«Սասնա ծռեր» էպոսի կենտրոնական դրվագներից մեկում կռվի են բռնվում Սասունցի Դավիթն ու իր որդի Փոքր Մհերը: Կռվին միջամտում է Գաբրիել հրեշտակապետը և կատարում Դավթի անեծքը՝ Փոքր Մհերին դարձնում անմահ ու անժառանգ: Ընդհանրության մեջ հնի ու նորի բախումը խորհրդանշող հոր և որդու կռիվը էպոսների տարածված մոտիվներից է: Բավական է հիշել իրանական «Շահ-Նամեում» Ռուստամի ու Զոհրապի ողբերգական բախումը: Կռվի պատճառը ավելի հաճախ միմյանց չճանաչելն է, քանի որ հերոսը որդու ծննդից հետո, որևէ նշան թողնելով՝ կռիվ է գնում, կամ մեկ այլ տեղ: Մեր էպոսում Դավթի ու Մհերի կռվի պատճառներից մեկը նույնպես միմյանց չճանաչելն է, բայց տարբերակներում կան նաև այլ պատճառներ. Փոքր Մհերի ոչ հարգալից վերաբերմունք հոր նկատմամբ, դաժանություն համաքաղաքացիների նկատմամբ, հերոսի չարություն և այլն:
Ռուստամի և Զոհրապի կռիվը «Շահ-Նամեում», Մատենադարան
Կռիվն ու Խանդութի աղոթքը
Խանդութ խաթուն էլավ, իրիշկեց.
Ի նչ իրիշկեց, տեսավ.—
Տեսավ՝ որ ինչ էրկու սար
Կերթան, կը կան, դիպնին հիրար,
էնպես ի Դավիթ, Մհեր առած հիրար։
Մարդ չէր կարա մոտենա։
Խանդութ խաթուն առեց կանչի, ասաց.
«Դավի՜թ, տու մը՞ ղարնե,
Դավիթ, տու մը՞ զարնե,
Միր նորալուկ մեկ տակ մանուկին»։
Դավիթ չըզարնե,
Համա ընկի հուր խոգու բառավանչեն.
Հուր ախու կը զարնե Մհերին։
Խանդութ խաթուն դոր ասաց.
«Մհե՜ր, տու մը զարնե.
Միր թուխ մորուս Դավթին»։
Մհեր իսկի չլսավ։
Աշխարհը թնդացնող երկու դյուցազունների բախումը, հնարավոր է լինում կանգնեցնել միայն Աստծուն դիմելով.
Խանդութ խաթուն դոր երգեց.
«Օրհնա՜ւ, բարերա ր Ասված,
Քո հրամանքն էր շատ.
Հրաման էնես՝ Գաբրել հրեշտակ վեր իջներ.
Խեր, տղեկ մեմեկից հիտ կտրեր»
Աստված լսում է Խանդութի աղոթքը.
Ասծու հրամանքիվ Գաբրել հրեշտակ վեր իջավ,
Զեռ էտու, դխեր, տղեն հիտ կտրեց իրարուց,
Ինչ օր էրկու դիք կռվին,
Մեկ էրթա, հիտ կտրա։
Ապա հաջորդում է հոր անեծքը.
Դավիթ կանչեց, ասաց.
— Մհե ր, որ տու խետ ձի կռիվ արիր,
Չի ամանչըցրիր մընչ խալխին,
Կանչիր եմ քաղցրիկ Ասված,
Քո մոտեն ժառանգ չընկնի տուրս,
Քե մախ չըլնի, չուր Քրիստոս կա դատաստան:
Ասծու հրամանքիվ,
Հրեշտակ Մհերի միջաց էրակ քաշեց,
Որ էնու մոտեն ժառանգ չընկնի տուրս մըչ աշխարքին:
Գաբրիել հրեշտակապետը Նոր Կտակարանում
Աստվածաշնչում, մեկնողական գրականության մեջ հրեշտակները բնութագրվում են որպես պատգամավոր, առաքյալ, ավետաբեր (Ա թագ. 2. 27): Հրեշտակները ծնվել են լույսի հետ, չունեն սեռ (Մատթ. 22.30, Ղուկ. 20.35-36), պատկերվում և ընկալվում են որպես թևավոր արարածներ, զորավոր են, կազմում են աստվածային երկնային բանակը (Հայտ. 5.11): Այդ բանակի զորագլուխներն են Գաբրիելը, Ռաֆայելը, Միքայելը, Անայելը, Ուրիելը, Բարագիելը և այլք (Դանիել 9.21, 10.13, Ղուկ. 1.19 և այլուր):
Նոր Կտակարանում Փրկչի ծննդյան ավետիսի երկու զուգահեռվող պատումներում՝ Գաբրիել հրեշտակապետն ավետում է Հովհաննես Մկրտչի ապա` Հիսուս Քրիստոսի անարատ ծնունդը:
«Ավետում», ծաղկող Գրիգոր, Թարգմանչաց Ավետարան, 13-րդ դար, Մատենադարան
Սուրբ Հովհաննեսի ավետումը ներկայացվում է այսպես.
«Եւ Տիրոջ հրեշտակը երեւաց նրան՝ խնկերի սեղանի աջ կողմում կանգնած։ Երբ Զաքարիան նրան տեսաւ, խռովուեց, եւ վախ ընկաւ նրա մէջ։ Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Զաքարիա՛, որովհետեւ քո աղօթքը լսելի եղաւ. քո կինը՝ Եղիսաբեթը, մի որդի կը ծնի քեզ, եւ նրա անունը Յովհաննէս կը դնես» (Ղուկ. 1. 11-13):
Այս հատվածի շարունակության մեջ նաև տեսնում ենք, որ Գաբրիելը իշխանություն ունի զրկելու՝ համրացնում է Զաքարիային, մինչ որդու ծնունդը
«Եւ Զաքարիան ասաց հրեշտակին. «Ես ի՞նչ կերպ կ՚իմանամ այդ, քանի որ ես ծեր եմ, եւ կինս էլ առաջացած տարիքում է»: Հրեշտակը նրան պատասխանեց եւ ասաց. «Ես Գաբրիէլն եմ, որ կանգնում եմ Աստծու առաջ. ես ուղարկուեցի խօսելու քեզ հետ եւ այդ բանը քեզ աւետելու: Եւ ահա՛, դու համր կը լինես եւ չես կարողանայ խօսել մինչեւ այն օրը, երբ այդ կատարուի, քանի որ դու չհաւատացիր իմ խօսքերին, որ կիրականան իրենց ժամանակին»»(Ղուկ. 1. 18-20):
«Հրեշտակի հայտնությունը Զաքարիային», Վիլյամ Բյեյք. 1799-1800, Մետրոպոլիտն թանգարան
Ինչ-որ բան ժամանակավորապես վերցնելու, զրկելու գործառույթն, մասամբ կարող է մեկնաբանել էպոսի կենտրոնական մոտիվներից մեկում՝ Դավթի անեծքի ու կատարման մոտիվում Գաբրիել Հրեշտակապետի մասնակցությունը:
Կապված լինելով ծննդի ավետիսի հետ, նաև ունենալով պատժելու զորություն, ժողովրդական գիտակցության մեջ Գաբրիելը ընկալվում է նաև հակառակ գործառույթով` ծննդից զրկելու և կատարում է Դավթի անեծքը և զրկում նրան զավակ ունենալու հնարավորությունից:
Գաբրիել հրեշտակապետը հայ ժողովրդական բանահյուսության մեջ
Գաբրիել հրեշտակապետի կերպարը տարածված է մեր վիպական բանահյուսության մեջ: Հանդիպում է հմայական աղոթքներում նաև որպես գործող կերպար հանդես է գալիս միջնադարյան «Ասլան Աղա» վիպական երգում: Այստեղ Գաբրիելի գործառույթը հոգեառությունն է: Բարեկեցիկ կյանքով ու բարօրության մեջ ապրող Ասլան աղան, ընդդիմանում է աշխարհի օրենքներին և գոտեմարտում հոգեառ հրեշտակի հետ: Կռիվն ավարտվում է Ասլանի պարտությամբ, սակայն կնոջ անձնազոհության շնորհիվ Աստված Ասլանին կյանք է բաշխում:
«Ասլան Աղա», Եղիշե Թադևոսյան, 1912, Ազգային պատկերասրահ
Հայ բանագիտության մեջ ամրացած ավանդական պատկերացմամբ ու Մ. Աբեղյանի ձևակերպմամբ, հեթանոսական աստվածներն ու ոգիները քրիստոնեական շրջանում փոխարինվում են համարժեք գործառույթներ ունեցող քրիտոնեական սրբերով: Մասնավորապես Գաբրիելը, որն ի թիվս այլ գործառույթներն ունի նաև հոգիների փրկության ու առաջնորդության գործառույթներ, ըստ Մ. Աբեղյանի փոխարինել է հեթանոսական հոգեառ գրողին.
