոքր այլ դրսևորում է, որը կարող է գոյություն ունենալ հարազատ հոգիների միջև։ Մարկոյի մասին խոսելիս, թվում է՝ Ռոզան հանգստություն է գտնվում, խաղաղվում, մինչդեռ Արմենի հետ հարաբերություններում լարվածությունը անսպառ է։ Արմենը մե՛կ ուզում է Ռոզայի հետ լինել, մե՛կ չի կարողանում լքել կնոջը՝ Լիլիանին, որը ևս դավաճանել է ամուսնուն։ Ռոզան և՛ սիրում է Արմենին, և՛ չի մոռանում Մարկոյին։ Այս տեսանկյունից էլ սիրային եռանկյունին դառնում է քառանկյուն։
Առաջին հայացքից խճճված թվացող պատմությունը մարդկանց մասին է, ովքեր կորցրել են սերը վերգտնելու ճանապարհը։
Իսկ որտե՞ղ գտնել Աստծուն
Գրքում սիրո գաղափարը ուղեկցվում է Աստծո գաղափարին։ Աստված իր մեջ է կրում սերը, իսկ սերը, ամուսնությունից ու երեխաներից անդին, մեծանալով ձգտում է Աստծուն հասնել։
-Արմ, ինչքա՞ն ենք ստելու Լիլիանին, սենց ճիշտ չի։
-Ես չեմ որոշում, Աստված ա որոշում։ Գիտեմ, որ սխալ ա մարդկային տրամաբանությամբ, բայց Աստծո տրամաբանությունը մարդկայինին հակասում է։ Ես չգիտեմ՝ ինչի՞ համար ա էս ամենը մեզ տրվել, ես ուղղակի միջոց եմ, դու միջոց ես սիրո։ Կյանքի իմաստը գիտակցությամբ չես գտնի․ երբ ռացիոնալը կորցնում ես, ոգեղենն ես գտնում։
Ռոզան իր ըմբոստ բնավորությամբ ամեն գնով փորձում է Արմենի հետ մնալ, քանի որ նրա «աստվածային» էության մեջ իրեն ուշքի բերող ինչ-որ բան է գտնում, ուստի պատահական չէ «Սիրո դպրոցի» գոյությունը գրքում, որտեղ Լիլիանը վաղուց է սովորում, իսկ Ռոզան նորեկ է։ «Դպրոցը» կարծես Արմենի ըմբռնումների ամբողջությունն է՝ կապված հոգևորի ու մարմնականի, սիրո ու Աստծու հետ, որը ի վերջո պոկվում, առանձնանում է Արմենից․
«Ես արդեն զգալով էի հասկանում։ Պայմանը դնում էր ոչ թե Լիլիանը, այլ Աստված Լիլիանի միջոցով։ Ես հիվանդ էի Արմենով ու ինձ պետք էր վերադառնալ Աստծու մոտ»։
Հատկանշական է, որ Ռոզան կարողանում է բաց թողնել Արմենին միայն այն ժամանակ, երբ կարողանում է վերջապես գտնել Աստծուն։
Ночь пройдёт, наступит утро ясное,
Знаю, счастье нас с тобой ждёт․․․
Աստվածային ես-ի գոյության, սիրո և հավատարմության մասին խնդիրները ուղեկցվում են զգացողությամբ, որ գրքում ինչ-որ ծանոթ բան կա․ միտք, որ վստահաբար հանգիստ չի տալիս ընթերցողին ամբողջ ընթացքում։ Ահա սա է գրքի գլխավոր առանձնահատկությունը։ Եթե Կասկադը հեղինակի ու ընթերցողների առաջին ընդհանրությունն էր, ապա պատումի շարադրանքի ձևը՝ առաջին դեմքով, դառնում է երկրորդ կամուրջը, որով հեղինակը անմիջական կապ է հաստատում ընթերցողի հետ, իսկ գլուխների անվանումները վերջնականապես ամրապնդում են երբեք չլքող հարազատության զգացումը։ «Double espresso և ջուր», «Մորքուրները», «Մանկության «ոջիլի սանրը», ոզնին, շաքար խնձորն ու մնացածը»․ սրանք միջադեպեր ու երևույթներ են, որ հարազատ են բազմաթիվ ընթերցողների համար։
Եվս մի կարևոր առանձնահատկություն, որ անտարբեր չի թողնում ընթերցողին, այն է, որ գրքում եռում է ժամանակակից աշխարհը։ Հեղինակը գտել է լավագույն ձևը՝ ցույց տալու ներկայիս առօրյա կյանքը՝ բազմաթիվ համեմամտություններ ու հղումներ անելը գրականությանը, երգարվեստին ու կինոմատոգրաֆիային՝ «Հարրի Փոթերից» մինչև «Փախուստ Շոուշենկից», Լյուդովիկո Այնաուդիից (https://www.youtube.com/watch?v=4VR-6AS0-l4) մինչև «Տրուբադուրի սերենադ» (https://www.youtube.com/watch?v=peQqsTZ9958)։
«Ես նոր բան չեմ գրում, ես իմ ձևով եմ գրում»,- ասում է հեղինակը բնաբանում, և այդ «իմ ձևը» այն յուրօրինակությունն է, որն անըդնմեջ պահում է ընթերցողի ուշադրությունը, և չնայած մռայլ տրամադրություններին, այս թեթևության շնորհիվ է ընթերցողը կապվում գրքի հետ։
Վերադարձի համար՝ արի Կասկադ՝ 6․15
Դավաճանության ու հավատարմության սահմանը փնտրող կերպարների սիրային եռանկյունին գրականության ու կինոյի մեջ իր ամենատարածված դասական ըմբռնումով ընթերցողին հուշում է, որ գիրքը պիտի ավարտվի «happy end»-ով, բայց Մարիաննա Հակոբյանի գիրքը բացառություն է։ Կա մի պարզ և շատ կարևոր պատճառ․ իրական կյանքում «happy end»-եր չեն լինում, փոխարենը Ռոզան հետդարձի հասցեն է թողնում, քանի որ կյանքը այդքանով չի ավարտվում, հեղինակի խոսքով՝
«վերջ չկա ու դրա մեջ մի գեղեցիկ բան կա»։
(Հատված վեպից՝ այստեղ)
Հեղինակ՝ Արաքս Սաֆարյան