Վիլյամ Սարոյանի ամենից նշանավոր ու սիրված գործերից մեկը՝ «Մարդկային կատակերգություն» նշանավոր վեպը, որը հրատարակվել է 1943 թվականին, համարվում է հակապատերազմական հզոր խոսք` ուղղված մարդկությանը։ Հեղինակը՝ իրեն բնորոշ պարզ ու անպաճույճ ոճով, հերոսների միջոցով խորհրդածում է ոչ միայն պատերազմի աղետալի ազդեցության այլ ընդհանրապես մարդու ու մարդկայինի նուրբ ու խորը հարցերի շուրջ։ Եվ այս համատեքստում պատերազմը, ոչ թե մարդու հոգում ու վարքում տեղի ունեցող բարդ փոփոխությունների պատճառ է, այլ՝ հետևանք։ Մարդու մենակությունը, տխրությունը, սրանց հետանքով առաջացող բարդույթներն ու վիրավորվածությունն են, ըստ հեղինակի, բռնություն ծնում, դառնում այլ մարդկանց ճակատագրերի խեղման պատճառ։ Այս ամենի կանխման միակ ու զորավոր միջոցը սերն է մարդու նկատմամբ՝ անկախ բոլոր նախապաշարումներից ու կասկածներից։ Նաև այն ընկալումը, որ մարդկությունը մի մեծ մարմին է՝ հազարավոր անտես թելերով միմյանց կապված մասերով, իսկ կողքիդ ապրող նույնիսկ մեկ մարդուն ցավ պատճառելը անդառնալի ազդեցություն է ունենում այդ ընդհանրական մարմինի ճակատագրի վրա։ Ներկայացնում ենք այս նաև մարդասիրական այլ կարևոր գաղափարներ՝ բարություն, կարեկցանք, լավատեսություն, հավատ, ամփոփող հատվածներ «Մարդկային կատակերգություն» վեպից, որոնք ապրեցնում ու լավատեսություն են հաղորդում դժվար օրերում, ջերմացնում են հոգին ու օգնում հաղթահարել հիասթափությունը մարդուց։ Ուշագրավ է, որ այս ասույթներից շատերը հնչում են երիտասարդ հերոսների մոր բերանից և թերևս պատահական չէ, որ գրողն իր այս վեպը ձոնել է մորը՝ Թագուհի Սարոյանին։

Բայց քանի դեռ մենք ապրում ենք, քանի դեռ միասին ենք, քանի դեռ մեզնից թեկուզ երկուսը կան և հիշում են նրան, աշխարհում ոչ մի բան չի կարող խլել նրան մեզնից։ Մարմինը միայն կարող են խլել, բայց ոչ նրան։ Դուք ձեր հորը ավելի լավ կճանաչեք, երբ մեծանաք և ինքներդ ձեզ ավելի լավ ճանաչեք։ Նա մեռած չէ, որովհետև դուք ողջ եք։ Ժամանակը և պատահականությունը, հիվանդությունն ու հոգնությունը նրա մարմինը տարան, բայց դուք նրան արդեն վերադարձրել եք՝ ավելի երիտասարդ և ավելի կենսունակ։
Բարին երբեք չի մահանում։ Եթե մահանար՝ աշխարհում մարդիկ գոյություն չէին ունենա, ոչ մի տեղ կյանք չէր չինի։ Իսկ աշխարհը լեցուն է մարդկանցով և հրաշալի կյանքով։
— Գետնի տակի խլուրդները,— պատասխանեց մայրը,— երկնքի թռչունները, ծովի ձկները բոլորը կյանքի մասն են, մեր կյանքի մասը։ Ապրող ամեն ինչ մեզնից յուրաքանչյուրի մասն է։ Նույնիսկ շատ բաներ, որոնք մեզ նման չեն շարժվում, մեր մասնիկներն են։ Արևը մեր մասն է, ինչպես նաև հողը, երկինքը, աստղերը և օվկիանոսները։ Այդ ամենը մեր մասն են, և մենք ստեղծվել ենք, որպեսզի դրանք վայելենք և դրանց համար աստծուն շնորհակալ լինենք։
— Հիշեցե՛ք,— ասաց մայրը բոլորին,— ձեր ունեցած ամեն ինչից պետք է բաժին հանեք ուրիշներին։ Դուք պետք է տաք նույնիսկ, երբ թվում է, թե տալը խենթություն է։ Այդ ժամանակ ոչ ոք և ոչ մի բան ձեզ խաբելու ուժ չի ունենա, որովհետև եթե գողին տաք, նա ձեզնից չի գողանա, և արդեն գող չի լինի։ Եվ ինչքան շատ տաք, այնքան ավելի շատ բան կունենաք տալու համար։
Թեև ցրիչը վատ էր զգում իրեն, բայց շարժվել չէր կարողանում։ Նա ոչ սեր էր զգում, ոչ ատելություն, նրան համակել էր զզվանքի նման մի բան, բայց միևնույն ժամանակ մեծ կարեկցանք. կարեկցանք ոչ միայն այդ խեղճ կնոջ, այլ ամեն ինչի նկատմամբ։ Հեռավոր անցյալի մեջ նա տեսավ երիտասարդ, գեղեցիկ մի կին, որը նստել էր որդու օրորոցի մոտ։ Նա տեսավ կնոջ հայացքը՝ ուղղված այդ հրաշալի մարդկային մարմնին, որը թեև անխոս էր ու անօգնական, բայց լեցուն էր գալիք մի ողջ աշխարհով։ Նա տեսավ, թե ինչպես կինը օրորում է երեխային և երգում։ «Տե՛ս այդ կնոջը»,— ինքն իրեն ասաց նա։ Եվ ահա նա արդեն հեծանիվի վրա էր։ Մութ փողոցով սուրում էր գժի նման։ Աչքերից արցունքներ էին հոսում, իսկ շուրթերը արտասանում էին մանկական ոխ խենթ հայհոյանքներ։ Երբ հեռագրատուն հասավ, արցունքներն արդեն չորացել էին, բայց հոգում ծնունդ էին առել նոր բաներ, և տղան զգում էր, որ դրանք անհնար է կասեցնել. «Եվ պետք էլ չէ, այլապես ես նույնպես մեռած կլինեմ,— բղավեց նա այնպես, կարծես խուլի հետ խոսելիս լիներ»։
— Քեզ համար ամեն ինչ փոխված է, բայց միաժամանակ նույնն է։ Մենությունն ու թախիծը, որ դու զգում ես, այն պատճառով է, որ այլևս երեխա չես։ Բայց ամբողջ աշխարհը միշտ լեցուն է եղել այդ մենությամբ ու թախիծով։ Մենությունը պատերազմից չէ։ Պատերազմը չէ, որ այն ստեղծեց։ Ընդհակառակը, մենությունից ու թախիծից առաջացավ պատերազմը։ Ամեն ինչի մեջ գոյություն ունեցող հուսահատության զգացումն է այդ, աստծո շնորհի պակասը։ Մենք միասին կլինենք։ Մենք շատ չենք փոխվի։— Նա մի պահ մտածեց և հետո ասաց այն, ինչ բոլորովին անսպասելի էր։— Եթե ինձ էլ մի այնպիսի լուր գա, ինչպիսին մեքսիկացի կնոջն է եկել այս գիշեր, ես կհավատամ դրա խոսքերին, բայց ոչ իմաստին։ Լաց լինելու կարիք չեմ զգա, որովհետև գիտեմ, որ իմ որդուն մահ չկա։
Ես չեմ խաբվում ոչ բարեկիրթ և ոչ էլ վատ ձևերից։ Ինձ հետաքրքրում է, թե իսկապես ինչ կա այդ ձևերի տակ։ Ինձ համար կարևորը այն չէ, որ իմ աշակերտը հարուստ է, թե աղքատ, կաթոլիկ է, բողոքական, թե` հրեա, սպիտակ է, սև, թե` դեղին, սրամիտ, թե` բթամիտ, հանճարեղ, թե` պարզամիտ։ Կարևորն այն է, որ նա մարդ լինի, ունենա սիրտ, սիրի ճշմարտությունն ու պատիվը, հարգի նրանց, ովքեր իրենից ցածր են գտնվում, և նրանց, ովքեր իրենից բարձր են։ Եթե իմ աշակերտները մարդ լինեն, այդքանը բավական է։ Ես չեմ ուզում, որ նրանք նման լինեն իրար։ Ես ուզում եմ, որ իմ աշակերտներից յուրաքանչյուրն իր դեմքն ունենա։ Չեմ ուզում, որ դու, Հոմե'ր, լինես ուրիշի նման՝ ինձ հաճոյանալու կամ իմ աշխատանքը հեշտացնելու համար։ Ձանձրալի է այն դասարանը, որտեղ բոլորը փոքրիկ օրիորդներ ու ջենթլմեններ են միայն։ Ուզում եմ, որ իմ երեխաները մարդ լինեն, յուրաքանչյուրը՝ տարբեր, յուրաքանչյուրը՝ յուրահատակ, յուրաքանչյուրը՝ հաճելի և հետաքրքրական տարբերակը բոլոր մյուսների։
— «Ներկա եղիր մեր սեղանին, ով տեր»,— բացատրեց Հոմերը,— դա նշանակում է մեր սեղանին ներկա եղիր, ով տե՛ր։ «Տեր» պետք է որ շատ բան նշանակի, բայց ինչ որ նշանակում է, լավ է. «Այստեղ և ամենուր պաշտելի եղիր», նշանակում է, թող լավ բաները սիրելի լինեն այստեղ և ամեն տեղ։ «Օրհնիր ամենքիս», նշանակում է մեզ, այսինքն՝ ամեն մարդու։ «Օրհնիր»... «Օրհնիր». օրհնիր գուցե նշանակում է ներիր, կամ գուցե սիրիր, կամ հսկիր և կամ դրա նման մի բան։ Վստահ չգիտեմ, հավանաբար դրա նման մի բան է։ «Եվ տար մեզ քո տուն, որ խնջույքի նստենք քեզ հետ դրախտում». նշանակում է այն, ինչ նշանակում է, այսինքն՝ շնորհ արա՛, որ քեզ հետ դրախտը վայելենք։
Թարգմ․՝ Գր․ Քեշիշյանի