«Հրեշտակներից մեր ժողովրդական հավատքի մեջ ամենից կենդանի պատկերացվում է Գաբրիելը և այս` այն պատճառով, որ հեթանոսական Հոգեառ գրողին քրիստոնեկան ժամանակ փոխանակել է Գաբրիել հրեշտակը: Նա իր այս դերի մեջ մասնակցում է վեպի գործողությանը.հոգին նրա ավանդն է, և նա պիտի առնի»
Հոգեառության մոտիվը հանդիպում է էպոսի՝ Պարսկահայքում գրառված երկու միմյանց հետ կապված պատումներում (հատ. Բ, պատ. ԺԴ, ԺԵ): ԺԴ պատումը մոտիվային շատ նորություններ ունի մյուս պատումների համեմատությամբ: Այստեղ Գաբրիել հրեշտակը որպես հոգեառ է հայտնվում Մեծ Մհերի ճյուղում, ցանկանում է նրա հոգին առնել:Այլ տարբերակներում Փոքր Մհերի խնդրանքով հենց Գաբրիելն է ցույց տալիս Ագռավաքարը, որտեղ փակվում է հերոսը:
Ըստ ժողովրդական մտածողության Գաբրիելը ֆիզիկական մեծ ուժ ունի: Այսպես Սարալանջեցի Մկրտիչ Պետրոսյանի պատումում Դավթի գութան անելու շատակերության մոտիվների իրացման ժամանակ գյուղացիները ապշելով հերոսի մեծ ուժով, ենթադրում են` «Եսի որ կա, խողածին չէ,/Վայ թե Գաբրել խրիշտակն է» (հատ. Բ, պատ. ԻԲ, էջ 695): Մեկ այլ տեղում՝ կրկին նկատի ունենալով ոչ երկրային ուժը ասացողն ասում է, որ Դավթի ազգը «Դևստաններից» է, իսկ նրա ձիուն հրեշտակն է պայտել (հատ. Ա, պատ. Ը, էջ 378):
«Ավետում», Գանդենսիո Ֆերարի, 16-րդ դար, Բրիտանական թանգարան
Սա պատահական չէ, քանի որ հրեշտակները կարողանում են հաղթել էպոսի ամենուժեղ հերոսին՝ Փոքր Մհերին: Ըստ այդմ էլ՝ Գաբրիել Հրեշտակապետի, մասնակցությունը էպոսի կենտրոնական միջադեպերում կարող է կապված լինել, ինչպես հնագույն հավատալիքների, այնպես էլ Նորկտակարանյան պատումների ազդեցության հետ:
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան
Աղբյուրներ՝ Սասնա ծռեր, հատ. Ա, Երևան, 1936:
Հ.Համբարձումյան, Պատում, մոտիվ, գրքային ավանդույթ, Երևան, 2018:
Մ.Աբեղյան, Երկեր, հատ.Ա, Երևան, 1966: