Շնորհակալություն Գարսիա Լորկային, որը մի անգամ ասաց, որ առաքյալների կերպարները համաչափ են, ինչպես թիթեռի թևերը․․․
Իսպանացի մեծ բանաստեղծի այս ուշագրավ դիտարկումը թերևս Սալվադոր Դալի «Խորհրդավեր ընթրիք» (՛Sacrament of the Last Supper) հայտնի նկարի ստեղծման առիթ են դարձել, սակայն ներշնչման աղբյուր են եղել Լեոնարդո Դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» նկարը, թվաբանությունն ու Նոր կտակարանը։
Վաշինգտոնի արվեստների ազգային պատկերասրահում պահվող այս նկարը Դալին ստեղծել է 1955 թվականին երեքամսյա ինտենսիվ աշխատանքով։ Մեկնաբանելով այս գեղանկարը Դալին այն բնութագրում է որպես՝ «12 թվի մեծության վրա հիմնված թվաբանական ու փիլիսոփայական տիեզերագիտություն»։
Ժամանակների մեջ ու ժամանակից վեր
Այս խորհրդավոր պատկերում մեր Տեր Հիսուս Քրիստոս Խորհրդավոր ընթրիքի ավանդական պատկերաշարի նմանությամբ նստած է սեղանի կենտրոնում և ներկայացնում է Սուրբ Հաղորդության խորհուրդը՝ հացի և գինու վերափոխումը փրկչական մարմնի ու արյան։ Ի տարբերություն այս թեմայով այլ հայտնի նկարների, աշակերտները խորհրդավոր ձյունաճերմակ, ժամանակակից թիկնոցներով են ու գլուխները խոնարհած։ Դալին աստվածաշնչային հայտնի դրվագը տեղադրել ժամանակակից ապակեպատ միջավայրում, որը մոդեռնիստական լուծում է։ Ինչը թերևս խորհրդանշում է տեղի ունեցողի վերժամանակայնությունը։ Մյուս տպավորիչ դրվագը պատկերում վեր խոյացող մարմինն է, որը նույնպես նորություն է և, ըստ ուսումնասիրողների, կարող է Սուրբ Հոգու խորհրդանիշը լինել։
Թվաբանություն և միստիկա
Նկարն առանձնանում է իր ճշգրիտ երկրաչափական կառուցվածքով։ Դալին օգտագործել է դոդեկաեդրի՝ կանոնավոր տասներկուանիստի երկրաչափական պատկերը, որն ընդգրկում է ամբողջ նկարն ու կապում երկինքն ու երկիրը, վերևն ու ներքևը։ Տասներկուանիստը համարվում է կատարյալ մարմին, որն ըստ հունական փիլիսոփայության ու նաև Սալվադոր Դալիի, ամփոփում է տիեզերական ներդաշնակությանը։
Լույսն ու ստվերը
Դալին մեծ վարպետությամբ լույսի ու ստվերի նուրբ համադրումներով մի համաչափ ու կատարյալ պատկեր է ստեղծել։ Փիլիսոփայական-աստվածաբանական բովանդակությունն այստեղ դրսևորվում է ոչ միայն երկրաչափական կանոնիկ ձևերին համապատասխանությամբ ու Նոր կտակարանյան պատումին համապատասխանությամբ, այլև ոսկու, երկնագույնի և սպիտակի համադրությամբ, ինչն անչափ տպավորիչ ու խորհրդավոր պատկերին պայծառություն և թեթևություն է հաղորդում։ Քրիստոս լույսերի մեջ է, իսկ աշակերտները՝ մասամբ ստվերի։ Լույսն ընկնում վերևից, կարծես կանխորոշելով Հարությունը։ Այստեղ Քրիստոս, ինչպես Դալիի քրիստոնեական թեմաներով այլ նկարներում է, խորհրդանշում է փրկության ճանապարհը, աստվածային սրբազան ներկայությունն ու տիեզերական ներդաշնակությունը։