• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ես Մանան Գարուկյանն եմ․․․

Ես Մանան Գարուկյանն եմ․․․

Արմատներս... Խարբերդից,Ղարսից և Անիից են, որոնք Մեծ Եղեռնի ժամանակ գաղթել են Հայաստան: Մորս մայրը և հայրը մեծացել են ամերիկյան որբանոցում: Տատիկս՝ Շուշանիկը, Գյումրու տեքստիլ գործարանի, այնուհետև գորգագործարանի տնօրենն էր երկար տարիներ: Հայրիկիս հայրը՝ Հայորդին, Վանաձորի առաջին Ծիածան լուսանկարչական ստուդիայի հիմնադիրն էր: Մեր ընտանիքում կա թե Գյումրու և թե Վանաձորի շունչը, քանի որ նախնիներս ապրել են այդ քաղաքներում:

 

Նկարչի ընտանիքում՝ արվեստագետի կողքին...ողջ գիտակցական կյանքում լինելով արվեստագետի ընտանիքում, հասկացել եմ, որ դու պարտավոր ես ապրել մեկ այլ՝ ոչ ֆորմալ իրականության մեջ: Մեր ընտանիքն իր տեսակով յուրահատուկ է եղել ու մնացել է այդպիսին…Մեզ բոլորիս միավորում է արվեստն ու երաժշտությունը, գեղեցիկը, ամենակարևորը՝ բարձր ճաշակը, որի հենքը՝  լավ կրթությունն է, կյանքի անցած ճանապարհից, ինչպես նաև փորձից, մեր կոլորիտային տեսակից և իդեալիստական մոտեցումներից: Ինձ մշտապես ուրախացրել է այն, որ մեր տանը կար հարգանք միմյանց նկատմամբ, հորս համար ապահովում էինք ներդաշնակ միջավայր, որպեսզի հանգիստ ստեղծագործեր: Գեղանկարիչ Հենրի Գարուկյանի ընտանիքում բոլոր առնչվել ենք արվեստի հետ։ Մայրս՝ Անահիտ Գարուկյանը, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական  ուսումնարանի բազմամյա երաժշտագետ-մանկավարժներից է, եղբայրս՝ Մուշեղը հայտնի դիզայներ՝ «Ստատուս  դիջիթալ» ընկերության արտ տնօրենը, ես՝ մենակատար ջութակահարուհի և «Նոր կվինտետ» -ի հիմնադիր, 1-ին ջութակահար, Մանանա գեղանկարչական ափսեների հեղինակ:

 

Հայրս՝ Հենրի Գարուկյանը միշտ ասում էր...Մարդու հնարավորություններն անսահման են, նա կյանքի ընթացքում բացահայտում է դրանց առավելագույնը 3%-ը…Այդպիսով, մեզ բոլորիս դրդում էր ինքնաբացահայտվել կարողությունների և թաքնված տաղանդի կամ շնորհի առումով: Եվ երկրորդ սիրած արտահայտությունը՝ դու քո գործն արա սիրով, հավատքով, նվիրվածությամբ և ամենակարևորը որակով, մնացածը՝ կտրվի:

 

Գեղանկարչությունն ինձ տվել է... հանգստություն: Կան, իհարկե, բարդ ճանապարհներ հասնելու ցանկալիին, պատկերացման և արդյունքի հասնելու միջև այնքան դժվարությունների ես հանդիպում, որ ցանկանում ես կանգ առնել, հետո նորից մղվում ես առաջ…Մի ընդհանրական խոսքով, գեղանկարչությունը տալիս է այն լույսը, այն իրական երջանկությունը, որը օգնում է քեզ կյանքի ամենադժվար իրավիճակներում հաղթահարելու ինքդ քեզ ՝ ձևավորելով իմաստալից ու գունեղ կյանք:

 

Երաժշտությունն ինձ դարձրել է...Երաժշտության մեջ եմ դեռևս չծնված ժամանակներից։ Մայրս մշտապես երաժշտության մեջ էր, երիտասարդ տարիներին, հղիության ժամանակ լսել է միայն Յ.Ս. Բախ, որը նրա երաժշտագիտական դիպլոմային աշխատանքի թեման էր կոնսերվատորիայում: Երևի  դա է պատճառը, որ իմ մեկնաբանմամբ Բախի ստեղծագործություններն այդքան հաջողված են: Երաժշտությունն իմ մշտական ընկերն է, կյանքի կարևորագույն մասը, որտեղ ես ինձ իսկապես լավ եմ զգում, ներդաշնակ ու բավարարված: Այն իմ մեջ նաև կոփեց կամքի ուժ, դարձրեց առավել բարի ու դիմացիններին հասկացող, զգացող և  կարեկցող…Անհնարին է միաժամանակ լինել երաժիշտ ու վատ մարդ, երաժշտությունը հաստատ քեզ փոխանցում է աստվածահաճո որակներ:

 

Երաժշտական շատ գործիքներ կան, բայց ջութակը...ես նրան ընտրեցի յոթ տարեկանից, երբ ընդունվեցի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց, այնուհետև ավարտեցի Ռ. Մելիքյանի անվ. երաժշտական ուսումնարանն ու Կոմիտասի անվ պետական կոնսերվատորիան: Ուսանողական տարիներից սկսած աշխատում էի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբում, մեկնում հյուրախաղերի և բազում համերգների մասնակից էի: Այդ ամենի մեջ հարց էի տալիս ինձ՝ ինչո՞ւ հենց ջութակը…Վստահաբար կարող եմ ասել, այն իր հնչողությամբ իմ ներքին ձայնն է, իմ ներաշխարհի վառ արտահայտչամիջոցը:Երջանիկ է այն մարդը, ով ճիշտ  ընտրություն է կատարում թե՛ երաժշտական գործիքների, և թե՛ իր մասնագիտության հարցում: Թագուհի-գործիքի մեջ տեսնել ինքդ քեզ, զգալ նրան, ընկերանալ նրա հետ․ ահա սա է իմ էներգիայի աղբյուրը… Բարդագույն գործիքը դարձավ կյանքիս ուղեկիցն ու իրական, անդավաճան ընկերը:

Իմ կյանքի «Նոտա»-ները...Այդպես ստացվեց, որ 2002 թ․-ին, մի շարք համախոհ արվեստագետներով, որոնց թվում էր նաև հայրս, կազմավորվեց մեր «Նոտա»  մշակութային-բարեգործական Հկ-ն:

 

 Այն ծառայում էր ՀՀ հաշմանդամ, թոշակառու և փախստականի կարգավիճակ ունեցող երաժիշտների բազմաթիվ խնդիրների լուծմանը, սկսած առողջականից մինչև մշակութային:15 տարի իրականացնելով ակցիաներ, մշակութային և սոցիալ-հոգեբանական միջոցառումներ, նպաստեցինք այդ մարդկանց կյանքի որակի բարելավմանը:Հետաքրքրականն այն էր, որ մեր նավի անունը կոչելով «Նոտա», անմասն չմնացի նաև որպես երաժիշտ և շատ համերգներ կազմակերպեցի, որոնց  ինքս մասնակցում էի որպես ջութակահար:Այդ տարիներին ձևավորվեց իմ սիրելի երաժշտախումբը ՝ «Նոր կվինտետ»-ը, որի բարեգործական համերգներն անցան Երևանի և ՀՀ մարզերի լավագույն բեմերում: Սա առանձնահատուկ օրիգինալ խումբ է, որն ապրեց մոտ 7 տարի:Հիմա մեծ պաուզայից հետո փորձում ենք վերականգնել կազմը՝ վերանայելով նախկին ծրագրերն ու ստեղծելով նորերը: Շարունակական անդրադարձը կատարողական արվեստին զարգացման մեծ հնարավորություններ է ընձեռում, երաժշտությունը բուժում է մարդուն հոգեպես և ֆիզիկապես, դարձնում ամուր ու կեսունակ:

 

Կյանքն առանց նոտաների...Կյանքին գույն ու օդ հաղորդողը դու ես: Լինեն դժվար օրեր, թե թեթև, պետք է կարողանալ լցնել այն:Իսկ դա արվում է արվեստի, գրականության, մի որևէ հոբբիի, կամ սիրած զբաղմունքի միջոցով: Դրանք կարելի է կոչել նոտաներ  կամ երաժշտական հնչյուններ, որոնք փոխում են իրականությունն ու նոր երանգ ստեղծում: Իսկ նոտաների հարմոնիկ, գրագետ դասավորվածության միջոցով մենք ստանում ենք երաժշտություն: Արվեստի բոլոր ճյուղերից այն ամենաարագն է ազդում մարդու վրա, իսկ առանց դրա մենք կմնանք անկշռելիության մեջ, առանց կարևոր մագնիսի:

 

Նարեկացուց մինչ Բախ ու ժամանակակից մարդ, շատ ժամանակներ ու տարածություններ են ընկած, սակայն...Հայի համար Նարեկացին այն մեծագույն արժեքն է, հոգևոր այն գագաթը, որտեղ տրվում են մեծաքանակ հարցերի պատասխաններ: Սրտի խորքից խոսք Աստծո հետ, «Նարեկ» -ը կամ «Մատյան ողբերգության» պոեմը դարձավ հայրիկիս գաղափարի հենքը, որի մտահղացման հիման վրա իրականացրել եմ մի նախագիծ ՝ «Նարեկացուց մինչև Բախ»: Յ.Ս. Բախի մենանվագ ջութակի սոնատներից, պարտիտներից և «Նարեկ»-ի հատվածաբար ներկայացման,ն ախագծի գաղափարի իրականացման համար  պահանջվեց հինգ տարի: Ծրագիրն ուներ  մեկ նպատակ․ նպաստել երկու մեծությունների մշակութային երկխոսության կայացմանը խոսքի և երաժշտության լեզվով՝ ի բարօրություն կրթված երիտասարդության: Նախագծի պրեմիերան կայացավ 2016 թ․-ի հոկտեմբերին՝ Կոմիտաս թանգարան–ինստիտուտում, անվանի արտիստ Մակիչ Մարգարյանի բեմականացմամբ և մեր երկուսիս մասնակցությամբ: Նարեկացին ու Բախը բոլոր ժամանակների համար են, բացառված է այստեղ «ժամանակակից մարդ» արտահայտությունը: Այս ամենը համամարդկային է ,բոլոր ժամանակների համար և գրավում է մարդկանց սիրտն ու հոգին, լցնում մեծագույն  հարստությամբ ու տալիս բոլոր հարցերի պատասխանները, դառնում սպեղանի …

 

Ապակի կամ կերամիկա գումարած գեղանկարչություն, հավասար է...հոբբի կամ սիրած զբաղմունքներիցս մեկը: Հորս կորցնելուց հետո ներսումս հավաքված ցավն ու դատարկությունը ինձ ինքնաբերաբար տարավ արվեստանոց, նրա թողած մի քանի ապակյա ափսեներն ու կերամիկական ներկերը վերցրեցի և սկսվեց իմ նոր շնորհի բացահայտումը: Հաճելի, բայց բարդ աշխարհ էր, քանի որ ակադեմիական նկարչական կրթություն չունեի:Դրա փոխարեն ես ունեի հորս դասերը։  Հետաքրքիրն այն էր, որ ես էի սիրահարվել այդ ամենին: Որպես ինքնարտահայտման, ինչպես նաև հոգեթերապևտիկ նոր միջոց գեղանկարչությունն անհամեմատելի էր…Նման ներդաշնակ վիճակ վաղուց չէի ապրել։ Հոբբիի բերած արդյունքները եղան 4 անհատական ցուցահանդեսները, որոնք ուղեկցվում էին իմ ու ընկերներիս հետ համատեղ համերգներով։ Եղավ նաև արտերկրի կոլեկցիոներների հետաքրքրությունն ու, ի վերջո, վաճառքը:

 

