Կոստան Զարյանը հայ ստեղծագործական հանճարի բարձրագույն դրսևորումը տեսնում է հայ նախնի բանաստեղծության և Մոկաց հանճարեղ վեպի՝ «Սասնա ծռեր» էպոսի մեջ: Նա նույնիսկ կարծում է, որ հայ բանաստեղծությունը, Գողթան երգիչների և հայ հին ու միջնադարյան բանաստեղծների միջոցով ժամանակին հասել է Եվրոպա և ազդեցություն թողել պրովանսալ բանաստեղծության վրա: Նա հայ նախնի բանաստեղծության ուժն ու յուրահատկությունը տեսնում է ոչ միայն ինքնօրինակ լեզվական ու պատկերային մտածողության, այլև ոգեկան ուժի և կարողականության մեջ: Այդ բանաստեղծությունը, ըստ Զարյանի, ասացվել է, ինչպես որ ասացողները ոգել են Մոկաց հանճարեք վեպը։
Երվանդ Տեր-Խաչատրյան
Իր ստեղծագործական ամբողջ կյանքի ընթացքում բանաստեղծության մեջ և արձակում, հայ ու համաշխարհային գրականության էջերում ու փիլիսոփայության մեջ Կոստան Զարյանը փնտրում է իրականությունը փոխող, մարդուն ու ազգին վեհացնող, տիեզերական անմեկնելի խորհուրդներին հաղորդակից դարձնող, հայ ոգին ու հայի էությունը արթնացնող զորավոր խոսքը։ Այդ փնտրումներն են, որ բանաստեղծին բերում են դեպի հայ հին առասպելաբանություն, միջնադարյան գրականություն և ազգային էպոս։ Ստեղծելով արձակ ու չափածո նշանակալի երկեր՝ գրողն աստիճանաբար մոտենում է վեպն ու պոեզիան, ուժեղն ու գեղեցիկը, հոգևորն ու ֆիզիկականը, աստվածայինն ու մարդկայինը յուրահատուկ կերպով միավորող էպիկական ազգային պատումին, որի մեջ էլ ըստ Կ․ Զարյանի թաքնված է ազգային ոգին։
1940-ական թվականներից Կ․Զարյանը սկսում է գրել իր էպիկական պոմները՝ դյուցազներգությունները։ Դրանք սկզբում կոչվում են «Թւելեց երգեր», ինչպես հին հայոց գողթան երգիչների բանաստեղծությունը, ապա պոեմները միավորվում են «Գիրք դիւցազներգութեանց» խորագրի ներքո և դառնում հայ ոգու տարբեր դարաշրջանների դրսևորումները՝ առասպելական շրջանը, միջնադարյան կյանքը, նաև «Սասնա ծռեր» էպոսն ընդգրկող մի մեծ ստեղծագործություն։ Այն սկսվում է առասպելական ժամանակներից և հասնում մինչև չորրորդ դար։ Պոեմը կազմված է «Ոսկեմայրը», «Վահագն», «Ասացւած ցուլամարտ Մհերի համար», «Հայկ Դիւցազն», «Արա աստւած», «Հատւած Տիգրան Մեծի թւելեաց երգից» և «Գնել պատանու և Տիրիթի ողբերգութիւնը» մասերից։
Այս հիանալի ստեղծագործությունն իրապես ազգային ոգու շարժն ու պատմությունը ներկայացնող, հոգին վեհացնող, անցյալի փառքերով ոգեշնչող, բայց նաև ներկայի վրա ազդեցության մեծ ներուժ ունցեղ ասք է։ Բառ ու պատկերն այստեղ իրենց գեղագիտական գործառույթներից զատ, առաջին հերթին ազգային ոգու արթնացմանն ուղղված հմայական զորավոր միջոցներ են, որոնք միտված են Կ․ Զարյանի պատկերացրած իդեալական հայի՝ Արարատյան մարդու էության բացահայտմանը։
2025 թվականի փետրվար 2-ին լրանում է Կոստան Զարյանի ծննդյան 140-ամյակը։ Ներկայացնում ենք հատված Կոստան Զարյանի այս ներշնչող գործից, որտեղ գուսաններն իրենց ոգեշնչող ասքով գծագրում են հայկական լեռնաշխարհի սահմանները, նշում ոգու խորհրդանշական կենտրոններն ու Արարատյան մարդու փնտրման ճանապարհները։
Գիրք դիւցազներգութեանց
ԱՌԱՋԱԵՐԳ
5
«Թող բամբ լարերը
Փանդիռի
Հնչեն եւ զնգան-
Լոյս դառնան,
Սլանան`
Նուաճեն աստղերը։
Դառնանք, խոնարհենք հարաւի կողմը,
Ողորմի ասենք
Գոհար հողաթափ հագած ոտքերով
Մեր մոգ արեւին–
Ողորմի ասենք
Դէպի հիւսիսը
Վազող ճըրագի բորբ նժոյգներին`
Մեր աստուածներին։
Թող բամբ լարերը
Փանդիռի
Հնչեն եւ զնգան-
Լոյս դառնան.
Սլանան՝
Նուաճեն աստղերը։
Երգե՛նք ձիւնաթագ եւ բարձրասանդուղք
Մեր սեպ լեռները,
Մեր խոր ձորերը,
ժայռերը խոժոռ
Եւ ժայռերի տակ` փէշը վեր հանած,
Արծաթ չմուշկը քարերին զարնող,
Կանչող, բղաւող,
Թռչող գետերը։
Վիների նուագ:
Ով որ իր սրտի ճրագը վեր ցցած,
Չի անցել Հայոց աշխարհի վրայով–
Ինչպե՞ս կարող է հոգու աչքերով
Կարդալ գաղտնակերտ այն նշանները,
Որոնց խորհուրդի ներքին կըրակը
Օծել է յամառ մեր ճակատները։
Ահա կանգնած է` վսեմ, լուսահագ`
Հայոց աշխարհին տիրող Պարոնը
Ազատը սրտով բիւրեղ եւ յստակ`
Արարատ լեռը արեւահաւաք։
Ուսերից կախուած ալ պատմուճանից
Ծալք ծալք երկինք է թափւում դէպի վար
Եւ իր գագաթի ձիւնակոփ թագից
Ճառագայթում է վեհութիւն անառ։
Մեր հոգու հիմքում բարձրացած կոթող
Նա յուշ է. կանչ է կախարդ եւ դիւթող-
Նա քրմապետ է, լռութեան Մեծ Մոգ
Աստղաշխարհի խուզարկու պահակ,
Ցաւերով սնուած Տիտան մտահոգ,
Յոյսի սերմացան,
Հայոց հէքեաթի մշտահոս մի ակ.
Հայ ժողովրդի անմեռ ջահատար`
Բնութեան հանճար»:
Սրահում թնդում են ծափեր անհամար:
Կանանց եւ մարդկանց յուզուած սրտերում
Փարթամ եւ շքեղ պարտէզ է ծաղկում`
Բոցկլտում հրավառ։
- Կեցցէ՛, ջան գուսան, մատա՛ղ խօսքերիդ
Եւ հազար լարով հնչող քո սրտիդ։
Իսկ երգիչները խոր բարեւում են,
Ապա ասում են-
«Շէն կենաք,
Լինէք սրտով բիւրեղ յստակ,
Մտքի թագ-
Ծիլերի հետ բարձրանաք,
Լինէք ոգի ոսկեհագ։
Շէ՛ն կենաք»:
Սկիհս երկարած հրատենչ աչքերով
Այն արարածին, որ ինձ գինիով
Պատւեց քիչ առաջ, ասում եմ. «Տեսիլք,
Լեցուր բաժակս հուրով քո գինու,
Որպէսզի ես էլ, հոգեշունչ ռազմիկ,
Մնամ պաշտողը քո ոսկէ այգու»:
Խմում եմ կում կում ցեղի ոգիից։
Մտնում եմ աշխարհ, որ իր արիւնից
Պոկած լույսերով.
Անմեռ յուշերով,
Նաւս նետում է կարմրակէզ մի ծով։
Իսկ գուսանները
Պարպում են գինու լի բաժակները,
Փորձում լարերը նուրբ գործիքների-
Ակօսում դաշտը իրենց երգերի։
«Թող ալիքները
Արծաթ լարերի
Հնչեն եւ զնգան-
Կրակէ թեւ դառնան,
Սլանան`
Թափ տան աստղերի
Ոսկէ ճիւղերը։
Ով ցանկանում է լսել հէքեաթը,
Լսել հէքեաթը
Կոփուած ժայռերի անողորմ թափով`
Թող դառնայ բազէ
Հրէ,
Շանթ հագնի, սլանայ,
Ամպերին զարնի սրտի երկաթը,
Բարձրանայ,
Ճախրի երկնքի գմբէթի տակը։
Վարը, մրրկած
Ծովի պես փռուած,
Ահա, գրոհ տալով, Հայկական Պարը
Ճեղքում է լուսէ իր ճանապարհը:
Ահա Բարդողեան ոսկեման շղթան
Կամաց շարժում է իր գագաթները
Նետում է Կողբին արծաթէ պարան
Եւ բանտարկում է նրա լանջերը։
Կա՛նգ առէք անշարժ, լռեցէք մի պահ,
Ունկնդիր եղէք Բիւրակնեան հսկայ
Կողերից թափուող բիւր աղբիւրներին։
Հալուած մետաղէ շող կայլակները
Իրենց կրծքերը
Խփում են սարին,
Նետում բիւրեղէ կլկլանքները
Չորս կողմից եկող ճերմակ հովերին
Եւ, խօլ հոսանքով,
Ոստով եւ պարով,
Գլորւում են, ընկնում ժայռից ուրիշ ժայռ–
Կարկաչով լեցնում աշխարհը արար։
Բազէ, շո՛ւտ շարժիր քո ժիր թեւերը–
Ահա վեհապանծ Սրմանց սարերը։
Այստեղ ծնւում է, հասակ է նետում
Հայոց աշխարհի ծծմայրը արթուն
– Արաքսը լուսեղ։
Ցնցուած ցանկութեան հսկայ մի թափով,
Նա լուսակարկառ իր մուճակները
Զարնում է ուժով ծաղկած ափերին
Եւ, սրընթալով,
Նետում փրփրուն իր կայլակները
Դաշտ ու ձորերին։
Նայեցէք ապա կիրճերին անանց,
Ժայռերի դիզած աշտարակներին
Եւ նրանց գլխին փառապանծ կանգնած
Ծաղկանց սարերին։
Տեսէք, արեւի բեհեզ աչքերը
Ծաղկել են ցօղի մարգարիտներով
Եւ ծաղիկների Կիրակին հրավառ
Զնգում է բուրման թաւ ղօղանջներով:
Կանաչի միջից հրդեհ է վազում։
Լոյսը շարժում է իր բոց մանգաղը
Եւ նենուֆարը երգում է տաղը
Հովերից քաղած պսպղանքներով։
Հայոց աշխարհը գովելու համար
Ո՞ր մէկը ասենք, ո՞ր մէկը լռենք։
Բազէ, խոյացի՛ր,
Կանգնել են ահա մեր սէգ սարերը`
Սիփան եւ Նեմրութ վսեմ մոգերը։
Նետիր աչքերիդ երկու ջահերը
Այդ գագաթների տեսիլքի թագին–
Նրանց մեծութեան խորհուրդ խորհրդին։
Քնարի խոր թրթռացումներ:
Երբեմն պատռած ամպերի միջից,
Ցնցուած յուշերի հոսող կրակով,
Այդ կատարները
Իրենց փարոսի ճառագայթները
Շրջում են, նետում Տաւրոսի կողմը
Եւ խուզարկում են կատաղի հողմը:
Ամպերի միջում, օղակ առ օղակ,
Անցնում են լոյսի գնդերը արագ
Եւ դղրդում է կամուրջը մութի։
Այդ վայրկեաններին, բացւում է հրահան
Դիւցազնակայտառ, մեծղի տեսարան։
Աշխարհաշինման վիթխարի ժամին,
Զօրութիւնները որոտամարմին,
Իրար խառնելով երկաթ ու քարը,
Վեր են կարկառել Սասնայ աշխարհը:
Ամպերի մութը` հարուածով հսկայ
Կոփել է հովի զնդանի վրայ
Եւ, ահագնադղորդ զրնգոցներով.
