Փետրվարի 19-ը՝ որպես գիրք նվիրելու օր, սահմանվել է Հայաստանի գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և Հայաստանի կառավարության որոշմամբ։ Օրը պատահական չի ընտրվել, փետրվարի 19-ը ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։
Տոնին ընդաառաջ առաջարկում ենք գրքեր, որ կարող եք նվիրել, կարդալ և հարստացնել ինչպես ձեր սեփական, այնպես էլ ձեր սիրելիների գրադարանները։
1. Ոչ մի շաբաթ առանց Թումանյանի
Ոչ մի գիրք նվիրելու տոն առանց Թումանյանի։
Ժողովածուում ընդգրկված են Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները, նաև շաբաթվա որոշակի օրերի հետ կապված նրա կյանքի դրվագներ, կարևոր իրադարձություններ, հատվածներ նամակներից, հուշերից, լուսանկարներ և այլն: Գրքում ընդգրկված նյութերին ծանոթությամբ ընթերցողը կարող է հետևել երևելի հայի, հանճարեղ բանաստեղծի և մեծ մարդու կյանքի ու ստեղծագործության ընթացքին: Տեսնել բնության, արվեստի ու մարդկանց հետ շփումներից ծնվող հիացմունքն ու ներշնչանքը, նաև հայ իրականության, կյանքի ու կենցաղի տարբեր երևույթներից առաջացած հիասթափությունները:
Ալեքս Մայքլիդիս․ Ցասում
ին ընկեր, նախկին կինոաստղ Լանա Ֆարրարը մեր խմբին հրավիրում է փոքրիկ կղզի՝ ժամանակ անցկացնելու: Եղանակը տաք կլինի, արևոտ: Հանգստանալու և շփվելու հրաշալի հնարավորություն կստեղծվի։ Եվ, ո՞վ գիտե, գուցե որոշ գաղտնիքներ ջրի երես դուրս գան հունական այս դրախտում: Չէ՞ որ այս մասնավոր կղզում ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է. ո՛չ Լանան, ո՛չ նրա հյուրերը, ոչ էլ, հաստատ, մարդասպանը, որը ցասումով հյուսում է իր հանցանքի ծրագիրը: Բայց ո՞վ եմ ես: Անունս Էլիոթ Չեյզ է, ու ես ձեզ կպատմեմ ամեն ինչ: Այսպիսի պատմություն դուք երբեք չեք լսել:
Խավիեր Մարիաս․ Սիրահարություններ
Այս խոր եւ անչափ գրավիչ վեպի միջոցով Խավիեր Մարիասն առաջարկում է մտորել սիրո եւ սիրահարվածության շուրջ: Ասում են՝ սերն ու սիրահարվածությունը արարման եւ երջանկության աղբյուր են, եւ որ սերն արդարացնում է բոլորին ու ամեն ինչ, բայց այդպե՞ս է արդյոք: Ու եթե սիրո պատասխանը սերն է, ապա ինչպե՞ս է պատահում, որ հանուն սիրո սպանում ենք, դավաճանում ինքներս մեզ ու մեր սիրելիներին, դժբախտացնում ու ստիպում տառապել մյուսներին:
«Այդքան օրեր անց, այնուամենայնիվ, նա ինձ գրավիչ թվաց, կարոտել էի: Մենք կարոտում ենք այն ամենը, ինչ եղել է մեր կյանքում, նույնիսկ կարճատեւ բաները, ինչին նույնիսկ չենք հասցրել սովորել եւ նույնիսկ նրան, ինչը կործանել է մեզ, հետո հայացքս կանգ առավ ավելի ներքեւ` շուրթերին, անկարող էի հայացքս հեռացնել, դա նման է անեծքի, որը քեզ հլու-հնազանդ է դարձնում…»,- սա ընդամենը մի փոքրիկ հատված է վեպից, որը բնորոշում է հեղինակի ոճն ու նկարագրական նրբությունը:
Ստեղծագործությունը մեղքի ու մեղավորության, խղճմտանքի, բայց եւ փաստերի անողոքության, հանգուցյալների զուր վերադարձի եւ ողջերի հետ նրանց անհնարին գոյակցության, ճշմարտությունն ու մեր անձը լիովին ճանաչելու անկարողության մասին է նաեւ: Եթե սիրո պատասխանը սերն է, ապա ո՞րն է դավաճանության, խանդի, ցասման եւ վրեժխնդրության արձագանքը:
Հաֆեզ․ Գազելներ, քառյակներ
Խոջա Շամսեդդին Մոհամմադ Շիրազին՝ առավել հայտնի Հաֆեզ մականունով, պարսկական քնարերգության մեծագույն վարպետներից է։ XIV դարի պոետի ստեղծագործությունը զգալի ազդեցություն է թողել ողջ պարսկական մշակույթի վրա և շարունակում է մնալ ամենասիրվածներից և ընթերցվողներից ցայսօր։ Սույն ժողովածուն ներառում է բանաստեղծի 292 գազել և 16 քառյակ։ Նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար։
Հովհաննես Թումանյան․ Անկեղծ չենք
Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր:
Դարավոր կարգերի ու հասկացողությունների հեղաշրջումի օրը, պատմության ահավոր դատաստանի օրը:
Մեծ ալեկոծություններն ու ակնկալությունները ամենքին տեղահան են արել, դուրս են բերել իրենց անկյուններից. և ահա– ժողովուրդներն իրենց ունեցած ուժերով հրապարակի վրա են:
Ամեն մարդ շարժվում է, ամեն մարդ խոսում է:
Անշուշտ նա պիտի շարժվեր այնպես, ինչպես ինքն է կամենում, և խոսեր այն, ինչ որ ինքն է մտածում: