Հռչակը
Առաջին հրատարակությունից հետո, վաճառված ավելի քան 30 միլիոն օրինակ: Պուլիտցերյան գրական մրցանակ, համանուն ֆիլմի Օսկարի 8 անվանակարգ և երեք Օսկար: Թարգմանություն շուրջ չորս տասնյակ լեզուներով, մոտ 300 էջ և 99 121 բառ բնագրում... և ոչ մի սպանված ծաղրասարյակ:
Թռչունը
Ծաղրասարյակը մի փոքրիկ ու աղմկոտ թռչուն է, որը վեպում ոչ թե որպես գործող անձ է հանդես գալիս, այլ խորհրդանիշ: Թռչունը խորհրդանշում է անմեղ, ոչ մեկին չվնասող իրենց կյանքով ապրող մարդկանց, որոնց էլ հակադրվում են այն մարդիկ, որոնք ուզում են, որ աշխարհն իրենց հետամնաց հայացքներով ու ստեղծած անարդար օրենքներով ապրի: Ուզում են սպանել «ծաղրասարյակներին», ինչը մեղք է.
«Ծաղրասարյակն ամենաանմեղ թռչունն է, նա միայն երգում է՝ ուրախացնելով մեզ: Մարդկանց այգիներում ոչինչ չի կտցահարում, ամբարներում բույն չի դնում և արածն էլ սոսկ մեզ համար սրտագին երգելն է: Ահա թե ինչու ծաղրասարյակ սպանելը մեղք է»:
Իրականությունը
Վեպի հիմնական թեմաներից է՝ ուժեղ անարդարի ու անպաշտպան անմեղի հարաբերությունը: Պատումը ծավալվում է 1930-ական թվականներին, ամերիկյան հարավի մի փոքրիկ քաղաքում: Մի իրականություն, որտեղ սևամորթ ամերիկացիները զրկված են քաղաքացիական իրավունքներից, պատժվում են ամեն առիթով: Ռասսայական խտրականությունը, սակայն վեպի թեմաներից մեկն է միայն, քանի որ սպիտակները անարդար են ոչ միայն մաշկի այլ գույն ունեցողների նկատմամբ, այլ նաև հենց իրենց նմանների, բայց նրանց, որոնք ապրում են այլ կանոններով, ավելի թույլ են, անպաշտպան, մեկուսացած, ինչպիսին վեպի հերոս Բոբո Ռադլին է:
«Մարդկանց անհնար է ինչպես հարկն է հասկանալ, մինչև իրերը նրանց տեսանկյունից չքննես…, մինչև նրանց կաշվի մեջ չմտնես և այդ ձևով չմոտենաս հարցերին», -ասում է Աթիքըսը Սրաչուկին:
Հայացքը
Այս բարդ խնդիրները վեպում ներկայացվում են 9 ամյա հերոսուհու՝ Սրաչուկ մականունով Ջինի միամիտ հայացքով և պատմությամբ: Սրաչուկը և մյուս երեխաները՝ նրա եղբայր Ջիմը, նրանց ընկեր՝ Դիլը բախվում են դաժան իրականությանը և անխուսափելիորեն առաջանում են մշտապես արդիական այլ հարցեր.ի՞նչ աշխարհ ենք մենք ժառանգում մեր երեխաներին. բարի՞, թե՞ բռնություններով լի, արդա՞ր, թե՞ ռասայական խտրականություն քարոզող, մարդասե՞ր, թե՞ մարդասպան: Եվ ամենագլխավորը՝ ինչպե՞ս պաշտպանենք երեխաներին:
Վեպում պաշտպանի դերում Սրաչուկի հայրը՝ դատապաշտպան Աթիքըս Ֆինչն է, որը դատարանում փորձում է փրկել մի անմեղ սևամորթի, սակայն պարտվում է քանի որ եթե հասարակությունը ապրում է քարացած ու դաժան օրենքներով, բոլորն էլ ի վերջո դապապարտված են պարտության: Լինի 1930-ական թվականների հետամնաց ամերիկյան քաղաքում, թե ժամանակակից գերզարգացած աշխարհում, մարդը բոլոր ժամանակներում պաշտպանության կարիք ունի:
Հեղինակը
Վեպն ինքնակենսագրական բնույթ ունի, քանի, որ գրողի հայրը՝ Ամասա Քոուլ Լին, փաստաբան էր: Նրան, ինչպես վեպի հերոս Աթիքըս Ֆինչին վիճակվել էր դատարանում պաշտպանել սպիտակամորթի սպանության մեջ կասկածվող երկու սևամորթների: Սակայն երկու դատապարտյալներն էլ՝ հայր ու որդի, ի վերջո կախաղան են բարձրացվում:
«Խիզախությունն այն է, որ նախքան ինչ որ բան սկսելը գիտես, որ տանուլ ես տալու, բայց և այնպես պայքարում ես և ոչինչ հաշվի չառնելով՝ գնում ես մինչև վերջ: Իհարկե, հազվադեպ ես հաղթում, բայց այնուամենայնիվ երբեմն հաղթում ես»,-ասում է Աթիքըսը Ջիմին:
Վեպի հրատարակությունից ու մեծ հռչակից հետո Հարփըր Լիի կյանքը զարմանալիորեն նմանվում է վեպի հերոսներից մեկի՝ Բոբո Ռադլի կյանքին: Մեկուսացում, արտաքին աշխարհի հետ նվազագույն շփումներ:
«Ինչո՞ւ Բոբո Ռադլին երբեք տնից չի փախչում»,-հարցնում է Սրաչուկը Դիլին:«Երևի փախչելու տեղ չունի», - պատասխանում է Դիլը:
Հայերեն
Վեպը հայերեն է թարգմանվել երկու անգամ. առաջին անգամ ռուսերենից և հրատարակվել 1965-ին՝ «Սարյակ մի սպանիր» վերնագրով (թարգմ. Օ.Սանահյան ) և երկրորդ անգամ բնագրից՝ «Ծաղրասարյակ սպանելը» վերնագրով (թարգմ. Ա. Արսենյան) և հրատարակվել 2015-ին:
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան