Ավարայրի հերոս, հայոց սպարապետ Սուրբ Վարդան Մամիկոնյանի գործն ու անունը հավերժացել են Եղիշե պատմիչի «Վարդանի և հայոց պատերազմի մասին»(«Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին») նշանավոր երկիում: Վարդանի ու նրա կողմնակիցների՝ Վարդանանց նվիրումը հավատին ու հայրենիքին, անձնազոհությունն ու սխրանքը, դարեր շարունակ ոգեշնչման զորեղ աղբյուր են եղել ու մնում են հայ ժողովրդի համար: Եղիշե պատմիչը իր պատմության պատվիրատուին ուղղված խոսքում գրքի նշանակության մասին ասում է.
«Որ և մենք քո հրամանի հետ ընդունելով՝ հոժարությամբ սկսեցինք այս բանը, որ սիրելիների համար մխիթարություն է, հուսացողներին՝ հույս, քաջերին՝ քաջալերություն, որոնք հոժարակամ հարձակվում են մահվան վրա՝ առաջները տեսնելով հաղթության զորագլխին, որը ոչ ոքի թշնամությամբ չի արհամարհի, այլ բոլորին սովորեցնում է իր անպարտելի ուժը: Եվ ահա՛, ով որ կամենա՝ կընդունվի որպես քաջ զինվոր: Եվ քանի որ նահատակություն բառը բազմանշանակ է, նա էլ բազմապիսի շնորհներ է բաժանում բոլորին, որ և աննենգ սրտի սուրբ սերն ամեն բանից մեծ ենք ճանաչում»:
Այս սեղմ խոսքում հեղինակը նշում է իր պատմության ստեղծման նպատակը, հիմնական ուղերձներն ու խորհուրդները: Էլ ավելի այս գաղափարները Եղիշեի գործում բյուրեղանում են հատկապես պատմության հինգերորդ եղանակում, որը գրքի բովանդակային գագաթնակետն է: Այստեղ նկարագրվում է Ավարայրի ճակատամարտը, բայց մինչ այդ, բանակի ու ժողովրդի առջև իրենց ազդեցիկ խոսքն են ասում Սուրբ Վարդան Մամիկոնյանն ու Ղևոնդ Երեցը: Պատերազմի նշանակության ու հերոսի փառքի, կյանքի ու նահատակության խորհուրդների, քաջության ու վախկոտության մասին Սուրբ Վարդան սպարապետի խոսքը՝ ներկայացնելով հանդերձ հեռավոր ժամանակների իրողություններ, արդիական ու ոգեշնչող է բոլոր ժամանակներում: Այս խոսքում մեր առջև հառնում է Վարդանի առինքնող կերպարը՝ որպես հավատացյալ հայ մարդու, պատասխանատվությունից չխուսափող պետական այրի, քաջ զորապետի ու անձնազոհ մարդու: Վարդանանց տոնին ընդառաջ ներկայացնում ենք հատվածների Սուրբ Վարդան Մամիկոնյանի Ավարայրի դաշտում ասված խոսքից:
Ով փախչում էր, վատանուն էր երևում աշխարհում և նրանից անողորմ մահ էր ստանում. իսկ ով քաջությամբ առաջ էր ընկնում, քաջ անուն էր ժառանգում և մեծամեծ պարգևներ էր ստանում անցավոր ու մահկանացու թագավորից։
Իսկ արդ՝ եթե մահկանացու հրամանատուի համար այնպիսի քաջ գործեր էինք կատարում, ինչքա՛ն ավելի ևս [պետք է կատարենք] մեր անմահ թագավորի համար, որ տերն է կենդանիների և մեռելների և բոլոր մարդկանց դատելու է իրենց գործերի համեմատ։ Չէ՞ որ եթե խիստ շատ ապրելով ծերանամ, միևնույն է՝ այս մարմնից պետք է բաժանվենք, որպեսզի մտնենք կենդանի Աստծու մոտ, որից այլևս չպետք է բաժանվենք։
Չերկնչենք ու չվախենանք հեթանոսների բազմությունից և ոչ էլ մահկանացու մարդու ահռելի սրի դեմ թիկունքներս դարձնենք. որպեսզի եթե Տերը հաղթությունը մեր ձեռքը տա, ոչնչացնենք նրանց զորությունը, որպեսզի բարձրանա ճշմարտության կողմը. իսկ եթե հասել է ժամանակը մեր կյանքը սուրբ մահով ավարտելու այս պատերազմում, ընդունենք ուրախ սրտով, միայն թե արիության ու քաջության մեջ վախկոտություն չխառնենք։
Նա, որ կարծում էր, թե մենք քրիստոնեությունն իբրև զգեստ ունենք հագած, այժմ չի կարողանում մեզ փոխել, ինչպես մարմնի գույնը [չի կարելի փոխել], գուցե այլևս չկարողանա էլ մինչև վերջը։ Որովհետև սրա հիմքերը հաստատ կերպով դրված են անշարժ վեմի վրա, ո՛չ թե երկրի վրա, այլ վերևում՝ երկնքում, ուր ո՛չ անձրևներ են գալիս, ո՛չ քամիներ են փչում և ո՛չ էլ հեղեղներ հարուցանում։ Եվ մենք էլ, թեպետ և մարմնով երկրի վրա ենք, բայց հավատով երկնքում ենք հաստատված, որտեղ ոչ ոք չի կարող հասնել քրիստոսի անձեռագործ շինվածքին։
Հաստատ մնացեք մեր անդրդվելի զորագլխի վրա, որ երբեք չի մոռանա ձեր քաջագործությունները։ Ո՛վ քաջեր, մեզ համար մեծ շնորհ է այս, որ աստված կատարեց մեր բնության միջոցով, որի մեջ և մեծապես երևում է աստծու զորությունը։ Որովհետև եթե ուրիշներին կոտորելով աստվածային օրենքի համար՝ մեզ պարծանք ժառանգեցինք և մեր ազգատոհմի քաջ անունը եկեղեցուն թողինք, և վարձի ակնկալությունը Տիրոջից է, որ պահված է մեզնից ամեն մեկի համար իր սրտի հոժարության և կատարած գործերի համեմատ, ինչքա՛ն ավելի ևս, եթե մենք մեռնենք մեր տեր Հիսուս Քրիստոսի մեծ վկայության համար, որ նույնիսկ երկնավոր հրեշտակներն են ցանկանում, եթե հնար լիներ:
Եվ ահա եկել-հասել է ժամանակը, որ ամեն մի կեղտ կոչված բան հեռացնենք մեզանից։ Այն ժամանակ իբրև մի վշտալից սգավոր՝ հոգով ու մարմնով տրտմած էինք, այսօր երկուսով էլ զվարթացած ու զգաստացած՝ առհասարակ խելամիտ ենք դարձել. որովհետև բարերար տիրոջն էլ տեսնում ենք մեզ հետ իբրև առաջնորդ. մեր զորավարը մարդ չէ, այլ բոլոր մարտիրոսների զորագլուխը։
Վախը թերահավատության նշան է. թերահավատությունը մենք վաղուց ենք մերժել մեզանից. նրա հետ թող վախն էլ փախչի մեր մտքերից ու խորհուրդներից:
Բնագրի աղբյուրը՝ Եղիշեի Վարդանանց պատմությունը, թարգմ. և ծանոթագ.՝
Ե. Տեր-Մինասյանի, Երևան, 1958