Ծածկել է վայրը անահ ժայռերով։
Այդ պատճառով էլ, այնտեղ Հայերը
Առիւծ են եւ գայլ-
Իրենց սրտերը
Բուք են բարկացած`
Ձիւնամրրիկ են, երկաթ շիկացած:
Ահ, լաւ իմացէք, իմացէ՛ք Հայեր-
Աշխարհաշինման վիթխարի ժամին,
Զօրութիւնները որոտամարմին,
Իրար խառնելով երկաթ ու քարը,
Վեր են կարկառել Սասնայ աշխարհը»։
6
Որոտի նման ծափեր թնդացին:
Խոժոռ աչքերով երկու հսկաներ
Ոտքերը ուժգին գետին խփեցին
Եւ հառաչեցին։
Յուզւած գուսանը մի վայրկեան լռեց,
Ապա փանդիռը առաւ ու տւաւ
Իրենից երէց,
Փառադէմ, հպարտ, ներշնչւած դէմքով
Ուրիշ գուսանին,
Որ անմիջապէս զարկաւ լարերին,
Բարձրաձայն երգեց։
«Բառերը կարճ են, աղքատ եւ տկար
Ասելու համար հըմայքը անմար
Հայկեան աշխարհի։
Բառերը խեղճ են, մսկոտ եւ նիհար,
Ասելու համար վսեմութիւնը
Եւ խորութիւնը, հսկայութիւնը
Հայկեան աշխարհի։
Եթե դուք քայլէք Արաքսի ափին,
Արաքսի ափին եթէ դուք քայլեք
Կանգ առէք մի պահ,
Ողջոյն մի տւէք մեր Արագածին։
Տիտանի հսկայ, ճեղքւած գագաթը
Ակ է, որտեղից հազար ջրերը
Կայծկլտանքներով
Վազում են միջով
Թաւ արօտների
Ցանում երգերը ծաղկող սրտերի։
Նաեւ` խոնարհած` ողջոյն մի տըւէք
Ախուրեան գետի հայելուն բեկբեկ
Եւ ողջոյն տըւէք Ծաղկունեաց, Փամբակ սեպ բարձունքներից
Իջնող շողերի վազքերին հրալից
Եւ սարահարթին`
Ուր գոռ Դեբեդը,
Կողերին տալով սրտի աղէտը,
Ձեռքերի ծափը երկինք նետելով,
Պոռալ կանչելով,
Խօսում է Լոռու կանաչ ծառերին
Եւ շառագունած ամպերի խմբին։
Եթէ ուզում էք աւելին տեսնել-
Վայելել, հրճւել-
Թամբեցէք ձեր ձին ամենաջահել,
Իր սմբակներին նոր պայտ գամեցէք,
Բերանին անցրէք
Զօրեղ պողպատէ
Ոսկիով նախշւած պինդակոփ սանձեր
Եւ, լուսաբացին, երբ պիտի մեկնէք-
Ձին մտրակելով երբ պիտի մեկնէք՝
Ճերմակ նախշերով մի գառ զոհեցէք։
Իմացէք, քաջեր, պիտի մագլցէք
Ահարկու սարեր,
Իջնէք խորախոր, դիւաբնակ կիրճեր,
Բարձրանաք ժայռեր, եզերէք՝ ձորեր`
Հրաբուխով կերտւած վիթխարի վայրեր։
Երբ Որոտանու եւ Ազանիի
Բարձրերը ճեղքէք եւ մրրիկների
Վայող, դղրդող բերդերը անցնէք-
Պիտի ներս մտնէք Սիւնեաց աշխարհը,
Ուր բուք բուրանը
Ծեծում է մթնած երկնքի կալը,
Խուժում, տըրորում կեանքի սահմանը,
Կոտրում օրերի մուրճ եւ զնդանը
Եւ, դղրդաձայն, սաղմոսում մի վէպ
Ահարկու եւ սեպ։
Այս վէպը, քաջեր, չեմ կարող պատմել—
Խօսքերով աղքատ չեմ կարող պատմել
Բայց եթէ լսէք ձեր ժիր սրտերին,
Դարուց դար հնչող արձագանքներին՝
Պիտի հասկանաք մեր ցեղի գաղտնին»:
Աղբյուրը՝ Կոստան Զարյան, Գիրք դիւցազներգութեանց,
Սարգիս Խաչենց, Փրինթինֆո, Անտարես, Երևան, 2017: