«...քառորդ դար ընդմիջումից հետո, շարունակում եմ աշխատել «Արարատ» տրեստի մառանների կառուցապատման շարունակության նախագծի վրա: Սա մի անհատնում խոսք է, մի բազմավեպ, որի գործող անձինք անընդհատ փոխվում են, ավելանում, որպեսզի շարունակեն նախորդների արածը, մեծացնեն ու հարստացնեն հայոց գինու հրաշալի ամբարները: Եվ ահա, այդ գործարանը, հետզհետե զարգանալով, պիտի մոտենա իր հիմնական կերպարին, Հրազդանի ժայռապատ ձորի գլխինվեր խոյանա որպես մի հուժկու ժայռակոփ բերդ»,-գրում է Ռաֆայել Իսրայելյանը 1970-ականներին:
Հայաստանի ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը, այն ժամանակ «Արարատ» տրեստի, այսօր համանուն գինու, օղու ու կոնյակի գործարանի մառանների նախագծման աշխատանքները սկսում է 1937 թվականին: Այս մոնումենտալ կառույցի նախագծումը դառնում է Ռ. Իսրայելյանի առաջին մեծ աշխատանքը: Հենց այս առաջին խոշոր աշխատանքում երևում է մեծ ճարտարապետի՝ կառույցի ֆունկցիոնալ-տեխնոլոգիական պահանջներ, քաղաքաշինական նշանակությունն ու գեղագիտությունը համադրելու տաղանդը: Խորհրդային շրջանի արտադրական շատ շենքերի պատերին կարելի էր դեկորատիվ տարրեր գտնել, որոնք հաճախ կապ չունեին նրա ֆունկցիոնալության հետ, սակայն այս դեպքում այլ էր:
Անհրաժեշտ էր մառանների խուլ պատն այնպես հարդարել, որ դետալները արտահայտեին կապը այդ վայրի անցյալի՝ Երևանի բերդի, հարակից Հրազդանի ձորի, նաև հենց կառույցի ներկա նշանակության ու բովանդակության հետ:
Հենց այս տեսանկյունից ուշագրավ է, որ Ռ.Իսրայելյանը բացի բուն ճարտարապետական կարևոր լուծումները, դեկորատիվ հարդարման մեջ օգտագործում է գրական-բանահյուսական աղբյուրներից ծանոթ կերպարներ ներկայացնող քանդակներ:
Ընդհանրապես մեծ ճարտարապետը շատ լավ գիտեր ու սիրում էր գրականությունն ու բանահյուսությունը, նա նույնիսկ ակնարկներ է հեղինակել նվիրված ժողովրդական հեքիաթների, առած-ասացվածքների հրատարակություններին:
Եվ պատահական չէր, որ մառանների պատի հարթաքանդակները պատկերում են Վարդան Այգեկցու առակների Հակոբ Կոջոյանի նկարազարդումները:
Սակայն ինչպե՞ս և ինչո՞ւ հատկապես ընտրվեցին այդ պատկերները:
1934 թ. Պետհրատը լույս է ընծայում Վարդան Այգեկցու առակների Ակսել Բակունցի կազմած ժողովածուն, որի նկարազարդումները իրականացրել էր Հակոբ Կոջոյանը:
Մ.Մազմանյան, Հ.Կոջոյան, Ռ.Իսրայելյան
Ամենայն հավանականությամբ այս տպավորիչ գիրքը, նաև Հակոբ Կոջոյանի հետ մտերմությունն ու նրա խորհուրդները պատճառ դարձան, որ կոջոյանական պատկերները հարթաքանդակների ձևով հայտնվեն գինու գործարանի մառանների պատերին: Այսպիսին է օրինակ այս նրբագեղ եղնիկը:
Ուշագրավ է, որ պատի երկու կամարների արանքում տեղավորված կոջոյանական եղնիկի քանդակի տակ կա նաև արձանագրություն.«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ ՀԱԿՈԲ ԿՈՋՈՅԱՆԻ ԱՅՍ ԵՂՆԻԿԸ ՔԱՆԴԱԿԵՑԻՆՔ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ»:
Կամարներից մեկի ներքևի ձախ անկյունում քանդակված է Վարդան Այգեկցու «Աղվեսագրքի» գլխավոր հերոսների մեկը՝ աղվեսը, որի քիթն ինչպես վկայում է ժողովրդական առածը խաղողին չի հասնում:
Շենքի կենտրոնական մուտքի վերևում արդեն կարող ենք տեսնել Վարդան Այգեկցու «Գինի» առակի այրու որդուն, որին մայրը՝ անտեսելով գինի խմելու թագավորական արգելքը, ամեն օր մի թաս գինի էր տալիս և մի գիշեր հենց այդ տղան էլ սպանում է առյուծին:
Այսինքն՝ ամեն ինչ գեղեցիկ ու օգտակար է ճիշտ չափի ու կիրառության ճիշտ ժամանակի մեջ:
Լուսանկարների աղբյուրը՝ www.risrayelyan.com