Իրանահայ թարգմանիչ, գրող Ժորժ Աբրահամյանի «Հորս կոշիկները» պատմվածքը թերև կենսագրական հղումներ ու իրական հերոսների ունի, գուցե պատմում է շատ որոշակի հայրիկի մասին, սակայն ինչպես լավ գրականությունն ընդհանարապես, այս պատմվածքը նույնպես, կենսագրական որոշակի դրվագից վերաճում է կարևոր գաղափարի, այս դեպքում՝ հայրության մասին ընդհանրական պատմության: Իրանահայերի կյանքից այս հուզիչ պատմության մեջ, ընթերցողը չի գտնի հերոսին իդեալականացնելու միտում, հայրության բարձր առաքելության մասին խրատ կամ քարոզ: Հեղինակն արևելյան հանդարտությամբ, սեղմ դիպաշարով, սակավ գեղարվեստական միջոցներով ուղղակի պատմում շատ սովարական մի պատմություն, շատ սովորական մի մարդու մասին, որը չէր սիրում նոր կոշիկներ գնել: Սակայն պատումի համեստությունը, հեղինակի քչախոսությունն էլ ավելի են ընդգծում գլխավոր հերոսի կերպարը՝ նրա խոնարհությունը, սերը, նվիրումն ընտանիքին և ամենակարևորը՝ հայր լինելը:
Հորս կոշիկները
Ինձ միշտ թվում էր հայրս ընդամենը մի զույգ կոշիկ ունի։
Նրա մյուս կոշիկները երկու մեծ եղբայրներիս նախկին կոշիկներն էին, որոնք երբ հնանում էին, հագնում էր հայրս, ու կարևոր չէր, թե ինչ գույնի, կամ ինչ ոճի կլինեին։
Հորս ոտքերը փոքր էին ու հարմարվող։
Որքան հիշում եմ հայրս երկու անգամ էր իր համար կոստյում պատվիրել. մի անգամ քրոջս հարսանիքին, մի անգամ էլ, երբ պիտի Հայաստան ճամփորդեր, եղբորը ու նրա ընտանիքին հանդիպելու նպատակով, նրանց՝ Խորհրդային Հայաստան ներգաղթելուց երկար տարիներ հետո։
Հայրս, երբ կոստյումը դերձակից վերցրեց, մի զույգ սև կոշիկ էլ դերձակի խանութի մոտ գտնվող կոշիկի խանութից գնեց։ Միասին էինք։ Դերձակի խնդրանքով նա կոստյումը հագավ ու անմիջապես նկատեց, որ ոտքերին նոր կոշիկներ են պետք։
Իհարկե, մինչ գնելը, մի քանի րոպե կոշիկի խանութի դռան առջև մտմտաց հայրս, հասկանալու, թե իրո՞ք, իր ասելով՝ ոտնամաններ պետք են ոտքերին, թե՝ ոչ։ Հայրս ժլատ չէր, պարզապես կարծում էր, որ միայն իր երեխաներին են անհրաժեշտ նոր կոշիկներ։
Այս դեպքը եղել է տարիներ առաջ, որից հետո հայրս ոչ կոստյում պատվիրեց, ոչ էլ կոշիկներ գնեց։ Տղաները մեծացել էին արդեն։
Դրանից առաջ չեմ հիշում, թե ինչպե՞ս է եղել։ Ես փոքր էի, և եղբայրներիս ոտքերը դեռ չէին մեծացել։
*****
Մի օր ցուրտ ձմռանը, երբ եղբայրս ու նրա կինը մեր տուն եկան, եղբայրս սուրճը խմեց մորս պատրաստած բորսաղի հետ, ապա գնաց, իր ավտոմեքենայից մի զույգ սրածայր շագանակագույն սապոգ բերեց ու մորս ասաց.
- Սրանք ինձ պետք չեն, Հելենն ասում ա չեն սազում ինձ, բոյս ավելի կոլոտ են ցույց տալիս։Հետո գնաց միջանցք, կոշիկները դրեց կոշիկի պահարանի կողքին ու բարձր ձայնով շարունակեց.
- Մա՛մ, կտաս մեկին, ով կարիքն ունենա։
Քիչ անց ժպիտը դեմքին նայեց սակավախոս հորս ու շեշտեց.
- Կարիքավոր, մա՛մ...
Հետո մորս ականջին քչփչաց.
- Չթողնես պապան հագնի։
Բայց հաջորդ օրը հայրս սապոգները հագավ ու մի քանի տարի նույն կոշիկներով ձմռան ցրտերին աշխատեց իր երկաթագործության արհեստանոցում, ուշադրություն չդարձնելով սրածայր կոշիկների մասին հաճախորդների կատակներին։
Հայրս միայն աշխատում էր ու կոշիկ առնելու ժամանակ ու հավես չուներ, իսկ եթե ունենար էլ, չէր առնի, մեզ համար կառներ։
Երբ նա մահացավ, մի ամբողջ շաբաթ մայրս արտասվեց և արտասվելով հավաքեց հորս հագուստները մի ճամպրուկի մեջ, հետո սրածայր կոշիկները դրեց տոպրակի մեջ ու ինձ մեկնեց.
-Դուրս գնացիր, էս կոշիկներն էլ կգցես աղբամանի մեջ։
Կոշիկները աղբարկղի մեջ նետելուց առաջ հանեցի սև տոպրակի միջից, նայեցի դրանց, մաշված չէին։ Հորս ոտքերը իր նման էին` ոչ մեկին վնաս չէին կարող պատճառել։
Կոշիկները նետելուց հետո ինքս ինձ ասացի.
- Տեսնես կոշիկնե՞րն էլ հորս ոտքերի պես են եղել։