• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
5 գրական թանգարան Երևանում, որ պետք է այցելել

5 գրական թանգարան Երևանում, որ պետք է այցելել

1. Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան

 

   Եթե դուք ծանոթ եք հայ մեծ գրողի ստեղծագործությանը, ընթերցել եք նրա անմահ «Վերք Հայաստանին» կամ գիտեք միայն նրա անհետացման մասին, ապա անպայման պետք է այցելել նրա թանգարան: Երևանի գրական ամենահին թանգարանը գտնվում է մեծ գրողի ծննդավայր՝ Քանաքեռում: Այն բացվել է 1939 թվականին՝ կենտրոնում ունենալով Խաչատուր Աբովյանի պապի՝ Աբովի կառուցած հարթ տանիքով միահարկ տնակը: 1979 թ. կառուցված նոր մասնաշենքն ընդգրկում է նաև այդ տունը: Բացի տունը, այցելուններն այսօր կարող են ծանոթանալ Աբովյանի կյանքին ու ստեղծագործությանը թանգարանում հավաքված բազմաթիվ ուշագրավ ցուցանմուշների միջոցով: Մասնավորապես ցուցադրվում են գրողի ձեռագրերը, նրա ստեղծագործությունների տարբեր հրատարակություններ, գրողի ապրած ժամանակաշրջանը, նրա այցելած վայրերը  ներկայացնող ցուցանմուշներ: Այստեղ է ներկայացվում նաև գրողի միակ դիմանկարը՝ Լյուդվիգ ֆոն Մայդելի հեղինակությամբ, ինչպես նաև հայ անվանի նկարիչների՝ Գևորգ Բաշինջաղյանի, Երվանդ Քոչարի, Էդուրադ Իսաբեկյանի կտավները: Իհարկե, ներկայացվող ցուցանմուշները չեն բացահայտում Աբովյանի կյանքի գլխավոր առեղծվածը՝ նրա անհայտ բացակայությունը, սակայն հնարավորություն են տալիս զգալու մեծ գրողի շունչը, ծանոթանալու անմահ ստեղծագործությանն ու վարակվելու նրա գաղափարներով:

 

2.Եղիշե Չարենցի տուն-թանգարան   

 

   Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող բնակարանում, որտեղ այսօր գտնվում է բանաստեղծի թանգարանը,  Եղիշե Չարենցն  ապրել է իր կյանքի միայն վերջին երկու տարիներին (1935-1937 թթ.), սակայն այստեղ են հավաքված  հանճարեղ բանաստեղծի կյանքի ու ստեղծագործության հետ կապված բոլոր մասունքները: Թանգարանում պահպանվում և ցուցադրվում են բանաստեղծի անձնական իրերը, ձեռագրերը, մեծարժեք գրադարանը և բազմաթիվ այլ ուշագրավ նմուշներ: Թանգարանը բացվել է 1975 թ.: Երեք ցուցասրահներում և հուշատանը կարելի է ծանոթանալ բանաստեղծի փոթորկուն կյանքին, գործունեությանն ու ստեղծագործությանը: Հուշատանը վերականգնված է բանաստեղծի աշխատասենյակն իր իրերով և այն վիճակով, ինչպես թողել է Ե. Չարենցը: Թանգարանի ուշագրավ ցուցանմուշներից են՝ բանաստեղծի պատեֆոնը, որը պատահաբար գտնվել է Վերնիսաժում 1999 թ., բուդդայի արձանիկների հավաքածուն, բանաստեղծի դիմանկարները, նրա՝ արտասահմանյան ուղևորությունների ընթացքում ձեռք բերված հետաքրքրիր առարկաներ: 

 

3. Հովհաննես Թումանյանի թանգարան

 

   Ամենայն հայոց բանաստեղծը թեև այս տանը երբեք չի ապրել, սակայն թանգարանը նրա հետ ծանոթանակու և հանդիպելու լավագույն վայրն է: 1953 թ. բացված թանգարանում հավաքված են բանաստեղծի թիֆլիսյան բնակարանից բերված իրեր, նրա մեծ գրադարանը, նրա կյանքի ու ստեղծագործության հետ առնչվող բազմաթիվ հետաքրքիր ցուցանմուշներ: Երկրորդ հարկում վերակնագնված է թումանյանների թիֆլիսյան վերջին բնակարանի վեց սենյակները՝ կահույքի, պարագաների ու իտերիերի մանրամասներով: Թանգարանում նաև նոր տեխնոլոգիաներով ստեղծված ինտերակտիվ անկյուններ կան, որոնք կգրավեն և երեխաներին և մեծահասակներին:

 

4. Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

 

   Երևանի Բաղրամյանի պողոտային հարակից Զարոբյան փողոցում է գտնվում Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը: Այս տանը բանաստեղծն ապրել է 1946-1957 թթ: Իսկ թանգարանը  բացվել է 1963 թ.: Այցելուներին հատկապես գրավում է Վարպետի աշխատասենյակը, որտեղ ներկայացվում են նրա գրասեղանը, ձեռագրերը, կարդացած վերջին գրքերը, գրիչը, ակնոցը, թազբեհը:  Բանաստեղծի հյուրասենյակում են ցուցադրվում հայ հայտնի նկարիչների՝ նրան նվիրած նկարները: Հետաքրքիր է հատկապես Մարտիրոս Սարյանի ածուխով արված նկարը: Սենյակներում շրջելուց հետո, անպայման պետք է այցելել տան ետևում գտնվող այգին և տեսնել Ավետիք Իսահակյանի տնկած ծառերը:

 

5.Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան

 

  Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի հարևանությամբ է 1977 թվականից գործում է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը: Գրողն այստեղ ապրել է 1929-1956 թթ.: Հուշային երեք սենյակներում ու ցուցասրահներում ներկայացված են նրա կյանքին ու ստեղծագործությանը նվիրված նյութեր, լուսանկարներ, գրքեր, առարկաներ: Ցուցանմուշների մեջ առանձնանում է հատկապես գրողի ջութակը:

 

 

Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան

Art 365

18.05.2021

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.