«Ամեն հայի սրտից բխած․․․» սկսվածքով ոգեշնչող երգը կատարվում է ազգային ու եկեղեցական տոներին որպես Հայրապետական մաղթերգ, նաև հոգևորականների կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և այլուր՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայությամբ և նրան ողջունելիս։ Շատերը չգիտեն, որ այս երգի հեղինակը Սողոմոն սարկավագն է, հետագայում հանճարեղ Կոմիտաս վարդապետը, և այս երգը նրա առաջին տպագրված գործն է։
«Ազգային օրհներգ. Գրեց Արշակ Թաշճեան, ուսանող Գ լսարանի ճեմարանի Մայր Աթոռոյ ս. Էջմիածնի. երաժըշտութիւն Սողոմոն սրկ. Սողոմոնեանի, ուսանող Ա լսարանի ճեմարանի Մայր Աթոռոյ ս. Էջմիածնի: 1891, մարտ 5»։
«Արարատ» ամսագրի 1891 թվականի համարներից մեկի հավելվածում այս ծանոթագրությամբ հրատարակված երգը փաստորեն այլ անուն ունի՝ «Ազգային օրհներգ», ինչը խորհրդանշում է այն դերն ու նշանակությունը, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն ունի հայության համար և մեր ազգային կյանքում։
Ամէն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստուած.
Երկար կեանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հօր.
Տէր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։
Չորս տարի անց՝ 1895 թվականին Կոմիտասը նույն խոսքերով հրատարակում է հանդիսավոր ու հուզական այս երգի երկրորդ տարբերակը, որը լայնորեն տարածվում է Հայաստանում և արտասահմանի հայ համայնքներում։ Այս երգն այսօր էլ ոգեշնչում է հավատացյալներին՝ առաջնորդելով աղոթք բարձրացնելու Հայոց հայրապետի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության համար։