Ե՞րբ է «Ստախոսը» ասում ճիշտը․
Դիմակները
Գլխավոր հերոսի կինը մահանում է: Վիշտը մեծ է, բայց պետք է շարունակել կյանքը, հարկավոր է վերստին սովորել ապրել:
Երջանկության փնտրտուքը գլխավոր հերոսը՝ «Ստախոսը», սկսում է՝ նախորդ կյանքից փախչելով, ամենատարբեր «դիմակներ» կրելով: Հաջողակ գործարար, տաղանդավոր, բայց չգնահատված նկարիչ, խուզարկու ... իրար հաջորդող այս դիմակները հետաքրքրություն ու արկածախնդրություն են առաջացնում հերոսի հոգում, ու թվում է՝ երջանիկ լինելու միակ ճանապարհը անցյալը վանելն է, ժխտելը, մոռանալը… Ինչ-որ մի տեղ կարդացել եմ ՝ «Երբ ձևացնում ես, թե ոչինչ չի եղել, ի վերջո ոչինչ էլ չի պատահում»…Բայց սա՞ է արդյոք երջանկության այն մոդելը, որին ձգտում ենք:
Սթափը
Ճանապարհին հանդիպած գրեթե բոլոր հերոսները տուրք են տալիս «Ստախոսի» արկածախնդրություններին, մղում նրան մի նոր խենթության, մի նոր «դիմակի» ստեղծման: Նրանք գլխավոր հերոսի մեջ արթնացնում են սեր, կիրք, կարեկցանք, զարմանք՝ կարճաժամկետ հեռացնելով իր «նախորդ կյանքից»: Դանիելը, բժիշկը, Մադլենը մասնակից են դառնում գլխավոր հերոսի (վերա)կառուցմանը:
Եվ միայն նրա մահացած ընկերոջ ուրվականը՝ Ստեֆանն է, որ մինչև վերջ հավատարիմ է մնում ճշմարտությանը: Նա ժամանակ առ ժամանակ սթափեցնում է հերոսին, հիշեցնում, որ փախուստն իրականությունից, սեփական ես-ից անհնար է և ապարդյուն: «Ստախոսը» հաճախ չի կարողանում նայել Ստեֆանին և տեսնել,մինչևիսկ զգալ նրա սթափեցնող հայացքը՝ իրեն ուղղված:
Սա այն չէ, ինչ փնտրում ես, հարկավոր է ուղիղ նայել իրականությանը. ահա՝ ինչ է «ահազանգում» Ստեֆանը:
Ինչպես մի նոր Բուենդիա
Գլխավոր հերոսը կարդում է Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպը. հանկարծ հնչում են Ստեֆանի սթափեցնող խոսքերն այն մասին, որ «Ստախոսը» ինքն իր մասին է կարդում…
Խոնավ տունը, ուրվականները, հերոսի հուսահատ մենությունը («Դուք միշտ մենակ եք»,-ասում է նրան Դանիելը), առեղծվածային տան վարձակալությունը, իր ապուպապի՝ Ալբրեխտի՝ ռազմաճակատից գրած նամակները հարյուր տարի անց գտնելն ու նրա ուրվականի «դերը» ստանձնելը մեզ հուշում են Մարկեսի ստեղծած մենության անվերջ, անհաղթահարելի փակ շղթայի մասին, որից դուրս գալու հերոսի բոլոր փորձերը հուսահատ են և անհաջող:
Անցածն ու գալիքը
Գլխավոր հերոսի՝ Ալան Մյուլերի իր իսկ ամենասիրելի կտավը, որում նա պատկերել է ապուպապին և հորը, մարկեսյան մենության մեկնություն է ասես: Այն ինչ անցածն է, գալիքն է նաև, սեփական ես-ից փախուստի համար ոչ մի տեղ չկա, ոչ մի ճանապարհ…
Կնոջ մահից հետո տառապանքից ազատվելու համար հին ու խոնավ տնից հեռացած հերոսը վեպի ավարտին կրկին հայտնվում է նույն տանը. նա մի նոր Բուենդիա է:
Հատված, որը կարելի է անտեսել
Ասել ճշմարտություններ ստախոսի շուրթերով, ամենակարևոր մտքերը ծածկել անկարևորի շղարշով . հետաքրքիր է, չէ՞…
Գերբնական տարրերով գրված այս վեպը, որում ժամանակը թվացյալ կոնկրետ է, երբեմն իսկապես զարմացնում է ընթերցողին, իսկ անսպասելի ավարտն ավելի է տպավորում:
Վեպը բավական հեշտությամբ և արագ է ընթերցվում, գերբնական, արկածային տարրերը գրավում և հակասական զգացողություններ են փոխանցում:
Երբեմն տպավորություն է ստեղծվում, թե հեղինակը ոչ թե պատմում է, այլ «բացատրում» իր միտքն ընթերցողներին, ինչը որոշ չափով նվազեցնում է տպավորությունը:
Չնայած դրան՝ վեպը շատ ընթերցողների առիթ կտա մտածելու կյանքի, իմաստի, երջանկության և այն մասին, թե ի՞նչը ի վերջո կարող է փրկել մարդուն մենությունից:
Հետաքրքիր է՝ այս վեպում ասես գործ ունենք երկու սյուժեի հետ. արժե մտածել, թե ինչ տպավորություն կթողներ վեպը, եթե վերջաբանն իսկապես լիներ «հատված, որը կարելի է անտեսել»:
Հեղինակ՝ Մարուսյա Ղարախանյան