«Ուտել, աղոթել սիրել» - Գտի՛ր քո բառը
Էլիզաբեթ Գիլբերթի «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը հոգևոր ներդաշնակությունը կորցրած կնոջ փնտրտուք է, որ ստիպում է նրան թողնել բնականոն կյանքը ու առաջ նետվել՝ մաս առ մաս վերագտնելու իրեն։ Գիրքը ամբողջությամբ Էլիզաբեթ Գիլբերթի ճամփորդությունների հուշագրությունն է՝ բաղկացած 3 մասից՝ Իտալիա, Հնդկաստան, Ինդոնեզիա։
Երկրներից յուրաքանչյուրը պատասխանատու է հերոսուհու հոգևոր ներդաշնակության մի մասի համար․ Իտալիան հաճույքի, Հնդկաստանը՝ ներքին խաղաղության, Ինդոնեզիան՝ այդ երկուսի հանրագումարի։ Ըստ էության, խոսքը մարմնի և հոգու ներդաշնակության մասին է, որին կարելի է հասնել ուտելիքից ստացած հաճույքի և հավատի՝ ճգնաժամային իրավիճակում Աստծուն ապավինելու հույսի համադրությամբ։
«Նպատակը բուն երկրները ուսումնասիրելը չէր (դա վաղուց արդեն արված էր ուրիշների կողմից), այլ իմ անձի տարբեր դրսևորումները մանրամասն ուսումնասիրելը հենց այն երկրների ֆոնին, որոնք ավանդապես համարվում են այդ դրսևորումների մարմնավորումը։ Ես ուզում էի ուսումնասիրել հաճույքի արվեստը Իտալիայում, բարեպաշտության արվեստը Հնդկաստանում և այդ երկուսի ներդաշնակության արվեստը՝ Ինդոնեզիայում»։
Բարև՛, Աստվա՛ծ։ Ո՞նց ես։ Ես Լիզն եմ։
Լիզի՝ ինքն իրեն գտնելու ճանապարհը սկսվում է Աստծուն փնտրելուց, երբ մի օր լոգարանում, հոգեպես ծանր վիճակում, նա հանկարծ սկսում է աղոթել։
«Այնտեղ՝ բաղնիքի հատակին, կատարվեց մի բան, որն անդառնալիորեն փոխեց իմ կյանքի ուղին․ գրեթե նման աստղագիտական այն խենթ գերիրադարձություններին, երբ մոլորակը առանց որևէ պատճառի հետ է շրջվում տիեզերքում, և դրա հալված միջուկը խառնվում է՝ տեղաշարժելով բևեռները ու փոխելով մոլորակի ձևը այնպես, որ նախկին գունդը վերածվում է ձվածիր զանգվածի։ Դրա պես մի բան։
Իսկ պատահեց այն, որ ես սկսեցի աղոթել։
Դե, ոնց ասեմ, Աստծուն»։
Այսպես Լիզը փորձում է գտնել փրկության հույսի մի նշույլ, որից հնարավոր կլիներ կառչել։ Նա ուղղակիորեն սկսում է զրուցել Աստծո հետ՝ առաջին անգամ իսկապես ծանոթանալով նրան։ Այս յուրահատուկ վերաբերմունքը՝ նրբանկատ ու հարգալից դիմելաձևը, դառնում է նրա առաջին քայլը դեպի հոգևոր ներդաշնակություն, որին դեռ պիտի հաջորդեն յոգան, մեդիտացիաները ու սեփական մտքերն ընտրելու հմտությունը։
Թերևս, «Ուտել, աղոթել, սիրելը» ցույց է տալիս, որ 21-րդ դարի մարդը իրականում այդքան էլ օտարված և հեռու չէ Աստծուց, ինչպես հաճախ կարող է թվալ, քանի որ վերջինս սովոր է հաղորդակցվել Աստծո հետ հիմնականում որևէ կրոնի միջոցով։ Լիզը, իրեն երբևէ կրոնին կամ Աստծուն մոտիկ չհամարելով, հանկարծ գտնում է իր ներսում հոգևոր սկիզբ՝ դիմում-նամակ գրելով Աստծուն, որի տակ «ստորագրում են» Հիլարի Քլինթընից մինչև Գանդի ու Մարտին Լյութեր Քինգ։ Հենց այստեղ է բացահայտվում գրքի կարևոր գաղափարներից մեկը՝ այն, որ Աստծո հետ հաղորդակցվելու ձևերը տարբեր են, հարկավոր է միայն գտնել դրանցից մեկը ու ներս թողնել լույսը։
«Մենք՝ մարդիկս, իրականացնում ենք հոգևոր ծիսակատարություններ, որպեսզի ապահով հանգրվան տանք մեր բարդ զգացմունքներին՝ կլինի դա ուրախություն, թե վիշտ, որպեսզի ծանր բեռի պես քարշ չտանք այդ ապրումները մեր ողջ կյանքի ընթացքում։ Մենք բոլորս նման ծիսական ապաստարանի կարիք ունենք։ Եվ եթե մեր մշակույթում ու ավանդույթներում բացակայում է այն ծեսը, որի կարիքն ունենք, ըստ իս, մենք միանգամայն ազատ ենք հորինելու մեր ծեսը և նորոգելու խափանված հուզական համակարգը մեծահոգի ջրմուղագործ-պոետի ձեռագործ հնարամտությամբ։ Եթե բավականաչափ անկեղծությամբ իրականացնենք մեր «տնական» ծեսերը, Աստված ողորմածություն կցուցաբերի։ Հենց դրա համար էլ մենք Աստծո կարիքն ունենք»։
Բայց ամենից առաջ՝ սեր առ սեփական անձը
«Ուտել, աղոթել, սիրելը» շոշափում է մեր ժամանակի կնոջը հուզող մի շարք կարևոր հարցեր՝ ի՞նչ են ի վերջո «կանացի երջանկություն» կամ նույնիսկ «կանացի ճակատագիր» կոչվածները, և արդյո՞ք ամեն կնոջ համար երջանկությունը ամուսին ու երեխաներ ունենալն է։ Այս անկյունաքարային հարցերն էլ վեպում բացահայտում են կանացի հոգին՝ իր բոլոր կողմերով։ Այսպես, օրինակ՝ վեպի սկզբում Լիզը չստացված ամուսնության պատճառով ինքն իրեն համարում է «ասես յոթ հազար տարեկան խղճուկ, աղքատ, ծեր էակ», մինչդեռ վերջում արդեն սիրահարված լինելով՝ իրեն գեղեցիկ ու երիտասարդ է զգում։ Սեփական ցանկություններից ամաչող ու փախչող Լիզը իրեն թույլ է տալիս սիրահարվել, երբ վերջապես պարզում է հարաբերությունները ինքն իր ու Աստծո հետ․ դա հնարավոր էր անել միայն լսելով ներքին ձայնը՝ վերջապես անելու այն ամենը, ինչին ձգտում է սեփական հոգին։
«Ժամանակ առ ժամանակ սիրո պատճառով ներդաշնակությունը կորցնելը ներդաշնակ կյանք ապրելու անխուսափելի մասն է»։
Ահա այս ամենի արդյունքում նրան պարզ է դառնում, որ երջանկությունը չի թափառում մարդուց դուրս, անպայման չէ հասարակական կանոնին համաձայն մեծ տուն, երեխաներ կամ կարիերա ունենալ երջանկությունը «ձեռք բերելու» համար, այն ներսից ելնող լույսն է, որն ի վերջո բացելու է ճանապարհ, եթե մտքի ու զգացմունքի, մարմնի ու հոգու միջև վերջապես հաստատվի խաղաղություն։
Երբ խոսում ես այնպես, ինչպես ուտում ես
Վեպի համն ու հոտը նրա սահուն, անմիջական լեզուն է՝ հագեցած հումորի նուրբ զգացումով։ Ընթերցողին թվում է, թե սուրճի սեղանի շուրջ Լիզը զրուցում է իր հետ, կատակում, պատմում ճամփորդություններից, իտալացիների, ամերիկացիների ու հնդիկների մշակութային տարբերություններից։ Տպավորություն է՝ մտերմանում, ընկերանում ես Լիզի հետ, ու այևս չես կարողանում պոկվել գրքից։ Այս համատեքստում ֆիլմը զգալիորեն զիջում է գրքին։
«Իմ՝ «Իտալացի նոր հավանական ընկերների ցանկ»-ում ամենաշատը մի երիտասարդի հետ ծանոթությամբ էի հետաքրքրված, որի անունը… բռնվեք…Լուկա Սպագետի է։ Լուկա Սպագետին իմ լավ բարեկամ Պատրիկ ՄքԴեվիտի ընկերն է, որին ուսանող տարիներից եմ ճանաչում։ Եվ դա նրա իսկական անունն է, երդվում եմ, չեմ հորինում։ Խենթանալ կարելի է։ Միայն պատկերացրեք՝ ողջ կյանքն ապրել այդ անունով՝ Պատրիկ ՄքԴեվիտ»։
Attraversiamo – արի անցնենք մյուս կողմ
Թերևս վեպի բոլոր գաղափարները ի մի բերող առանցքային հարցադրումը հետևյալն է՝ «ո՞րն է քո բառը»։ Պատասխանը Լիզը, իհարկե, գտնում է՝ կարծես փոխանցելով էստաֆետը ընթերցողին․ չէ՞ որ «Ուտել, աղոթել, սիրելը» վեպ է, որ կյանքի չդադարող ոլորապտույտում սովորեցնում է չմոռանալ ամենակարևորի մասին՝ «խոսել այնպես, ինչպես ուտում ես», ընտրել, դասավորել սեփական մտքերդ ու «ժպտալ նույնիսկ լյարդով»։
Հայերեն
Էլիզաբեթ Գիլբերթի «Ուտել, աղոթել, սիրել» վեպը հայերեն է թարգմանել Լիլիթ Հայրապետյանը, հրատարակել է «Զանգակ» հրատարակչությունը 2021 թվականին։
Հեղինակ՝ Արաքս Սաֆարյան