Ակսել Բակունցին ու Հովհաննես Թումանյանին թեև կարելի է ժամանակակիցներ համարել, սակայն նրանք միմյանց չեն հանդիպել։ Բայց այնպես է ստացվում, որ արդեն բանաստեղծի մահից հետո, Ա․ Բակունցը այցելում է Հովհ. Թումանյանի ծննդավայր՝ Լոռվա Դսեղ գյուղ, ավելին, անմահացնում 1930-ականների գյուղը իր լուսանկարներում: Քչերը գիտեն, որ մեծ արձակագիրը նաև լուսանկարիչ էր: Ակսել Բակունցի Գորիսում գտնվող տուն-թանգարանում ցուցադրվում է նրա անգլիական արտադրության լուսանկարչական սարքը։ Հենց այս սարքի շնորհիվ էլ, որը արձակագիրը հետագայում նվիրել է եղբորը՝ Վահանին, պահպանվել ու մեզ են հասել Բակունցի, նրա ընտանիքի, նաև նրա այցելած վայրերի լուսանկարները։ Դրանց թվում են Դսեղի ու Հովհ. Թումանյանի ժամանակակիցների այն լուսանկարները, որոնք այսօր պահվում են Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։
Այսպես, Ակսել Բակունցը Հովհաննես Թումանյանի դստեր՝ Նվարդ Թումանյանի հետ Դսեղում է լինում 1932 թ․, ծանոթանում գյուղացիների հետ, լուսանկարում հուշարձաններն ու մարդկանց: Այս լուսանկարներն ուսումնասիրած գրականագետ Թեհմինա Մարությանը նշում է.«Դսեղյան այդ լուսանկարները առայժմ Բակունցի կողմից արված մեզ հայտնի առաջին ֆոտոիլյուստրացիաներն են, որոնց արժեքը պայմանավորված է նախ և առաջ դրանց պատմա-փաստագրական հատկանիշներով: Թեև Բակունցը եղել է սիրող լուսանկարիչ, և նրա գործնեությունը չի կրել պրոֆեսիոնալ բնույթ, այնուամենայնիվ այդ աշխատանքները հատկանշվում են բարձր գեղարվեստականությամբ ու դիտողունակությամբ: Դրանք նույնպես միտված էին Թումանյանի ծննդավայրը ճանաչելու միջոցով նրա գրաշխարհի անհատակ խորքերը, հոգեխառնության կարևոր երակները բացահայտելուն, և ըստ այդմ՝ կարևոր վավերագրումներ են»:
Լուսանկարների դարձերեսներին պահպանվել են մեծ արձակագրի արած նշումները:
Ներկայացնում ենք այս բացառիկ լուսանկարներից մի քանիսը դրանց՝ Ակսել Բակունցի ձեռքով արված մեկնաբանություն-նշումներով:
«Նեսո բիձա. Թումանյանի խաընկերներից»(ամենայն հավանականությամբ Հովհ. Թումանյանի «Իմ ընկեր Նեսոն» պատմվածքի հերոսը):
«Հովհաննես Թումանյանի դուստրը՝ Նվարդ Թումանյանը Դսեղում համագյուղացիների հետ»:
«Դեբեդի ձորը: Աջ կողմից այժմ Ձորագեսն է»:
«Դսեղի գյուղամեջի աղբյուրը»:
«Գյուղի աղբյուրը: Ձախ թևի տան մեջ մի տարի ապրել է Թումանյանը: Այդ տունն այժմ դարձնում են Թումանյանի անվան խրճիթ ընթերցարան»
«Սիրուն խաչ: Թումանյանը շատ հավանում էր այս խաչը»:
«Թումանյանի ստորագրությունը Դսեղի Սուրբ Գրիգոր վանքի պատի վրա»:
Աղբյուրը՝ Հովհաննես Թումանյանի ծննդավայրն Ակսել Բակունցի լուսանկարներում.
Նոր ցուցադրույթուն Ակսել Բակունցի տուն-թանգարանում, www.syuniacyerkir.am