Շամիրամ
Նորից անմար կարոտով գգվանքների ու հրի՝
Դու եկել ես տեսնելու քաղաքները Նաիրի:
Անհրապույր ու կանաչ քո աչքերը մեռելի
Ցանկությունով հրահրված՝ անհագ վառվել են էլի:
Դու անցնում ես ու տեսնում քաղաքները հիմա այն,
Որոնց տեղ խոտ էր բուսնում, երբ դեռ ապրում էր Արան:
Ա՛յլ է աշխարհը հիմա, ա՛յլ է հիմա Նաիրին,
Ո´չ մի արքա էլ չկա, որ չտրվի քո հրին:
Մտի՛ր ակումբը հիմա, մտիր թատրոնն ու կաֆեն՝
Հազար արքա ու Արա կհանդիպեն ժպտադեմ:
Ո՛չ վեճ է էլ հարկավոր, ո՛չ պատերազմ մահառիթ—
Արքաների համար նոր — բավական է մի ժպիտ.—
Միայն ակնարկ մի թեթև — և կտրվեն նրանք քեզ,
Քո հմայիչ ու անթև տարպանքներին հրակեզ.—
Կգան մեկ-մեկ ու սիրով — ու կտանջես նրանց դու
Անհագ կրքի ու սիրո նիզակներով քո հատու:
Եւ այնպիսի՝ տարփանքներ նրանք կտան հիմա քեզ,
Որ կամոքվի քո հոգին կարոտանքից սիրակեզ:
— Բայց կլինի մի գիշեր — ու հմայքով նաիրյան
Կբարձրանա մշուշից մանկաժպիտ քո Արան:
Նորի՛ց հոգիդ անսփոփ կարոտանքով կվառվի—
Ու սարսափով մի անօգ նորից կելնես դու կռվի:
Եւ որպէսզի չտրվի նա ախտաժետ քո հրին—
Ոտքի կելնե նրա հետ հազարամեա Նայիրին:
Եւ դաշտերում Նայիրի կպարտվի նորից նա,
Կնահանջե զորքը հետ, երկիրը քեզ կմնա:
Նա կմեռնի, որպէս զոհ — բայց չես հաղթի դու նրան.
Դառն է խորհուրդը սիրո, շամբշոտաշուրթ Շամիրամ։
1920 թ․
Ասորեստանի կիսաառասպելական թագուհու անունը հայոց պատմության մեջ ու հայ մշակույթում հիշատակվում է կապված հայոց թագավոր Արա Գեղեցիկի նկատմամբ տարփանքի, նրա հետ բախման, ապա մահացած Արային հարություն տալու փորձերի հետ: Եղիշե Չարենցի այս բանաստեղծությունը ընդգրկված է նրա «Փողոցային պչրուհուն» շարքում և խորհրդանշական կապեր ունի Արա Գեղեցիկի և Շամիրամի առասպելի հետ: Շարքը ձոնված է բանաստեղծի մտերմուհի, բանաստեղծուհի Լեյլիին (Փառանձեմ Սահակյան-Տեր-Մկրտչյան, 1892-1951 թթ․)։ Լեյլին 1920-ականների երևանյան գրական-մշակութային կյանքի աչքի ընկնող դեմքերից էր, թարգմանչուհի, բանաստեղծուհի, որին համարում են Վահան Տերյանի գրական դպրոցի ներկայացուցիչ:
Լէյլիի բանաստեղծական միակ ժողովածուն՝ «Կարոտ» վերնագրով լույս է տեսել 1959 թվականին:
Պահպանվել են Եղիշե Չարենցի նամակները Լեյլիին: Նամակներից մեկում բանաստեղծը հիշատակում է հին Նաիրի երկիրը, Արային ու Շամիրամին: Թեև այստեղ Չարենցը Արայի ու Շամիրիամի սիրո հետ համեմատում է կնոջ նկատմամբ իր սերը, սակայն բանաստեղծական շարքի տրամաբանությամբ թերևս Շամիրամի կերպարին ավելի մոտ է Լեյլին: Մասնավորապես 1921 թ․ հունիսի 18-ի նամակում Չարենցը գրում է․
«Ձեզ համար յոթը բալլադ եմ գրել։ Մի բալլադի վերնագիրն է — խեղկատակ»։ Նշանակում է Шут. Ե՛ս եմ։ — Խեղկատակ: Ոչինչ, լավ է։ Նշանակում է՝ սուտ է։ Լեյլի, Լեյլի։ Լավ Լեյլի։ Լեյլի»։
Մեկ այլ նամակում բանաստեղծը գրում է․
«Այս անգամ արդեն այնքան կարոտով եմ գրում (կարոտ-тоска) «սիրելի Լեյլի», որ կարծես գրում եմ Արևին, Աշխարհին ու Մարդուն․ այսինքն նրանց, որ սիրում եմ ամենից ավելի և սիրում եմ այնպես, ինչպես մանկությունն են սիրում:
Լեյլի ջան, Լեյլի, Լեյլի. լավ Լեյլի: Այնքան կարոտել եմ քեզ, Լեյլի: Ասում եմ ինձ․ կար մի հին աշխարհ, անունը՝ Նայիրի: Իմն էր այդ աշխարհը՝ Նայիրին: Արև էր Լույս, կապույտ, հեռու: Մրգեր կային՝ խաղող, ինչքան շատ, բատիստե դեղձեր. դեղձեր՝ շրթունքների նման թավ, աղջկա այտերի նման դեղձեր, հիվանդ աղջկա նման դեղձեր, սեխը՝ ոսկեկոնք Շամիրամ․ ախ, ինչ հիմար անասուններ են նկարիչները, որ մրգեր նկարելիս գրում են «Natur mort»․ մեռած են իրենք, և ոչ թե մրգերն են «մեռյալ»:
Ուզում եմ շոգ-շոգ-շոգ լինի, Լեյլի, երկինք լինի՝ կապույտ-կապույտ, ինչպես պողպատի, կամ ծովի փայլը, մրգեր լինեն՝ շատ, հասուն, գույնզգույն և լինի Լեյլին․ Լեյլու աչքերը լինեն և ժպիտը՝ խայթող (շոգ արևի նման):
Այսպես եմ մտածում ես՝ հանրակացարանի մի անկյունում ընկած, հանրակացարան, որտեղ ապրում են քսան հոգի. կինս պառկել է «մահճակալի վրա»․ ինչի՞ մասին է մտածում, Լեյլի. նա լավ աղջիկ է, Լեյլի. ես նրան այնքան եմ սիրում, ինչքան Շամիրամը Արային: Եվ երևակայիր, Լեյլի՛, քսաներեք տարեկան ամուսնանալ, լինել պոետ, ֆանտազյոր, սիրող և հանկարծ ընկնել հանրակացարան, որտեղ պառկելու տեղ անգամ չկա․ կիսաքաղց, կիսահիվանդ. իսկ ձմեռը: Իսկ կինս՝ Արփիկը, Լեյլի՛:
Լեյլի, լավ Լեյլի, Լեյլի: Լեյլի: Ես հիմար դրության մեջ եմ ընկել, Լեյլի: Եկա, որ մտնեմ համալսարան, բայց ընկա հանրակացարան․․․ որովհետև Պետական համալսարանը հանրակացարան չունի և սնունդ չի տալիս: Իսկ ես ոչ մի կոպեկ չունեմ: Չգիտեմ՝ ի՞նչ անեմ: Նորից հազարերորդ անգամ մտածում եմ մեր հայրենի դեմքերի սևության մասին․ ինչքան սև են, գորշ են, ծանր են մերոնք, Լեյլի… Իմ դրությունը հիմա ավելի քան անել է. մի կողմից գրավում է Մոսկվան, ուզում ես կրթվել, գրել, մեծ, մե՜ծ, մե՜ծ մտքեր են հղանում, հսկայական պլաններ, մյուս կողմից… հանրակացարան, կինս՝ քաղցած, ո՛չ մի ծանոթ դեմք… Հայաստան վերադառնալ ես չեմ ուզում. մնալ այստեղ՝ չեմ կարող. ի՞նչ անել…. Երևակայիր, Լեյլի, այնքան անել դրություն, որ ես վերցրել և մի նամակ եմ գրել… ո՞ւմ… Մակինցյանին!!։ Մի մարդու, որին ամենից քիչ կուզենայի գրել. բայց… գրեցի, որովհետև սիրում եմ կնոջս, և կինս քաղցած է, да ведь они, наши наиряни, напливали на мою душу, загрязили все, что было святого. Նրանք իրավունք չունեն ինձ քաղցած թողնելու, Լեյլի: Եվ մնաս բարով, Լեյլի՛: Սիրտս արագ է խփում։ Էլ չեմ ուզում գրեմ: Շատ-շատ-շատ կարոտով իմ հանրակացարանի մութից մինչև Կովկաս պարզում եմ շրթունքներս, որ համբուրեմ Լեյլիին․․․»։
Քո՝ Չարենց
<1>921, 21 VIII, Մոսկվա
Բարևներ կնոջիցս: