Աստվածուհու մասին
Անահիտ՝ հայոց դիցարանի պտղաբերության և մայրության աստվածուհին, Արամազդի դուստրը։ Նրա պաշտամունքը սկիզբ է առել անհիշելի ժամանակներից և սերտորեն կապվել է մայրության պաշտամունքի հետ։ Վաղ շրջանում Անահիտը եղել է նաև ռազմի աստվածուհի և փառաբանվել Ոսկեմայր, Սնուցող մայր, Մեծ տիկին, Ոսկեծղի և Ոսկեմատն պատվանուններով։
Արձանի մասին
Անահիտ աստվածուհու արձանի գլուխը հելլենիստական ժամանակաշրջանի կարևոր մասունք է։ Այն հայտնաբերվել է պատմական Փոքր Հայքի Գայլ գետի վերին հոսանքի շրջանում՝ Սատաղ բնակավայրում (ներկայումս՝ Թուրքիայի տարածքում), և թվագրվում է մ.թ.ա. 4-2-րդ դարերով։
1873 թվականին՝ հայտնաբերվելուց մեկ տարի անց, արձանը ձեռք է բերվել Բրիտանական թանգարանի կողմից, որտեղ մինչ օրս էլ պահվում է։ Այն ներկայացված է որպես հունական Աֆրոդիտե աստվածուհու կիսանդրի՝ «Սատաղյան Աֆրոդիտե» անվամբ։ Սակայն արձանի ծագման ու մշակութային պատկանելիության շուրջ վեճը դեռ շարունակվում է, քանի որ որոշ մասնագետներ համարում են, որ արձանը պատկերում է Վեներային։
1890 թվականին բանաստեղծ ու հայագետ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Հայր Ղևոնդ Ալիշանն իր «Այրարատ» աշխատությունում կարծիք է հայտնում, որ բրոնզե մասունքը պատկանում է Անահիտ աստվածուհուն։ Գիտնականների լայն շրջանակ ընդունել է այս տեսակետը՝ հաշվի առնելով, որ արձանի հայտնաբերման վայրի մոտակայքում՝ Եկեղյաց գավառի Երիզա բնակավայրում, է գտնվել Անահիտի պաշտամունքի գլխավոր տաճարը։
Այս արձանային դրվագը կարևոր նշանակություն է ստացել հայերիս համար, քանի-որ ներկայացնում է նախաքրիստոնեական շրջանի հայոց մշակույթն ու հավատալիքները։
2024 թվականի սեպտեմբերի 16-ին Անահիտի գլխաքանդակը և ձախ ձեռքը ժամանակավորապես բերվել են Հայաստան։ 2024-ի սեպտեմբերի 21-ից, Հայաստանի պատմության թանգարանում, արձանը կցուցադրվի «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության շրջանակում: Ցուցադրությունը կտևի մինչև 2025 թվականի մարտի 21-ը: