Հայ պոեզիան հատկապես շատ անդրադարձներ ունի մոր ու մայրության թեմային։ Մեր դասական ու ժամանակակից շատ բանաստեղծների՝ Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի և այլոց մայրերին նվիրված հայտնի ստեղծագործություններում մոր կերպարը պահպանելով հանդերձ իրական-կենսագրական գծերը՝ ընդգրկում է նաև մի շարք այլ մոտիվներ՝ կարոտ ու բաժանման ցավ, պանդխտություն, ողբերգական վիճակում գտնվող հայրենիքի ճակատագրի արձագանքներ, մանկություն հիշողություններ և այլն։ Գորավուգութ, տառապյալ ու սիրելի մոր կերպարը հաճախ զուգահեռվում է Սուրբ Աստվածածնի կերպարի հետ, ներկայանում որպես պանդուխտ ու դժբախտ զավակների համար աղոթող ոգի։ Art365-ը ներկայացնում է հայ պոեզիայի հինգ ամենահայտնի բնաստեղծությունները մոր մասին։
Սմբատ Շահազիզ
Երազ
Ես լսեցի մի անուշ ձայն,
Իմ ծերացած մոր մոտ էր.
Փայլեց նշույլ ուրախության,
Բայց ափսո՜ս, որ երազ էր։
Եվ մեղեդին տխուր, մայրենի,
Հիշեց մանկության օրեր․
Մորս համբույրն ես զգացի,
Ա՜խ, ափսո՜ս, որ երազ էր։
Կրծքին սեղմեց կարոտագին․
Աչքերս սրբեց, շատ թաց էր, ―
Բայց արտասուքս գնում էին․․․
Ա՜խ, այդ ինչո՞ւ երազ էր․․․
Ավետիք Իսահակյան
Մայրիկիս
Հայրենիքես հեռացել եմ,
Խեղճ պանդուխտ եմ, տուն չունիմ,
Ազիզ մորես բաժանվել եմ,
Տըխուր – տըրտում, քուն չունիմ:
Սարեն կուգաք, նխշուն հավքե’ր,
Ա˜խ, իմ մորըս տեսել չեք.
Ծովեն կուգաք, մարմանդ հովե˜ր,
Ախըր բարև բերել չեք:
Հավք ու հովեր եկան կըշտիս,
Անձեն դիպան ու անցան.
Պապակ – սըրտիս, փափագ – սըրտիս
Անխոս դիպան ու անցա˜ն:
Ա˜խ, քո տեսքին, անուշ լեզվին
Կարոտցել եմ, մայրի’կ ջան.
Երնե˜կ, երնե˜կ, երազ լինիմ,
Թըռնիմ մոտըդ, մայրի’կ ջան:
Երբ քունըդ գա, լուռ գիշերով
Հոգիդ գըրկեմ, համբույր տամ.
Սըրտիդ կըպնիմ վառ կարոտով,
Լա’մ ու խընդա’մ մայրիկ ջան…
Վահան Տերյան
Կարծես թե դարձել եմ ես տուն
Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին.
Նորից դու հին տեղը նստում,
Շաբժում ես իլիկը մեր հին.
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ.
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։
Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում.
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ հոգում։
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ...
Եղիշե Չարենց
Մորս համար գազել
Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:
Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:
Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց -
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:
Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին...
Հովհաննես Շիրազ
Մայրս
Մայրս փոքրիկ, մայրս խեղճ,
Մայրս մի մայր հասարակ,
Մայրս այս մայր երկրի մեջ,
Արևի դեմ մի ճրագ:
Բայց արևի լույսի տակ,
Երբ ցավեր եք ինձ բերում,
Սրտիս մռայլն անհատակ՝
Այն խեղճ ճրագն է ցրում:
Մայրս փոքրիկ, մայրս խեղճ,
Մայրս մի մայր հասարակ,
Մայրս մի բուռ սրտի մեջ,
Գիշեր ու զօր արեգակ: