Հայ ժողովրդական, նաև հայրենասիրական երգերի անկրկնելի կատարող, բանահավաք, հայ ազգային երգի հանրայնացնող Հայրիկ Մուրադյանի երգացանկում առանձնանում է «Մոր հրավեր ի մարտ» երգը, որը նաև հայտնի է «Զինվորի մոր երգը» վերնագրով, բայց ավելի շատ երգի սկզբնատողով՝ «Զարթի՛ր որդյակ»։ Այս ինչպես նաև ռազմահայրենասիական այլ նշանավոր երգերի՝ «Վերջալույսին», «Մի լար, բլբուլ», «Զարթիր, լաօ» «Զեյթունցի ենք մենք», «Ձայն մը հնչեց» «Ով որ քաջ է», «Թիփի, բորան», «Հայրենի՛ք, սիրելի՛» մասին Հայրիկ Մուրադյանը նշում է․
«Այս ժողովրդական հայրենասիրական երգերի լավագույն կատարողներն էին Կոռովանք գյուղացի Հարություն Գլանյանը (Կօռօվանից Հարօ), վախճանված Բաքուբայում (Իրաք) 1920 թվականին՝ 70 տարեկան հասակում, Սինամ մայրիկը, վախճանված Արտաշատի Ղույլասար (Դիմիտրով) գյուղում՝ մոտ 60 տարեկան հասակում, Զոզան մայրիկս, վախճանված Արտաշատի Դարղալու (Գինեվետ) գյուղում 1924 թվականին՝ մոտ 46 տարեկան հասակում և ուրիշներ։ Պատիվ ենք ունեցել աշակերտելու Շատախցի խիզախ ռազմիկ, հայրենասեր Հարություն Գլանյանին, նրանից սովորել գրաբար, նրա անզուգական կատարմամբ լսել այս երգերը։ Հարօն իր հերթին աշակերտել է թաղեցի ավագ քահանա տեր Նաթանին, որից սովորել է այս երգերի մեծ մասը»։
Վանեցի հոգևորական նաև ազգագրագետ Պողոս վարդապետ Նաթանյանի հեղինակած այս հայրենասիրական երգը կարելի է դասել ռազմի ու զինվորի երգերի շարքին, որոնք ստեղծվել են 19-րդ դարի երկրորդ կեսին՝ ազգային-ազատագրական պայքարի սկզբնավորման շրջանում։ Երգը սիրվել ու տարածվել է ժողովրդի մեջ, համարվել ժողովրդական։ Այս մարտակոչ-երգով մայրը արթնացնում կամ սթափեցնում է որդուն և նրան կռվի ճանապարհում։ Հայրենասեր մայրը անձնազոհության կոչ է անում որդուն։
Հայրիկ Մուրադյանի կատարումը լավագույնս ներկայացնում է այն ապրումները, որ կարող է ունենալ որդուն կռվի ճանապարհող մայրը՝ սեր, գորովանք, զսպված ցավ, սակայն հպարտություն՝ հանուն հայրենիքի զոհաբերության պատրաստ որդի ունենալու համար։ Երգի բառերը հայտնի են տարբեր խմբագրումներով․
Զարթիʹր որդյակ, հուշ բեր, վեր կաց,
Պատերազմի փողն հնչեց,
«Զարթիʹր,- գոչեց ձայնն հայրենյաց,-
Կենացմահու ժամն հնչեց»։
Պատրաստել եմ քո զենքերը,
Եվ քո գոտին ոսկեթել
Եվ մի պսակ ոսկե փետուր
Երկինք կանխե պատրաստել։
Հավաքել եմ քո զենքերը,
Ահա գլխիդ վերև կան՝
Ինչպես երբեմն քո գրքերը՝
Երբ կ՛երթայիր վարժարան։
Ելիʹր կապեմ սուրը մեջքիդ,
Ասպար կախեմ քո ուսեդ,
Եվ սուրբ դրոշակ հայրենիքիդ,
Թող ծածանի աջ թևեդ։
Միթե դուն չե՞ս հիշեր, երբ որ
Գրիչ ու թուղթ տվի քեզ,
Փոխան դոցա, ըսի մի օր
Ուրիշ բաներ կու տամ քեզ:
Ահա, փոխան գրչի՝ քեզ սուր,
Փոխան թղթի՝ կռվի դաշտ,
Ազգի համար, գնա, կյանքդ տուր,
Քո մայր ժպտի երկինք հաշտ։
Քանի տարի կերակրեցի
Մինչ հասակդ այդ առիր,
Բարձր հասակիդ մայրդ մեռնի
Դուն ալ քու ազգիդ մեռիր։
Ուշագրավ է, որ այս երգը շատ տարածվել է Քեսաբի բանահյուսության մեջ և սկսել կատարվել հարսանիքների ժամանակ։ Երգը կատարվել է նաև այն բոլոր վայրերում, որտեղ հաստատվել են քեսաբցիները։ Հարսանիքից անմիջապես առաջ, երբ փեսան պատրասվել է եկեղեցի գնալ, տղամարդիկ շրջապատել են փեսային ու քավորին և երգել «Զարթիր որդյակ» երգից չորս տուն։ Յուրաքանչյուր տան վերջում տղամարդիկ գոչել են «Աստուծ շենեֆերի» («Աստված օրհնի»)։ Այս ընթացքում փեսայի ամուրի ընկերները ձևացրել են, թե զգեստավորում են փեսային, իսկ կնքահայրը երեք անգամ ժամացույցի սլաքի ուղղությամբ և երեք անգամ՝ ժամացույցի սլաքին հակառակ փեսայի գլխավերևում պտտել է նրա հագուստի որևէ մաս, ապա հագցրել։
Երգի՝ հարսանեկան ծեսի ժամանակ կիրառությունը կապում են նաև ռազմական ու քաղաքական գործիչ Դրոյի կենսագրության մի դրվագի հետ, թե ինչպես նա ամուսնությունից անմիջապես հետո լուր ստանալով Նիկոլ Դումանից՝ մեկնում է ռազմաճակատ։ Ըստ այդմ էլ հստակ է այս ծեսի ու երգի ուղերձը՝ հայ տղամարդը կյանքի բոլոր հանգամանքներում, նույնիսկ ամենաերջանիկ պահերին պետք է պատրաստ լինի հայրենքի պաշտպանությանը։
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան
Աղբյուրներ՝Հայրենի երգեր, Հայրիկ Մուրադյաի ձայնից վերծանեց Ալինա Փահլևանյանը, Երևան, 2018։
Դպրոցական երգարան, Ա պրակ, Պլովդիվ, 1934