Իրանական գրականությունը սիրված է հայ ընթերցասերների կողմից, և բազմաթիվ հայտնի գործեր տարբեր ժամանակներում թարգմանվել են հայերեն։ Այսօր էլ իրանական գրականությունից շատ արժեքավոր գործեր են թարգմանվում։
Այդ գրքերից մի քանիսը ներկայացնում ենք այս հոդվածով։
Իրանական մանկական պատմվածքներ
Գրքում ամփոփված են իրանացի մանկագիրների մի շարք պատմվածքներ:
Սպասող մարդու օրագիր
«Սպասող մարդու օրագիր» գրքում թարգմանաբար ներկայացված են Իրանի ժամանակակից հեղինակների թվով 365 կարճ բանաստեղծություն` տարվա յուրաքանչյուր օրվա համար մեկական: Թարգմանիչը՝ Էդիկ Պօղոսեանն է։
Ռեզա Վալիզադե
Թե չես գտել այն կնոջը,
ում գնալուց հետո կոչնչանաս,
ողջ կյանքդ տանուլ ես տվել…
Սա ասում եմ ե՛ս,
ում օրերը տարել է մի կին
հեռավոր մի վայր,
կախել է վզից,
հյուսել մազերին,
ամրացրել կրծքին
կամ ցանել ծաղկամանի մեջ,
մնացածն էլ փակել պահարանում՝
նեղ օրվա համար…
Սառե Դասթառան
Անձրև է։
Շվարել եմ.
հոգյակի՞ս մասին մտածեմ,
թե՞ ճաքած կտուրի:
Սաբիռ Հաքա
Բանվորները
պարզ կյանք
ու գեղեցիկ կին ունեն,
նրանք
գործից հետո
երկնաքերերից
թարմ ու ճերմակ ամպեր են տուն բերում։
Աբբաս Մառուֆի
Թե իմանաս՝
ինչքա՜ն անիմաստ,
դառն եմ,
բեկված ու սին,
երբ չկաս,
չես գնա…
նույնիսկ քնելու։
Ավելին՝ այստեղ։
Հաֆեզ․ Գազելներ, քառյակներ
Խոջա Շամսեդդին Մոհամմադ Շիրազին՝ առավել հայտնի Հաֆեզ մականունով, պարսկական քնարերգության մեծագույն վարպետներից է։ XIV դարի պոետի ստեղծագործությունը զգալի ազդեցություն է թողել ամբողջ պարսկական մշակույթի վրա և շարունակում է մնալ ամենասիրվածներից և ընթերցվողներից ցայսօր։ Սույն ժողովածուն ներառում է բանաստեղծի 292 գազել և 16 քառյակ։ Նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար։ Թարգմանիչ՝ Ժորժ Աբրահամյան։
Ծաղիկների արյունը / Անիտա Ամիրռեզվանի
17-րդ դար, Պարսկաստան: Հոր մահը գլխիվայր շուռ է տալիս «Ծաղիկների արյունը» վեպի տասնչորսամյա գորգագործ հերոսուհու կյանքն ու նետում մեծ իրադարձությունների հորձանուտը: Սպահանյան գորգի բարդագույն նախշերը, քմահաճ գույներն ու հերոսուհու ճակատագիրը միահյուսվել են իրար` ստեղծելով մի ամբողջություն՝ արևելյան պերճությամբ, նորանոր փորձություններով, իմաստուն լեգենդներով: Ընկերություն, դավաճանություն, արքունական խարդավանքներ, որ պիտի կործանեն կամ կոփեն գրքի հերոսուհուն: Թարգմանիչ՝ Արեգ Բագրատյան։
Ինչպես բոլոր երեկոները
Զոյա Փիրզադ
«Ինչպես բոլոր երեկոները» իրանահայ արձակագիր Զոյա Փիրզադի պատմվածքների ժողովածուն է։ Փիրզադը առաջիններից մեկը իրանական ժամանակակից գրականությունը դուրս բերեց երկրի սահմաններից ու ճանաչելի դարձրեց աշխարհին: Նա ամենաընթերցվող հեղինակներից մեկն է Իրանում: Բավական է միայն նշել, որ նրա գրքերը Իրանի Իսլամական Հանրապետությունում տպաքանակով զիջում են, թերևս, միայն Ղուրանին և Հաֆեզին… Փիրզադի ստեղծագործություններն արժանացել են իրանական և միջազգային մի շարք բարձրագույն գրական մրցանակների: Թարգմանիչ՝ Գևորգ Ասատրյան։