Եվ ի՜նչ գեղեցիկ է, ճշմարիտ, որ էսպես է մեր վիթխարի Սայաթ-Նովան. մի հոյակապ սիրահար է, բռնված ու բռնկած սիրո հրդեհով, նրա լուսի տակ էլ նկատում է աշխարհքն ու իրերը, զգում է, որ էրվում, վերջանում է ինքը, բայց մնում է արի ու բարի, անչար ու անաչառ, վեհ ու վսեմ, որպես աշխարհքի ու մարդու մեծ բարեկամը, հաստատուն սիրով և՛ դեպի էն «զալումը», որ իրեն կրակ տվեց ու միշտ մնաց անտարբեր, և դեպի նրանց, որոնք չորս կողմից տաքացան ու հրճվեցին էն կրակով, որի մեջ էրվում էր ինքը, և դեպի նրանց, որոնք հազար ու մի տեսակ իրեն վշտացրին կյանքում։ Զայրացավ, բայց երբեք չչարացավ, ցավեց, բայց երբեք չանիծեց
Հովհաննես Թումանյան
Ամենայն հայոց բանաստեղծի այս հայտնի տողերը լավագույնս բնութագրում են հայ մեծ աշուղ ու բանաստեղծ Սայաթ—նովայի սիրերգությունը։ Սայաթ-Նովան իր հայտնի, հատկապես սիրային խաղ-բանաստեղծություններով՝ «Մե խոսկ ունիմ իլթիմազով...», «Առանց քիզ ինչ կոնիմ...», «Պատկիրքտ ղալամով քաշած...», «Մեջլումի պես կորավ յարս», «Աշխարումս ախ չիմ քաշի...», «Դուն էն հուրին իս վուր...», «Թամամ աշխար պտուտ էկա...» և այլն, անգերազենցելի էր իր ժամանակի մեջ ու յուրահատուկ է մնում մինչ օրս: Նա կատարելության է հասցրել կնոջ գովքը՝ միավորելով աշուղական արվեստի ու հայ միջնադարյան տաղերգության ավանդները։
Մինչ օրս էլ քննարկվում են Սայաթ-Նովայի ու վրաց արքայադուստեր Աննայի դժբախտ սիրո, Հերակլ արքայի հետ ընդհարման, պալատից հեռացման պատմությունները։ Մեծ բանաստեղծը նույնիսկ ավանդությունների ու հեքիաթների հերոս է դարձել։ Անկախ տարբեր վարկածներից ու փաստերից, բանաստեղծությունների քնարական հերոսուհու նախատիպերից, Սայաթ-Նովայի հիանալի խաղերն ու երգերը շարունակում են ապրել ու հիացնել։ Ներկայացնում ենք մեծ բանաստեղծի երեք սիրային խաղ, դրանց արևելահայերեն վերծանությամբ, որոնք կատարել է Իշխան Ստեփանյանը։ Նաև խաղերի կատարումները։
Սայաթ-Նովա․ սիրային խաղեր
Թամամ աշխար պտուտ էկա...
Թամամ աշխարհ պըտուտ էկայ, չըթուղի Հաբաշ, նազա՛նի,
Չըտեսայ քու դիդարի պէս` դուն դիփունէն բաշ, նազա՛նի,
Թէ խամ հագնիս, թէ զար հագնիս, կու շինիս ղո՛ւմաշ, նազա՛նի.
Էնդու համա քու տեսնողըն ասում է` վա՜շ, վա՜շ, նազա՛նի:
Դուն պատուական ջավահիր իս, է՛րնէկ քու առնողին ըլի,
Ով կու գըթնէ, ա՛խ չի քաշի, վա՜յ քու կորցընողին ըլի.
Ափսուս վուր շուտով միռիլ է, լուսըն քու ծընողին ըլի.
Ապրիլ էր, մէկ էլ էր բերի քիզի պէս նաղաշ, նազա՛նի:
Դուն էն գըլխէն ջուհարդար իս, վըրէդ զարնըշան է քաշած,
Դաստամազիդ թիլի մէջըն մէ շադա մարջան է քաշած,
Աչքիրըդ` օսկէ փիալա, չարխէմէն փընջան է քաշած,
Թերթերուկըդ նիտ ու նաշտար, սուր ղալամթըրաշ, նազա՛նի:
Էրեսըդ, փարսէվար ասիմ, նըման է շամշ ու ղամարին.
Բարակ մէջքիդ թիրման շալըն նըման է օսկէ քամարին,
Ղալամըն ձեռին չէ կանգնում, մաթ շինեցիր նաղաշքարին.
Յիփ նըստում իս` թութի ղուշ իս, յիփ կանգնում իս` ռաշ, նազա՛նի:
Յիս էն Սայաթ-Նովասին չիմ, վուր աւզի վըրայ հիմանամ.
Աջաբ միզիդ ի՞նչ իս կամում, սըրտէդ մէ խաբար իմանամ.
Դուն` կըրակ, հագածըդ` կըրակ, վո՞ւր մէ կըրակին դիմանամ.
Հընդու ղալամքարու վըրէն ծածկիլ իս մարմաշ, նազա՛նի:
Վերծանություն
Թամամ աշխարհ պտույտ եկա, չթողի Հաբաշ*, նազա՛նի,
Չտեսա քո պատկերի պես` դու ամենքից բաշ**, նազա՛նի,
Հասարակ թե բեհեզ հագնես, կսարքես ղումաշ, նազա՛նի,
Դրա համար քեզ տեսնողը, ասում է` վա՜շ-վա՜շ, նազա՛նի:
Դու պատվական ադամանդ ես, ե՛րնեկ քո առնողին լինի,
Ով կգտնի, ա՛խ չի քաշի, վա~յ քո կորցընողին լինի.
Ա՛փսոս որ շուտ է մահացել, լույսը քո ծնողին լինի.
Ապրել էր, մեկ էլ էր ծնել քեզ նման նաղաշ*** նազա՛նի:
Դու էն գլխից ակնաշող ես, վրադ ոսկեկար է քաշած,
Քո ճոխ հյուսքի թելերի մէջ մի շարան մարջան է քաշած,
Աչքերդ` ոսկե ըմպանակ, անիվից սկահակ է քաշած,
Թարթիչներդ նետ ու նշտար, սրածայր դաշույն, նազա՛նի:
Երեսդ, պարսկերեն ասեմ, նման է շամս ու ղամարին,****
Բարակ մեջքիդ հյուսկեն շալը նման է ոսկե քամարին,
Վրձինը ձեռքին չի մնում, ապշեցրեցիր նկարիչին,
Երբ նստում ես` նախշուն հավք***** ես, երբ կանգնում ես` ռաշ,****** նազա՛նի:
Ես էն Սայաթ-Նովասին չեմ, որ ավազը հիմք ունենամ,
Արդյոք մեզնից ի՞նչ ես ուզում, սրտիցդ մի լուր ունենամ,
Դու` կրակ, հագածդ` կրակ, ո՞ր մի կրակին դիմանամ,
Հնդկական կերպասի վրա ծածկել ես շղարշ, նազա՛նի:
* Հաբաշ - Հաբեշստան (Աֆրիկայի հավաքական անունը)
** բաշ – վես, բարձր
*** Նաղաշ - չքնաղ պատկեր, նաև նկարիչ
**** շամս, ղամար – արեւ, լուսին
***** Բնագրի «թութի ղուշը» թութակ է նշանակում (թուրք.)
****** ռաշ /ռահշ/ – հրեղեն ձի, Շահնամեի Ռոստոմ Զալի ձիու անունը
Կատարումը՝ Նորայր Մնացականյանի
Աշխարումս ախ չիմ քաշի..․
Աշխարհումըս ա՛խ չիմ քաշի, քանի վուր ջա՛ն իս ինձ ամա.
Անմահական ջըրով լիքըն օսկէ փընջան իս ինձ ամա.
Նըստիմ` վըրէս շըվաք անիս` զարբաբ վըրան իս ինձ ամա.
Սուչս իմա՛ցի, է՛նէնց սպանէ` սուլթան ու խան իս ինձ ամա:
Մէջքըդ` սալբու-չինարի պէս, ռանգըդ փըռանգի ատլաս է,
Լիզուդ` շաքար, պըռօշըդ` ղանդ, ակռէքըդ մարգրիտ, ալմաս է.
Օսկու մէջըն մինա արած, աչքիրըդ ակնակապ թաս է.
Պատուական անգին ջավահիր, լալ-բադէշխան իս ինձ ամա:
Յիս էս դարդին վո՞ւնց դիմանամ, մակա՞մ սիրտըս ունիմ քարած.
Արտա՛սունքս արուն շինեցիր, խիլքըն գըլխէս ունիմ տարած,
Նուր բաղ իս` նուր բաղչի մէջըն` բոլորքըդ վարդով չափարած.
Վըրէդ շուռ գամ բըլբուլի պէս` սիրով սէյրան իս ինձ ամա:
Քու էշխըն ինձի մաստ արաւ. յիս զարթուն իմ, սիրտս է քընած.
Աշխարհս աշխարհով կըշտացաւ, իմ սիրտըս քիզնից սով մընաց.
Եա~ր, քիզ ինչո՞վ թարիփ անիմ` աշխարհումըս բա՛ն չըմընաց.
Կրա՛կէ, ծովէմէն դուս էկած ռաշ ու ջէյրան իս ինձ ամա:
Ի՞նչ կու'լի` մէկ հիդըս խօսիս, թէ վուր Սայաթ-Նովու եար իս.
Շուղքըդ աշխարհըս բռընիլ է` արեգագի դէմըն փար իս.
Հուտով հիլ, միխակ, դարիչին, վարդ, մանուշակ, սուսանբար իս,
Կարմըրագուն` դաշտի ծաղիկ, հովտաց շուշան իս ինձ ամա:
Վերծանություն
Աշխարհումս ա՛խ չեմ քաշի, քանի որ ջա՛ն ես ինձ համար.
Անմահական ջրով լիքը ոսկե փնջան* ես ինձ համար.
Նստեմ` վրաս շվաք անես` մետաքս վրան ես ինձ համար.
Մեղքս իմա՛ցիր, հետո սպանիր` սուլթան ու խան ես ինձ համար:
Մեջքդ` նոճի-չինարի պես, գույնդ ֆրանկի ատլաս է.
Լեզուդ` շաքար, շուրթդ` մեղր, ակռեկքդ մարգրիտ-ալմաս է.
Ոսկում արծնապակի արած, աչքերդ ակնակուռ թաս է.
Պատվական անգին ադամանդ, լալ-բադեշխան** ես ինձ համար:
Ես էս ցավին ո՞նց դիմանամ, մի՞թե սիրտ ունեմ քարացած,
Արտա՛սուքս արյուն շինիր, խելքս` գլխումս շվարած,
Նոր պարտեզ ես` նոր այգու մեջ, բոլորքդ վարդով շուրջառած.
Ման գամ շուրջդ բլբուլի պես` սքանչելիք ես ինձ համար:
Քո սերը ինձ արբեցրեց, ես արթուն եմ, սիրտս է քնած.
Աշխարհս աշխարհով կշտացավ, իմ սիրտը քեզնից սով մնաց.
Յա~ր, էլ ինչո՞վ քեզ գովերգեմ` աշխարհումս բա՛ն չմնաց.
Ծովից դուրս եկած հրեղե՛ն նժույգ-ջեյրան ես ինձ համար:
Ի՞նչ կլինի հետս խոսես, եթե Սայաթ-Նովի յարն ես.
Շողքդ աշխարհը բռնել է` արեգակից էլ դու վառ ես.
Հոտավետ հիլ, մեխակ, դարչին, վարդ մանուշակ, սուսանբար ես.
Կարմրագույն` դաշտի ծաղիկ, հովտաց շուշան ես ինձ համար:
* փնջան – գավ, թաս,
** Բադեշխան – վայր Հինդուքուշ լեռներում, որ հայտնի է լալ-սուտակի հանքերով:
Կատարումը՝ Նորայր Մնացականյանի
Պատկիրքըդ` ղալամով քաշած․․․
Պատկիրքըդ` ղալամով քաշած, թահրըդ ռանգէռանգ իս անում.
Էրեսիդ խալըն ծածկում է` մազիրըդ խափանգ իս անում.
Բացվիլ իս կարմիր վարդի պէս, բըլբուլի հիդ հանգ իս անում.
Ակռէքըդ` օսկումըն շարած, պըռօշըդ մահանգ իս անում:
Էրեսըդ նուր լուսնի նըման քանի կ'էհայ, կու բոլըրվի,
Դաստամազըդ նամ չի ուզի` առանց հուսիլ կու օլըրվի,
Էնդու համա քու տեսնողըն իր ճանփէմէն կու մոլըրվի.
Յիփ մըտնում իս մէջլիսումըն, շանգ, շուխի, շաբանգ իս անում:
Էրեսըդ տեսնելու գուքան քաղաք քաղքով, գիղ` գիղի պէս.
Միռնողըն քիզմէն կու առնէ անմահական դիղ` դիղի պէս.
Յիփ տիղէմէդ ժաժ իս գալի, շըխշըխկում իս ջիղջիղի պէս.
Ի՞նչ կ'օնիս սանթուր-քամանչէն` զուգսըդ չօնգուր-չանգ իս անում:
Ծուցիդ մէջըն վարդ, մանուշակ, սընբուլ ու սուսան իս շինի.
Քու տէրըն բաղըն ի՞նչ կ'օնէ` քու հուտըն ռեհան իս շինի.
Քամին մէջըն անց է կէնում` մազիրըդ ելքան իս շինի.
Աշխարհքըն` ծով, դուն մէջըն` նաւ, ման իս գալի, լանգ իս անում:
Տասնէմէդ մէկըն չին ասի, թէգուզ աշխարհըս քիզ գովին,
Նովա՛փար, ծա՛ղիկ ծովային, մանո՛ւշակ` բաց արած հովին.
Բաս քու էշխին վո՞ւնց դիմանամ, ջուրըն տա՛նէ Սայաթ-Նովին.
Թէ տեսնողըդ մէկ էլ տեսաւ` դիվանա, դաբանգ իս անում:
Վերծանություն
Պատկերդ` վրձինով քաշած, տեսքդ երփներանգ ես անում.
Երեսիդ խալը ծածկում է` վարսերով փականք ես անում.
Բացվել ես կարմիր վարդի պես, բլբուլի հետ հանգ ես անում.
Ատամներդ ոսկում շարած` շուրթերով հղկանք* ես անում:
Երեսդ նոր լուսնի նման, քանի գնում, բոլորվում է,
Փարթամ վարսդ նամ չի ուզի` առանց հյուսել ոլորվում է.
Դրա համար քեզ տեսնողը իր ճամփիցը մոլորվում է.
Երբ մտնում ես պարահանդես` երգ-կատակով խաղ ես անում:
Երեսդ տեսնելու կգան քաղաք-քաղքով, գյուղ` գյուղի պես.
Մեռնողը քեզնից է առնում անմահական դեղ` դեղի պես.
Երբ տեղիցդ շարժվում ես, զրնգում ես ծնծղայի պես.
Ինչի՞դ են սանթուր-քամանչեն` զուգսդ չոնգուր-չանգ ես անում:
Ծոցիդ մեջն վարդ, մանուշակ, սմբուլ ու սուսան ես շինել,
Քո տերը այգին ի՞նչ կանի` բուրմունքդ ռեհան ես շինել,
Քամին միջով անց է կենում` մազդ առագաստ ես շինել,
Աշխարհը ծով, դու մեջը նավ, ման ես գալիս, ճոճք ես անում:
Արժանիքդ չեն հասկանա, թեկուզ աշխարհը քեզ գովի,
Նունու՛ֆար, ծա՛ղիկ ծովային, մանու՛շակ` բաց արած հովին,
Բա քո սիրուն ո՞նց դիմանամ, ջուրը տա՛նի Սայաթ-Նովին,
Տեսնողդ թե մեկ էլ տեսավ` խենթ ու դիվահար ես անում:
* Բնագրում «մահանգը» փորձաքար է նշանակում, որով որոշում են ոսկու հարգը:
Կատարումը՝ Սեյրան Ավագյանի
Բնագրի և վերծանության աղբյուրը՝ www.sayat-nova.am