Ինչո՞վ են կապվում Սթիվեն Սփիլբերգի հանրահայտ, օսկարակիր «Շինդլերի ցուցակը»(1994), Մարտին Սքորսեզեի նույնքան հանրահայտ «Նյու Յորքի ավազակախմբերը»(2002), «Իռլանդացին»(2019) և էլի շուրջ երկու տասնյակ նշանավոր ֆիլմեր ու մինի սերիալներ․ այս ֆիլմերի մեծ մասը պատմական կամ կենսագրական դրամաներ են, որոնց սցենարիստը նույն մարդն է՝ հայազգի, Ֆրեզնոյում ծնված Սթիվեն Զաիլյանը(Steven Zaillian, ծն․1953)։ Կինոաշխարհի ամենանշանակալի մրցանակների բազմակի հավակնորդ ու դափնեկիր, նաև օսկարակիր («Շինդլերի ցուցակը», 1994) Զաիլյանը զարմանալի արգասաբեր ստեղծագործական ընթացք է ունեցել։ Ծնվելով ռադիոլրագրող Ջեյմս Զաիլյանի ընտանիքում, Սթիվենը պատանեկան տարիքից հետաքրքրվում է կինոյով և ավարտում Սան-Ֆրանցիսկոյի համալսարանի կինոյի բաժինը։
Առաջին քայլեր
Կինոարտադրության մեջ աշխատել սկսում է 1980-ականներից։ Առաջին խոշոր աշխատանքը՝ «Բազեն և ձնեմարդը» (The Falcon and the Snowman,1985) ֆիլմն է, որտեղ ի հայտ եկան նրա սցենարական ձեռագրի հիմնական առանձնահատկությունները, որոնք պահպանվեցին ու հարստացան հետագա աշխատանքներում։ Պատմական, գրական կամ վավերագրական աղբյուներին հավատարմություն, հոգեբանական խորություն և համոզչություն, կերպարների դիմանկարների խորություն ու արժանահավատություն, դրամատիզմ։
Ողբերգության պատկերումը․ «Շինդլերի ցուցակը»
1980-ականների վերջին Սթիվեն Սփիլբերգը ձեռք է բերում Թոմաս Քենիլիի Schindler’s Ark գրքի էկրանավորման իրավունքները, սակայն երկար ժամանակ չի կարողանում սկսել նկարահանումները։ Տարբեր սցենարիստների հետ աշխատանքը արդյունք չի տալիս։ 1990-թվականին ռեժիսորը դիմում է Սթիվեն Զաիլյանին։ Այդ ժամանակ Զաիլյանն արդեն ճանաչված էր «Արթնացումներ» (Awakenings, 1990) ֆիլմով, որով ապացուցել էր, որ կարող է նման մասշտաբի պատմական ու զգայուն նյութի հետ աշխատել, հավաստի ու տպավորիչ փոխանցել պատմությունը։ Սցենարիստն աշխատում է մեկ տարի։ Սցենարը ստեղծելիս օգտվում է ոչ միայն Քենիլիի գրքից, այլև Հոլոքոստի վերաբերյալ տարբեր փաստաթղթերից և վերապրողների հուշերից։ Ընդ որում, գնահատելի է, որ Զաիլյանը գլխավոր հերոսի՝ Օսկար Շինդլերի կերպարը ներկայացնում է հնարավորինս օբյեկտիվ առանց իդեալականացման ու կեղծ պաթոսի։
Սփիլբերգը հիանում է սցենարով և քիչ փոփոխություններ կատարում նկարահանման ընթացքում։ «Սա հենց այն պատմությունն է, որին սպասում էի», -ասաում է ռեժիսորը։ 1994-ին «Շինդլերի ցուցակը» արժանանում է Օսկարի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում, իսկ Զաիլյանը՝ ստանում Օսկար լավագույն ադապտացիայի համար։
Մարտին Սքորսեզեի հետ աշխատանքը
Զաիլյանը նշանակալի աշխատանքներ կատարում նաև Հոլիվուդի մեկ այլ մեծ ռեժիսորի՝ Մարտին Սքորսեզեի հետ։ Հեղինակում է «Նյու Յորքի ավազակախմբերը» (Gangs of New York, 2002) և «Իռլանդացին» (The Irishman, 2019) ֆիլմերը։ Երկուսն էլ պատմական դրամաներ են, որտեղ կարևոր է ժամանակաշրջանի մթնոլորտի ու սոցիալական հարաբերությունների տիպականությունը։ Սքորսեզեն այս ֆիլմը ծրագրել էր դեռևս 1970-ականներից, բայց միայն 1999-ին է տրվում նախագծի մեկնարկը։ Նյու Յորքի ավազակախմբերը ֆիլմի սցենարի վրա աշխատել են տարբեր հեղինակներ, բայց վերջնական տարբերակը մշակել է Սթիվեն Զաիլյանը։ Ֆիլմի հաջողությունը պայմանավորված է ոչ միայն Լեոնարդո Դի Կապրիոյի ներկայությամբ, այլ առաջին հերթին Դենիել Դեյ-Լյուիսի մարմնավորած Բիլ «Մսագործ» Քաթինգի համոզիչ ու դրամատիկ կերպարով։
«Իռլանդացին» ֆիլում սցենարիստը կրկին մեծ դժվարության առջև էր կանգնած, քանի որ պետք է համոզիչ, սակայն ոչ գրավիչ ներկայացներ հանցագործ աշխարհի բարքերն ու հարաբերությունները պատմական որոշակի համատեքստում, ինչը նրան հաջողվել է։ Գլխավոր դերակատարներից մեկը՝ Ռոբերտ Դե Նիրոն խոստովանել է, որ Զաիլյանի սցենարը ստիպել է իրեն խորապես վերաիմաստավորել իր կերպարը՝ Ֆրենկ Շիրանին։
Ռեժիսորական աշխատանքներ
Չնայած Զաիլյանն առավել հայտնի է որպես սցենարիստ, սակայն նաև ռեժիսորական նշանակալի աշխատանքներ ունի։ Նրա հայտնի ֆիլմերն են՝ «Բոբի Ֆիշերին փնտրելիս» (Searching for Bobby Fischer, 1993) ֆիլմը՝ շախմատիստ Բոբի Ֆիշերի մասին, և Ռիփլի (Ripley, 2024) մինի սերիալը, որոնք արժանացել էլ հանդիսատեսի ու կինոքննադատների բարձր գնահատականներին։