Չկա թերևս մի ընթերցասեր մարդ, կամ գրականագետ, որ չի ցանկացել հայտնվել իր սիրելի գրողի աշխատանոցում, կամ գուցե գլխում, նրա ստեղծագործության առանձնահատկությունները, ստեղծման շարժառիթներն ու գաղափարները հասկանալու համար։ Ստեղծագործական ընթացքը անչափ հետաքրքիր ու խորհրդավոր մի երևույթ է, որը հաճախ չեն կարող ամբողջությամբ բացատրել նույնիսկ իրենք՝ գրողները։ Այն բազմաթիվ երևութների՝ ներշնչման, ինտուիցիայի, աշխարհաճանաչողության, գրական փորձառության ու, ի վերջո, հիշողության մի բարդ համադրություն է, որը մինչև վերջ անմեկնելի է, նույնիսկ այն դեպքում եթե ընթերցողը ինչ-որ մի մոգական հնարանքով ստանա գրողի հիշողությունների աշխարհի բանալիները։ Դեպի Շեքսպիրի հիշողության աշխարհ այդպիսի մի ֆանտաստիկ ճամփորդություն է առաջարկում արգենտինացի նշանավոր գրող Խորխե Լուիս Բորխեսը։ «Շեքսպիրի հիշողությունը» անունը կրող պատմվածքը ընդգրկված է հեղինակի վերջին գրքում և թերևս նրա վերջին գործն է։ Բորխեսն այստեղ փորձում է հասկանալ՝ ի՞նչ կտա գրականագետին հերոսի հիշողության իմացությունը, արդյոք հնարավոր է ամբողջությամբ հասկանալ որևէ գրական ստեղծագործություն և, ի վերջո, կկորցնի՞ արդյոք ընթերցող-գրականագետն իր անհատականությունը հայտնվելով մի այդպիսի իրավիճակում։ Ներկայացնում ենք Խորխե Լուիս Բորխեսի այս ուշագրավ պատմվածքը։
Խորխե Լուիս Բորխես
Շեքսպիրի հիշողություն
Կան Գյոթեի, Էդդաների1 կամ ուշացած «Նիբելունգների երգ»-ի երկրպագուներ, իսկ իմ ճակատագիրը Շեքսպիրն է եղել: Եվ մինչ օրս էլ կա, բայց այնպիսի մի տարբերակով, որը ոչ ոք չէր կարող կանխատեսել, բացառությամբ մի մարդու՝ վերջերս Պրետորիայում վախճանված Դանիել Թորփի: Մի հոգի էլ կա, որի երեսը երբեք չեմ տեսել:
Անունս Հերման Զյորգել է: Հետաքրքրասեր ընթերցողը գուցե կարդացել է իմ «Շեքսպիրի ժամանակագրությունը», որը, ըստ իս, մի ժամանակ անհրաժեշտություն էր նրա ստեղծագործությունը լավ ըմբռնելու համար և թարգմանվել է տարբեր լեզուներով, ի թիվս այլոց՝ նաև իսպաներեն: Շատ հավանական է նաև, որ ընթերցողը հիշի այն ձգձգված բանավեճը, որը ծագել էր 1734 թվականին Թեոբալդի հրատարակած վերլուծականում տեղ գտած մի ճշգրտման շուրջ, որն այդ ժամանակվանից ի վեր անվիճարկելի կանոն է դարձել: Այսօր ինձ զարմացնում է այժմ գրեթե օտար դարձած իմ այդ էջերի անբարեկիրթ տոնը: 1914-ին մի աշխատություն գրեցի (և տպագրության չհանձնեցի) Հոմերոսի թարգմանության մեջ հունագետ և դրամատուրգ Ջորջ Չափմենի հորինած բարդ բառերի վերաբերյալ, որոնք անգլերենը հետ են տանում – իսկ դա նրա մտքով չէր էլ անցնում – դեպի իր անգլոսաք սոնական (Urprung) ակունքները: Երբեք չէի մտածել, որ նրա ձայնը, որ այժմ մոռացել եմ արդեն, այդքան հոգեհարազատ կլիներ ինձ... Միայն անվանս սկզբնատառերով ստորագրված ևս մի հոդված, կարծում եմ, ամբողջացնում է իմ գրական կենսագրությունը: Չգիտեմ, արդյոք իրավունք ունե՞մ հավելել նաև «Մակբեթ»-ի չհրատարակված թարգմանությունը, որին ձեռնամուխ էի եղել, որպեսզի այլևս չմտածեմ 1917-ին Արևմտյան ճակատում զոհված իմ եղբայր Օտտո Յուլիուսի մահվան մասին: Ես այդ թարգմանությունը չավարտեցի, հասկացա, որ անգլերենը, ի նպաստ իրեն, երկու ռեգիստրի հնարավորություն ունի` գերմանական և լատինական, այնինչ մեր գերմաներենը, չնայած ավելի երաժշտական լինելուն, պետք է միայն մեկով սահմանափակվի:
Արդեն հիշատակեցի Դանիել Թորփին: Ինձ մայոր Բարքլին էր ծանոթացրել նրա հետ շեքսպիրյան մի համաժողովի ժամանակ։ Տեղն ու ամսաթիվը չեմ նշում. ես քաջ գիտեմ, որ նման ճշգրտումներն իրականում շատ մոտավոր են լինում:
Դանիել Թորփի դեմքից, որ իմ մասնակի կուրության շնորհիվ ջնջվում է հիշողությունիցս, առավել հատկանշական էր նրա ակներև դժբախտ տեսքը: Տարիքի հետ մարդ շատ բան կարող է ձևացնել, բայց ոչ երջանկություն: Դանիել Թորփից ուղղակի ֆիզիկապես տրտմություն էր ծորում: Մի երկարատև նիստից հետո երեկոն մեզ մի պանդոկ տարավ: Որպեսզի մեզ Անգլիայում զգայինք (որտեղ արդեն իսկ գտնվում էինք) ցինկե ավանդական գավաթներով գոլ ու մուգ գարեջուր էինք պարպում:
-Փենջափում,– ասաց մայորը,-ինձ մի մուրացկան կնոջ ցույց տվեցին: Ըստ իսլամական մի ավանդազրույցի՝ Սողոմոն թագավորը մի մատանի ուներ, որը նրան հնարավորություն էր տալիս հասկանալ թռչունների լեզուն: Ասում էին, որ այդ մատանին մուրացկանի ձեռքն էր ընկել: Նրա արժեքն այնքան անգնահատելի էր, որ մուրացկանն այդպես էլ չկարողացավ վաճառել այն և մահացավ Լահորում, Վազիլ Խանի մզկիթի բակերից մեկում:
Ես մտածեցի, որ Չոսերին2 ծանոթ էր հրաշագործ մատանու հեքիաթը, բայց եթե այդ մասին բարձրաձայն ասեի, կփչացնեի Բարքլիի պատմությունը:
– Իսկ մատանին ի՞նչ եղավ,- հարցրի ես:
– Կորավ, ինչպես սովորաբար կորչում են կախարդական բոլոր իրերը: Գուցե հիմա մզկիթի որևէ թաքստոցում է կամ մի մարդու ձեռքին, որն ապրում է մի վայրում, որտեղ թռչուններ չկան:
– Կամ էլ այնքան շատ կան,- միջամտեցի ես, – որ ինչ ասում են, խառնվում է իրար:
- Ձեր պատմության մեջ, Բարքլի, այլաբանական բան կա:
Դանիել Թորփը խոսեց այդ պահին: Խոսեց մի տեսակ ոչ ոքի չդիմելով, առանց հայացքը մեզ դարձնելու: Նրա անգլերեն արտասանությունը յուրահատուկ էր, որը ես նրա՝ երկար տարիներ արևելքում ապրած լինե լուն վերագրեցի։
- Այլաբանություն չէ,– ասաց նա,- իսկ եթե նույնիսկ այլաբանություն է, ապա ճշմարտությունն է բարբառում:
Բաբելոնյան գրադարան
Կան բաներ, որ այնպիսի անգնահատելի արժեք ունեն, որ չեն կարող վաճառվել:
Բառերը, որ փորձում եմ վերաշարադրել, ավելի քիչ տպավորություն թողեցին ինձ վրա, քան այն համոզվածությունը, որով արտասանեց դրանք Դանիել Թորփը: Մենք մտածեցինք, որ էլի ինչ-որ բան կասի, բայց նա հանկարծ լռեց՝ կարծես զղջալով ասածի համար: Բարքլին հրաժեշտ տվեց մեզ: Մենք երկուսով հյուրանոց վերադարձանք: Արդեն բավականին ուշ էր, սակայն Դանիել Թորփն առաջարկեց իր սենյակում շարունակել զրույցը: Մի քանի ծեծված մտքեր փոխանակելուց հետո
ասաց․
- Ես ձեզ թագավորի մատանին եմ առաջարկում: Իհարկե, սա փոխաբերական իմաստով է ասված, սակայն այն, ինչ թաքնված է այդ փոխաբերության տակ, պակաս հրաշք բան չէ, քան մատանին: Ես ձեզ Շեքսպիրի հիշողությունն եմ առաջարկում՝ սկսած հեռավոր վաղ մանկության օրերից մինչև 1616 թվականի ապրիլի սկիզբը:
Ես բառ չգտա ասելու։ Կարծես ծով առաջարկեին ինձ: Թորփը շարունակեց.
– Ես ոչ խաբեբա եմ, ոչ էլ խելագար: Խնդրում եմ, դեռ կարծիք մի հայտնեք, քանի դեռ մինչև վերջ չեք լսել ինձ: Մայորը երևի ձեզ ասած կլինի, որ ես զինվորական բժիշկ եմ կամ էի: Ամբողջ պատմությունը մի քանի բառով կարելի է ներկայացնել: Ամեն ինչ արևելքում սկսվեց, արյունաբանական մի հոսպիտալում, լուսաբացին: Ստույգ ամսաթիվն էական չէ: Իր վերջին շնչում մի շարքային զինվոր՝ Ադամ Քլեյը, որը հրացանից արձակված երկու գնդակ էր ստացել, մարող
ձայնով ինձ այդ անգնահատելի հիշողությունն առաջարկեց: Հոգեվարքն ու տենդը հնարագյուտ բաներ են. ես առաջարկությունն ընդունեցի՝ հավատ չընծայելով դրան: Իմիջիայլոց, մարտական գործողություններից հետո ոչ մի բան տարօրինակ չի թվում: Նա հազիվ ժամանակ ունեցավ ինձ բացատրելու նվիրատվության բացառիկ պայմանները: Շնորհի տերը պետք է բարձրաձայն առաջարկի այն, մյուսը պետք է բարձրաձայն ընդունի: Շնորհը հանձնողը առմիշտ զրկվում է նրանից:
Զինվորի անունն ու նվերը հանձնելու պաթետիկ տեսարանն ինձ գրքային թվացին բառիս վատ իմաստով։
Փոքր-ինչ երկնչելով հարցրի.
– Եվ դուք հիմա Շեքսպիրի հիշողությունն ունեք:
– Դեռ մի բան էլ երկուսն ունեմ: Իմ սեփականը և այն Շեքսպիրինը, որը մասամբ ես եմ: Ավելի ճիշտ, ես ինքս եմ պատկանում այդ երկու հիշողություններին: Մի հատված կա, որտեղ այդ երկուսը խառնվում են իրար: Մի կնոջ դեմք կա, որը չգիտեմ որ դարին վերագրեմ։
Արդ, հարցրի նրան.
- Եվ ի՞նչ եք արել Շեքսպիրի հիշողությամբ։ Մի պահ լռություն տիրեց: Քիչ անց խոսեց.
– Կենսագրական մի վեպ եմ գրել, որն անուշադրության է մատնվել քննադատների կողմից և կոմերցիոն ինչ-ինչ հաջողություններ ունեցել Միացյալ Նահանգներում ու գաղութներում։ Դա է ամբողջը: Ես ձեզ նախազգուշացրի, որ իմ ընծան խոշոր շահում չէ: Իսկ հիմա ձեր պատասխանին եմ սպասում:
Ես մտքերի մեջ ընկա: Մի՞թե իմ որքան և անգույն, նույնքան էլ տարօրինակ կյանքը Շեքսպիրին որոնելուն չեմ նվիրաբերել: Մի՞թե արդարացի չի լինի, որ իմ ուղու վերջնագծում գտնեմ նրան:
Եվ բառերը հատ-հատ արտաբերելով՝ ասացի․
-Ես ընդունում եմ Շեքսպիրի հիշողությունը:
Ինչ-որ բան տեղի ունեցավ անշուշտ, բայց ես ոչինչ չզգացի:
Թերևս նոր-նոր ծայր առնող հոգնածություն, ամենայն հավանականությամբ՝ մտացածին:
Պարզորոշ հիշում եմ, թե ինչ ասաց Թորփը.
- Հիշողությունն արդեն թափանցեց ձեր գիտակցության մեջ, բայց դեռ պետք է ի հայտ բերեք այն: Նա գլուխ կբարձրացնի երազներում, արթմնի, գրքի էջեր թերթելիս կամ փողոցի անկյունում թեքվելիս: Անհամբերություն չցուցաբերեք, հուշեր չհորինեք: Դիպվածը կարող է խթանել կամ կասեցնել նրան, այդպիսին է նրա հանելուկային բնույթը: Որքան ես աստիճանաբար մոռանամ, հընթացս կսկսեք հիշել։ Ես ձեզ ժամկետներ չեմ խոստանում:
Գիշերվա մնացած մասը մենք Շեյլոկի կերպարը քննարկելով անցկացրինք: Ես մի կերպ զսպեցի ինձ, որ չհարցնեմ, թե Շեքսպիրն անձնական շփումներ ունեցե՞լ է հրեաների հետ: Չուզեցի, որ Թորփին թվար, թե փորձում եմ իրեն:
Համոզվեցի,– թեթևությամբ, թե հուզմունքով, ինքս էլ չգիտեմ,– որ նրա տեսակետները նույնքան ակադեմիական էին, նույնքան ավանդական, որքան և իմը:
Չնայած, որ այդ օրն արթուն անցկացրի, հաջորդ գիշերը գրեթե աչք չփակեցի: Շատ ուրիշ անգամների նման համոզվեցի, որ վախկոտի մեկն եմ: Խաբված լինելու վախից դրդված՝ մեծ-մեծ հույսեր փայփայելուն չտրվեցի: Փորձեցի մտածել, որ Թորփի նվերն անիրական է: Սակայն հույսն անդիմադրելիորեն արմատներ էր գցում: Շեքսպիրն իմն էր լինելու, ինչպես ոչ ոք ոչ ոքինը չի եղել ո՛չ սիրո մեջ, ո՛չ ընկերության և ո՛չ էլ անգամ ատելության: Ինչ-որ առումով ես Շեքսպիրն էի լինելու: Ողբերգություններ ու բարդ-բարդ սոնետներ չէի գրելու, բայց հիշելու էի այն պահը, երբ աչքիս վհուկներն են երևացել, որոնք ճակատագրի դիցուհիներն են նաև, և այն պահը նաև, երբ ինձ տրված է եղել բազմանշանակ տողեր գրել.
And shake the yoke of inauspicious stars
From this worldweary flesh.3
Ես հիշելու էի Էնն Հեթուեյին, ինչպես հիշում եմ հիմա արդեն տարիքն առած այն կնոջը, որ տարիներ առաջ Լյուբեկի բնակարաններից մեկում ինձ սիրո առաջին դասերը տվեց: (Փորձեցի մտաբերել նրա դեմքը և միայն դեղին պաստառը հիշեցի ու պատուհանից թափանցող պայծառ լույսը։ Այս առաջին անհաջողությունս էլ հենց պետք է որ կանխորոշած լիներ մյուս ձախողումներս)։
Ես ենթադրում էի, որ յուրատեսակ հիշողության պատկերներն առաջին հերթին տեսողական պետք է լինեն: Իրականությունը ցույց տվեց, որ այդպես չէ։ Օրեր անց հայելու առաջ սափրվելիս ես մի քանի բառ արտասանեցի, որոնք ինձ շատ օտար թվացին և, ինչպես իմ գործընկերներից մեկը հուշեց, Չոսերի «Այբուբեն»-ից էին:
Մի երեկո Բրիտանական թանգարանից դուրս գալիս սկսեցի մի պարզունակ եղանակ սուլել, որը երբեք չէի լսել:
Ընթերցողը հավանաբար արդեն նկատած կլինի հիշողության այս առաջին դրսևորումների ընդհանուր առանձնահատկությունը, այն, որ հակառակ որոշ փայլուն փոխաբերությունների՝ այդ հիշողությունն ավելի շուտ լսողական է, քան տեսողական: Դը Քուինսին պնդում է, որ մարդու ուղեղը կրկնադիր մագաղաթի նման է: Յուրաքանչյուր նոր գիրը ծածկում է նախորդը և իր հերթին ծածկվում հաջորդով, սակայն ամենակարող հիշողությունը ունակ է պեղել ցանկացած տպավորություն, որքան էլ թռուցիկ եղած լինի այն, եթե նրան անհրաժեշտ ազդակներ տրվեն: Կտակից դատելով՝ Շեքսպիրը տանը ոչ մի գիրք չի ունեցել, անգամ Աստվածաշունչ, սակայն բոլորին էլ հայտնի են այն գործերը, որոնք հաճախ էր ձեռքն առնում նա: Չոսեր, Գաուեր, Սփենսեր, Քրիստոֆեր Մարլո: Հոլինշիդի «Քրոնիկա»-ն, Մոնտեն՝ Ֆլորիոյի թարգմանությամբ, Պլուտարքոս՝ Նորթի թարգմանությամբ։ Շեքսպիրի հիշողությունը դեռևս քողարկված էր իմ մեջ, ընթերցանությունը, ավելի ճիշտ՝ այդ հինավուրց մատյանների վերընթերցումը այն ազդակը կլիներ, որը և հարկավոր էր ինձ: Ես նաև սոնետները վերընթերցեցի, որոնք նրա ամենաանմիջական ստեղծագործություններն են: Մի անգամ դրանց մեկնաբանությունն եմ գտել կամ բազմաթիվ այլ մեկնաբանություններ: Լավ տողերը պարտադրում են բարձրաձայն կարդալ: Մի քանի օր հետո ես առանց ջանք թափելու վերականգնեցի տասնվեցերորդ դարի
հնչեղ ռ-երի և բաց ձայնավորների արտասանությունը:
«Zeitschrift für germanische Philologie»-ում գրեցի, որ 127-րդ սոնետը «Անպարտելի Արմադա»-ի անմոռանալի ջախջախմանն է վերաբերում։ Մտքիցս թռել էր, որ դեռևս 1899 թվականին Սեմյուել Բաթլերն4 է առաջ քաշել
այդ վարկածը:
Սթրադֆորդ-օն-Էյվոն կատարած այցելությունս, ինչպես և կարելի էր կանխատեսել, միանգամայն ամուլ դուրս եկավ։
Իսկ հետո երազներիս աստիճանական փոփոխությունները սկիզբ առան։ Ինձ հոյակապ մղձավանջներ չվիճակվեցին, ինչպես դը Քուինսիին, և ոչ էլ այլաբանական բարեգութ տեսիլներ, ինչպես նրա ուսուցիչ Ժան Պոլին5: Անծանոթ դեմքեր ու սենյակներ խուժեցին իմ գիշերների մեջ։ Իմ ճանաչած առաջին դեմքը Չափմենինն6 էր, այնուհետև Բեն Ջոնսինը7 և բանաստեղծի հարևանինը, ով կենսագրականներում չի հայտնվում, սակայն հավանաբար հաճախակի էր Շեքսպիրի աչքով
ընկնում:
Մարդ որ հանրագիտարան է ձեռք բերում, ամեն տողը, ամեն հոդվածը, ամեն էջը և ամեն նկարը չի, որ ձեռք է բերում. նա ձեռք է բերում ընդամենը այդ ամենից որևէ մեկի հետ ծանոթանալու հնարավորությունը։ Եվ եթե այդ բանը տեղի է ունենում կոնկրետ և հարաբերականորեն հասարակ, այբբենական կարգով դասավորված հոդվածներով մի նյութի հետ, մի՞թե չի կարող տեղի ունենալ վերացական և անկայուն, ondoyant et divers8 մի գոյի հետ, ինչպիսին մեռած մի մարդու հրաշք հիշողությունն է:
Ոչ ոք ի զորու չէ լոկ մի պահի մեջ ընդգրկել իր անցյալն ամբողջությամբ։ Ո՛չ Շեքսպիրին, որքան գիտեմ, և ո՛չ էլ ինձ, որ նրա մասնակի ժառանգորդն եմ դարձել, այդ շնորհով չեն օժտել: Մարդ արարածի հիշողությունը հանրագումար չէ, այն անորոշ հնարավորությունների խառնաշփոթ է: Սուրբ Ագուստինը, եթե չեմ սխալվում, խոսում է հիշողության ամրոցների և անձավների մասին: Երկրորդ փոխաբերությունն ամենադիպուկն է: Ահա՛ այդ անձավներն էլ մտա ես:
Մեզնից ցանկացածի հիշողության նման Շեքսպիրի հիշողությունն էլ մութ ծալքեր ուներ՝ միտումնավոր ետ մղված խոշոր մութ շերտեր։ Ոչ առանց ցնցում ապրելու հանկարծ հիշեցի, որ Բեն Ջոնսոնը նրան ստիպում էր լատինական և հունական վեցաչափ ոտանավորներ արտասանել, և լսողությունը՝ Շեքսպիրի անզուգական լսողությունը, սովորաբար դավաճանում էր նրան ոտքերից մեկն արտասանելիս՝ գործընկերների քրքիջով ուղեկցվելով:
Ես ճաշակեցի և՛ ուրախություն, և՛ ցավ, որոնք հասու են մարդկային ապրումներին: Առանց իմ իմացության՝ երկարատև և ջերմեռանդ միայնությունս ինձ նախապատրաստել էր, որպեսզի այդ հրաշքը խոնարհաբար ընդունեի:
Մոտ մեկ ամիս անց մեռած մարդու հիշողությունն արդեն խանդավառում էր ինձ: Մի ամբողջ շաբաթ արտասովոր երջանկության զգացում էի ապրում՝ ինձ գրեթե Շեքսպիր էի զգում: Նրա ստեղծագործությունը նորովի ընկալեցի: Ես գիտեմ, որ լուսինը Շեքսպիրի համար ոչ այնքան լուսինն է, որքան Դիանա դիցուհին և ոչ այնքան Դիանան, որքան այդ մութ, հապաղ բառը՝ moon: Մեկ այլ բացահայտում արձանագրեցի: Շեքսպիրի թվացյալ անփութությունը, այդ absence dans
l'infini-ն9, որի մասին դրվատանքով է արտահայտվում Հյուգոն, կանխամտածված է եղել։ Շեքսպիրը դրանք թույլ է տվել կամ ներմուծել է, որպեսզի բեմի համար նախատեսված իր խոսքը ինքնաբուխ թվա և ոչ չափազանց հղկված ու արհեստական (nicht allzu glatt und gekünstelt): Եվ նույն շարժառիթով էլ նա խառնել է իր փոխաբերությունները:
my way of life
Is fall'n into the sear, the yellow leaf
Մի առավոտ մեղք տարորոշեցի նրա հիշողության խոր ծալքերում։ Չփորձեցի որոշարկել. Շեքսպիրն այդ բանն արել է ողջ կյանքում։ Միայն ասեմ, որ այդ մեղքը ոչ մի առնչություն չուներ անառակության հետ: Հասկացա, որ մարդկային հոգու երեք հատկությունները՝ հիշողություն, բանականություն և կամք, սխոլաստիկների հնարածը չեն: Շեքսպիրի հիշողությունը չէր կարող այլ բան ի հայտ բերել ինձ համար, քան Շեքսպիրի կյանքի հանգամանքները: Բայց ակնհայտ է, որ դրանց մեջ չէ ամփոփված պոետի բացառիկությունը, կարևորն այն է, թե ինչ է արարել նա այդ փխրուն նյութից:
Միամտաբար, Թորփի նման ես էլ էի կենսագրական գրելու մասին մտմտում։ Բայց շուտով ինձ համար պարզ դարձավ, որ գրական այդ ժանրը գրողական ունակություններ է պահանջում, որոնցից որոշակիորեն զուրկ եմ ես։ Շարադրել չգիտեմ: Չեմ կարող շարադրել իմ սեփական պատմությունը, որ շատ ավելի արտասովոր է, քան Շեքսպիրինը: Ընդ որում՝ այդ գիրքը բանի պետք չէր էլ լինելու: Նախախնամությունը թե ճակատագիրը Շեքսպիրին ընձեռել էին այն ամենավուրն ու սարսափելին, որոնց ծանոթ է ամեն ոք, իսկ նա կարողացել է սյուժեների վերածել դրանք, շատ ավելի կենդանի կերպարների, քան այն միջակ մարդը, ով երազում տեսել է այդ կերպարներին, բանաստեղծությունների, որոնք սերունդները վառ են պահելու, և բառերի երաժշտության: Ուրեմն ինչո՞ւ, ինչի՞ համար քանդել այդ ցանցը, ինչի՞ համար խարխլել աշտարակը, ինչի՞ համար փաստագրական կենսավեպի կամ ռեալիստական վեպի համեստ ձևաչափի մեջ խեղդել Մակբեթի ձայնն ու ցասումը:
Գյոթեն, ինչպես հայտնի է, Գերմանիայի պաշտոնական կուռքն է համարվում, բայց հոգու խորքում մենք Շեքսպիրին ենք երկրպագում և ոչ առանց կարոտի: (Անգլիայում պաշտոնական կուռքը Շեքսպիրն է համարվում, ով այնքա՛ն հեռու է անգլիացիներից, սակայն Անգլիայի գլխավոր գիրքը Աստվածաշունչն է):
Իմ արկածի առաջին շրջանում Շեքսպիր լինելուց ինձ յոթերորդ երկնքում էի զգում, վերջին շրջանում՝ ճնշված ու սարսափահար: Սկզբում երկու հիշողություններիս ջրերն իրար չէին խառնվում: Ժամանակի ընթացքում
Շեքսպիրի հզոր գետը սպառնալից դարձավ և գրեթե կլանեց իմ համեստ գետակին: Սոսկումով նկատեցի, որ սկսել եմ մոռանալ իմ մայրենի լեզուն: Եվ քանզի մարդու անհատականությունը հիշողության վրա է հիմնված, վախեցա խելքս թռցնեմ:
Ընկերներս այցելության էին գալիս ինձ, ապշում էի, որ չեն նկատում, որ դժոխքում եմ հայտնվել:
Սկսեցի ինձ շրջապատող ամենօրյա հասարակ բաները չհասկանալ (die alltagliche Umwelt)11: Մի առավոտ մոլորվեցի մետաղյա, փայտյա և ապակյա հսկայական ինչ-որ կառույցների մեջ։ Խլացա սուլոցներից ու գոչյուններից: Վարանեցի մի պահ, որն ինձ անվերջա նալի թվաց, մինչև ճանաչեցի Բրեմենի կայարանի շոգեքարշերն ու վագոնները:
Տարիքի հետ ամեն մեկն էլ ստիպված է լինում ուսերին կրել իր հիշողության հարաճուն բեռը: Ես կքում էի երբեմն իրար խառնվող երկու բեռան տակ՝ իմ սեփականի և ինձ անհաղորդ ուրիշ մեկի:
Յուրաքանչյուր առարկա համառորեն ցանկանում է ինքզինքը մնալ,– գրել է Սպինոզան: Քարն ուզում է քար լինել, վագրը՝ վագր. ես ուզում էի դարձյալ Հերման Զյորգելը լինել:
Ստույգ չեմ հիշում, թե երբ որոշեցի ազատագրվել։ Ամենադյուրին միջոցը գտա։ Պատահական հեռախոսահամարներ հավաքեցի: Մանկական կամ կանացի ձայներ էին պատասխանում: Մտածեցի, որ պարտավոր եմ խնայել նրանց: Ի վերջո տղամարդու կիրթ ձայն պատասխանեց: Եվ ես ասացի նրան.
- Կցանկանա՞ք Շեքսպիրի հիշողությունն ունենալ: Գիտեմ, գիտեմ, որ շատ դաժան բան եմ առաջարկում: Լա՛վ մտածեք:
Ձայնը վարանելով պատասխանեց.
- Դե ինչ, կառերեսվեմ ռիսկի հետ: Ես ընդունում եմ Շեքսպիրի հիշողությունը։
Ես հայտնեցի նվիրատվության պայմանները: Պարադոքսալ ձևով միաժամանակ և՛ կարոտ էի զգում այն գրքի հանդեպ, որ պետք է գրեի և ինձ արգելվեց գրել, և՛ վախ, որ ուրվական հյուրը երբեք չի լքի ինձ:
Լսափողը կախեցի և հույսով լի հետևյալ համակերպված բառերը կրկնեցի.
Simply the thing I am shall make me live.12
Ես հատուկ մեթոդներ էի հորինել հնամյա հիշողու թյունն արթնացնելու համար, հիմա ստիպված էի այլ միջոցներ գտնել այն ջնջելու համար։ Բազմաթիվ միջոց ներից մեկն էլ Ուիլյամ Բլեյքին՝ Սվեդենբորգի ըմբոստ աշակերտի դիցաբանության ուսումնասիրությունը դարձավ: Համոզվեցի, որ այն այնքան բարդ չէ, որքան խճճված: Այդ և մյուս ուղիները սնանկ դուրս եկան, բոլորն ինձ դեպի Շեքսպիրն էին տանում:
Ի վերջո գտա միակ ելքը, որը հույսի շող կարող էր ծնել` խստալուր և բազմաշերտ երաժշտություն՝ Բախ:
Հ. Գ. 1924թ. - Ես արդեն սովորական մարդ եմ բոլորի նման: Արթուն ժամանակ թոշակի անցած պրոֆեսորՀերման Զյորգելն եմ, իմ քարտադարանն եմ վարում և ծեծված թեմաներով գիտական հոդվածներ գրում, սակայն երբեմն լուսաբացին մոտ հասկանում եմ, որ գիշերները երազ տեսնողը ուրիշ մեկն է: Ժամանակ առ ժամանակ ինձ անակնկալի են բերում աննշան և թռուցիկ հուշեր, որոնք թերևս արժանահավատ են:
1. Էդդաներ – գերմանասկանդինավյան առասպելների ժողովածու:
2. Ջեֆրի Չոսեր (1343-1400) – անգլիացի բանաստեղծ, գրող, փիլիսոփա, դիվանագետ:
3.Ցնցելով դժպիհ աստղերի լուծը
Աշխարհից հոգնած մարմնիս վրայից։
«Ռոմեո և Ջուլիետ», թարգմ. Խ. Դաշտենցի
4.Սեմյուել Բաթլեր (1835-1902) - անգլիացի գրող, երգահան, բանասեր:
5.Ժան Պոլ (1763-1825) – գերմանացի գրող:
6. Ջորջ Չափմեն (1559-1634) – անգլիացի բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ:
7. Բեն Ջոնսոն (1572-1637) – անգլիացի բանաստեղծ, դրամատուրգ, դերասան, թատրոնի տեսաբան:
8.Ondoyant et divers - հարափոփոխ և տարաբնույթ (ֆրանս.):
9.Absence dans l'infini - բացակայություն անսահմանության մեջ (ֆրանս.):
10. Կյանքիս ընթացքը եկել հասել է դեղնած տերևի և թառամության:
«Մակբեթ», թարգ.՝ Հ. Մասեհյանի:
11.Die alltagliche Umwelt – ամենօրյա միջավայրը (գերմ.):
12. Այսպես էլ, այո՛, Չեմ կորչի կյանքում
«Ամեն ինչ լավ է, թե լավ վերջանա», թարգմ.՝ Հ. Սևանի:
Աղբյուրը՝ Խորխե Լուիս Բորխես, Բաբելոնյան գրադարան
(թարգմ․ Հովհաննես Բուդուկյան, Կառա Չոբանյան), Անտարես, Երևան, 2016