Ժամանակակից արվեստագետը Հայաստանում ամեն օր բախվում է...Ամեն ինչ սկսվում է սոցիումից, խախտված են բարոյահոգեբանական նորմերն ու տիրում է քաոս: Արվեստագետը առաջինը պետք է լինի ներդաշնակ ինքն իր հետ, հետո նոր հասարակության, նախևառաջ բացակայում է հանգիստ միջավայրը: Ես կարծում եմ մինչև չլուծվեն շատ հասարակական-քաղաքական խնդիրներ, մենք մշակութային կյանքում չենք կարող ունենալ ինքնաբավ արվեստագետներ: Ելքերն եմ փնտրում։ Ես անկախ երաժիշտ-նկարիչ եմ, մտածմունքներս շատ են, բայց գիտեմ,որ երկար այս ամենը չի կարող շարունակվել, ցանկացած անելանելի իրավիճակից կա նվազագույնը երկու ելք: Եթե ինձ հարցնեին ինչ ճանապարհներ եմ տեսնում արվեստագետի  այսօրվա լիարժեք ստեղծագործելու և իր աշխատանքը ապրուստի միջոց դարձնելու համար, կասեի, որ առաջին հերթին պետք է լսելի լինի նրա ձայնը պետական մարմինների մոտ, քննարկվեն հիմնախնդիրներն ու տրվեն լուծման ուղիները: Արտասահմանում պետությունը տարեկան լուրջ դրամական աջակցություն է տրամադրում բոլոր ցանկացող անհատ արվեստագետներին, որպեսզի նրանք կարողանան ստեղծագործել: Պետք է  կրթել միջազգային որակի մասնագետներ և հետո ձևավորել լուրջ պրոդյուսերական կենտրոն, որը կզբաղվի բարձրաճաշակ երաժշտության հանրայնացմամբ, որտեղ էլ  մեծ դեր է խաղում մեդիան: Ահա այս ամենն է բացակայում մեր իրականության մեջ, անտեսված են շատ հանրահայտ և ոչ միայն, արվեստի նվիրյալներ և  անհատականություններ:

 

Սակայն երջանկություն է, ապրել ու լինել...այն ընտանիքում, որտեղ ծնվել եմ, լինել սիրված ու գնահատված հանդիսատեսի կողմից: Արվեստի  հանդեպ մեծ սերն ինձ ստիպում է առաջ գնալ, կոտրելով շատ պատնեշներ,ինչը և հզորացնում է ինձ: Այդ խոչընդոտների վերացումն ու նպատակներին դանդաղ, բայց հիմնավոր քայլերով հասնելը ինձ երջանկացնում է։

 

Ես ուզում եմ...տեսնել Հայաստանը մաքուր, գեղեցիկ, խնամված…Մարդկանց հոգիներում բարություն ու հարգանք: Ուզում եմ այսօրվա քաղաքացին այնքան զարգացած լինի, որ հասարակ էթիկետին տիրապետելուց բացի, սնվի բարձրաճաշակ արվեստով, ունենա գեղագիտական ճաշակ:Դրա համար ելման կետերը պիտի լինեն դպրոցն ու բուհը, որակյալ կրթությունը…Հանապազորյա հացից բացի շատ ավելի կարևոր հարցեր կան մարդու կյանքում: Շատ կցանկանայի, որ ստեղծվի այնպիսի միջավայր, որպեսզի լավ մասնագետներն ու  վառ անհատականությունները չցանկանան դուրս գալ Հայաստանից, մնան, արարեն ու զարգացնեն Հայաստանի մշակութային կյանքը:

 

Ես Մանան Գարուկյանն եմ...և մանանայի նման կուզենամ քաղցրացնել մարդկանց այսօրվա դժվարին կյանքը, թեթևացնել գոնե մեկ ժամով նրանց հոգսերը, լինել իրենց հոգու ընկերը… Ես մեկն եմ ամբողջի կամ ամբողջից մեկը…

shushan karapetyan

13.09.2022

ես եմ, Երաժշտություն, Արվեստ

Ես եմ

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.