1858 թ. դեկտեմբերի 22-ին է ծնվել աշխարհահռչակ իտալացի կոմպոզիտոր Ջակոմո Պուչինին(1858-1924): Կոմպոզիտորի հայտնի օպերաները՝ «Մանոն Լեսկո»-ն(1893), «Բոհեմ»-ը(1896), «Մադամ Բաթերֆլայ»-ը(1904), «Տուրանդոտ»-ը(1926) և այլն, չեն իջնում աշխարհի հայտնի օպերային թատրոնների բեմերից: «Տուրանդոտը» Պուչինիի վերջին, նրա կենդանության օրոք չբեմադրված և անավարտ օպերան է: Այն առաջին անգամ բեմադրվել է կոմպոզիտորի մահից երկու տարի անց՝ 1926 թվականին: Օպերան ամբողջ աշխարհում առաջին հերթին հայտնի է իր «Nessun Dorma» մեներգով, որը թերևս օպերային երաժշտության պատմության մեջ ամենահայտնի հատվածն է: Այդ արիան կատարում է Քալաֆ անունով հերոսը՝ անհայտ արքայազնը, որը սիրահարված է գեղեցկուհի Տուրանդոտին: Հատվածը անչափ դրամատիկ է․ դիպաշարն այսպիսին է․արքայազն Քալաֆը սիրահարվել է Տուրանդոտին, նրա հետ ամուսնանալու համար գուշակել է վերջինիս առաջարկած երեք հանելուկները, սակայն աղջիկը հրաժարվում է ամուսնանալ։ Այդժամ հերոսը առաջարկում է, որ արքայադուստրը պատասխանի իր հարցին։ Եթե Տուրանդոտը պատասխանի, Քալաֆը կգլխատվի, եթե ոչ, արքայադուստրը ստիպված պետք է ամուսնանա նրա հետ։ Դաժան արքայադուստրը հրամայում է, որ ամբողջ պալատը արթուն մնա(Nessun Dorma` չպետք է քնել կամ առանց քնի), քանի դեռ չեն պարզել արքայազնի անունը, հակառակ դեպքում կգլխատվեն։ Եվ վերջին գործողության սկզբում Քալաֆը պալատի այգում կանգնած պատմում է իր ապրումների մասին․
Երգչախումբ
Չպե՛տք է քնել չպե՛տք է քնել։
Քալաֆ
Դու նույնպես, օ արքայադուստր,
Քո սառը սենյակում
Հայում ես աստղերին,
Նրանց փայլի մեջ թրթռում է հուսառատ սերը,
Բայց իմ գաղտնիքը թաքնված է իմ մեջ,
Նրանք չեն իմանա իմ անունը, օ ո՛չ․
Քո շուրթերին միայն ես այն կհայտնեմ ,
Երբ այգաբացի լույսը ծագի,
Իմ համբույրը լռությունը կխախտի,
Այն կտա քեզ ինձ։
Երգչախումբ
Մենք նրա անունը չենք իմանա…
Եվ, ավաղ, մենք պետք է մահանանք․․․
Քալաֆ
Օ գիշեր, չքվի՛ր,
Չքացե՛ք աստղեր,
Չքացե՛ք աստղեր,
Ես պետք է խավարին հաղթեմ,
Հաղթեմ, հաղթեմ․․․
Արիան թեև շատերն են կատարել, սակայն ամենից սիրված ու տարածված է իտալացի մեծ տենոր Լուչիանո Պավարոտտիի անզուգական կատարումը.
Ուշագրավ է, որ այս արիան վերջին տասնամյակներում սերտորեն կապվել է սպորտի ու մասնավորապես ֆուտբոլի հետ: Այն բանից հետո, երբ 1990 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ BBC հեռուստաալիքը այս մեներգն օգտագործեց որպես հեռարձակումների գլխավոր երաժշտական թեմա, մեծ ու փոքր մարզական ու ֆուտբոլային միջոցառումները գրեթե միշտ ուղեկցվում են այս կատարումով: Մասնավորապես, երգը հնչում է աշխարհի առաջնությունների, օլիմպիական խաղերի բացման ու փակման արարողությունների ժամանակ, ֆուտբոլային մրցանակաբաշխությունների ընթացքում: Լ․Պավարոտտին արիան կատարում է նույն 1990 թ․ աշխարհի խաղերին ընդառաջ՝ «Երեք տենորների» համերգի ընթացքում՝ Հռոմում, ապա նաև հետագայում, տարբեր մարզական առիթներով․
Մեր ժամանականերում, անչափ հուզիչ էր «Ոսկե գնդակ»-ի 2022 թ. մրցանակաբաշխության այն հատվածը, երբ «Nessun Dorma»-ի ուղեկցությամբ ներկայացվում էին նախորդ տարիների «Ոսկե գնդակ»-ի մրցանակակիրները։ Այս անգամ երգը կատարում էր Անդրեա Բոչելլին և ֆուտբոլային աստղերը դժվարությամբ էին զսպում հուզմունքն ու արցունքները․
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան