Շուտով կմեկնարկի տարվա գլխավոր գրական իրադարձություններից մեկը՝ Գրքի երևանյան փառատոնը: Փառատոնը տարեցտարի ընդլայնում է իր գործունեության շրջանակները: Փառատոնային օրերին անցակացվում է գրքի տոնավաճառ, լինում են գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ-աշխատաժողովներ գրողների, թարգմանիչների, խմբագիրների, հրատարակիչների հետ և, իհարկե, անցկացվում է գրական մրցանակաբաշխություն, որն գրեթե միշտ քննարկումների առիթ է տալիս: Art365-ը առանձնացրել է Գրքի երևանյան փառատոնի հետ կապված ուշագրավ փաստեր:
- Գրքի երևանյան փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2017 թվականին Հանրապետության հրապարակում գտնվող ԱԳՆ-ի նախկին շենքում:
- Փառատոնի գրական մրցույթում մրցանակների ամենաշատն արժանացած գրողը Արփի Ոսկանյանն է. նա հաղթել է 3 անգամ:
- Փառատոնի ամենաերիտասարդ մրցանակակիրը Խաչիկ Գրիգորյանն է: «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում նա մրցույթը հաղթել է 20 տարեկանում՝ 2022 թ.:
- Փառատոնի «ձայնը» լրագրող, ռադիոհաղորդավար Գուրգեն Ալեքյանն է:
- Գրքի երևանյան փառատոնի նախորդ տարիների պաստառներում պատկերված խորհրդանշական աչքը Եղիշե Չարենցինն է:
- Փառատոնի շրջանակում նկարահանված հոլովակներից ամենաշատ դիտումն ունի Բաբկեն Չոբանյանի ընթերցումը, որտեղ նա ներկայացնում է Հուսիկ Արայի «Եվ սերը ասաց» բանաստեղծությունը: Այն տարբեր հարթակներում դիտել է մի քանի միլիոն մարդ:
- Փառատոնի շրջանակում համերգներից և բացման-փակման արարողություններից բացի ամենամարդաշատ միջոցառումը եղել է «Թարգմանչի կինը. Նաիրա Զոհրաբյան» հանդիպումը: 130-տեղանոց դահլիճում ներկա էր 300-ից ավելի մարդ:
- Գրքի երևանյան փառատոնը առաջին անգամ միջազգային համարում է ունեցել 2022 թվականին՝ գրողների հրավիրելով 7 երկրից:
- Փառատոնին է նվիրված «Երևան» ամսագրի 72-րդ համարը, որը լույս է տեսել 2021 թվականին:
- 2023 թվականին Գրքի երևանյան վեցերորդ փառատոնը տեղի կունենա մայիսի 25-27-ը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: