1951 թ․ Սալվադոր Դալին ստեղծում է իր ամենահայտնի ու խորհրդավոր նկարներից մեկը՝ Սուրբ Հովհաննես Խաչի Քրիստոս (Christ of Saint John of the Cross) ։ Դալիի նկարը ներշնչված է 16-րդ դարի իսպանացի կաթոլիկ սուրբ, նաև բանաստեղծ Հովհաննես Խաչի «Քրիստոսի խաչելությունը վերևից» գծանկարից։
Այս խորհդրավոր պատկերը Սուրբ Հովհաննեսը տեսիլքի ձևով տեսել է 1574-1577 թթ․ ընկած ժամանակահատվածում՝ եկեղեցում աղոթքի ժամանակ։ Սթափվելով կաթոլիկ հոգևորականը տեսիլքը թղթին է հանձնում։ Եվ ստացվում է խաչելության հայտնի ու տարածված պատկերի բոլորովին այլ ու արտասավոր տեսանկյուն՝ վերևից։ Ի տարբերության կրոնական թեմաներով Դալիի այլ նկարների, որոնք ակնհայտ պրովակացիոն բնույթ ունեն, այստեղ տեսնում ենք, որ նկարիչը նորկտակարնյան կենտրոնական դրվագին մոտեցել է հոգևոր խորն ապրումներով ու լրջությամբ․
Առաջինը՝ 1950 թվականին ես տեսա «տիեզերական երազ», որտեղ այս նկարն ինձ երևում էր գունավոր։ Այն իմ երազում «ատոմի միջուկն» էր։ Այդ միջուկն այնուհետև ձեռք բերեց մետաֆիզիկական իմաստ, և ես այն դիտարկեցի որպես Տիեզերքի հիմնական բաղադրիչ՝ Քրիստոսին: Երկրորդը, երբ կարմելիտ հայր Բրունոյի խորհդրով ես տեսա Քրիստոսի նկարը, որը նկարել էր Սուրբ Հովհաննես Խաչը, ես մշակեցի երկրաչափական եռանկյունի և շրջան, որտեղ գեղագիտական տեսանկյունից համառոտ ամփոփվում էին իմ բոլոր նախկին փորձառությունները։ Եվ այդ եռանկյունու մեջ ես ընդգրկեցի Քրիստոսի պատկերը։ Ի սկզբանե չէի ուզում պատկերել խաչելության բոլոր ատրիբուտները՝ մեխեր, փշե պսակ և այլն․ արյունը վերածել կարմիր մեխակների ձեռքերին ու ոտքերին՝ երեք հասմիկի ծաղիկները թաթախված վերքի մեջ։ Բայց միայն վերջում իմ որոշումը փոխեց երկրորդ տեսիլքը, գուցե իսպանական ասացվածքի պատճառով, որն ասում է. «Քիչ Քրիստոս, շատ արյուն»: Այս երկրորդ տեսիլքում ես տեսա մի պատկեր առանց անեկդոտային հատկանիշների․ տեսա միայն Քրիստոս Աստծո մետաֆիզիկական գեղեցկությունը: ... Իմ գեղագիտական հավակնություններն այն են, որ այս կտավը հակադրվում է Քրիստոսի բոլոր պատկերներին, որոնք արված են ժամանակակից արվեստագետների կողմից, որոնք էքսպրեսիոնիստական ոճի կիրառությամբ ձգտել են տգեղության միջոցով զգացմունքներ առաջացնել: Իմ գլխավոր խնդիրն է պատկերել Քրիստոսի՝ որպես Աստծո գեղեցկությունը, այն ամենով, ինչը Նա անձնավորում է, -մեկնաբանում է Դալին։
Նկարիչ նշած եռանկյունին ձևավորվում է խաչափայտի հորիզոնական հատվածի ու Քրիստոսի ձեռքերի միջոցով։ Այն Սուրբ Երրորդության խորհուրդն ունի։ Եռանկյունու կենտրոնում փրկչի գլուխն է որպես շրջան։ Խաչափայտը կարծես ուղղված է դեպի երկիր, այսինքն վերևից՝ Աստծուց իջնում է ներքև՝ դեպի մարդը՝ խորհրդանշելով մեծ զոհաբերությունը, որն Աստված պարգևեց մարդկանց։ Վերևից տեսանկյունը նաև բերում է մեկ այլ խորհուրդ․ խաչը կարծես ներկայացնում է այն զոհասեղանը, որի վրա դրված է Քրիստոսրի մարմինը՝ Հացը, որը նա Խորհրդավոր ընթիքին պարգևեց աշակերտներին։ Երկիրը նկարում ներկայացվում է ձկնորսի և լեռներով շրջապատված լճի ափին կայանած նավակի պատկերով, որը թերևս կրկին նորկտակարանյան հղումներ է պարունակում։
Հայտնի, որ Դալին այնքան լրջորեն էր վերաբերվում այս աշխատանքին, որ ներկի շուտ չորացման համար Պորտ Լիգատեի իր տանը նույնիսկ ջեռուցման համակարգ տեղադրեց։ Աշխատանքի ավարտից հետո, նկարն 1952 թ․ 8200 ֆունտ սթերլինգով գնում է Գլազգոյի թանգարանների տնօրինությունը և սկսում է ցուցադրել Քելվինգրով արվեստի պատկերասրահում։ 1961 թ․ նկարը հարձակման է ենթարկվում մի խենթ բանաստեղծի կողմից։ Նետված քարը պատռում է նկարի ստորին մասը։
Այս նկարի համար Իսպանիայի կառավարությունը թանգարանին 127 միլիոն դոլլար է առաջարկել, սակայն առաջարկը մերժվել է։