Եվրոպական միության գրական մրցանակը (EUPL) Եվրոպական միության Ստեղծարար Եվրոպա ծրագրի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որ հանրահռչակում է ճանաչման ուղին բռնած արձակագիրներին Եվրոպայով մեկ։ 2009-ից սկսած մրցանակը շնորհվում է ամեն տարի ընտրված յուրաքանչյուր երկրից մեկական հեղինակի։ 2021-ին այդ երկրները 14-ն են, իսկ Հայաստանը մասնակցում է առաջին անգամ։
Այս ուրախալի թեմայի շուրջ զրուցել ենք Հայաստանի ազգային ժյուրիի նախագահ, արձակագիր Արմեն (Հայաստանցի) Օհանյանի հետ։
- Արմեն ջան, կասե՞ք՝ ինչպե՞ս են կազմվում ազգային ժյուրիները, ի՞նչ սկզբունքներով։
Թեկնածու գրքերն ու հաղթողին որոշում են ազգային ժյուրիները, որ ընտրվում են Եվրոպական միության գրական մրցանակի նախաձեռնող կոնսորցիումի կողմից։ Կոնսորցիումի երեք անդամ կազմակերպություններից յուրաքանչյուրն առաջադրում է ազգային ժյուրիի իր թեկնածուին, օրինակ՝ Եվրոպայի գրողների խորհուրդը որպես կանոն առաջադրում է գրողի, Եվրոպայի հրատարակիչների միությունը՝ հրատարակչի, իսկ Եվրոպայի գրավաճառների միությունը՝ գրավաճառի։ Այդ սկզբունքով է ձևավորվել նաև Հայաստանի ազգային ժյուրին, որն այս տարի նախագահում եմ ես։ Ժյուրիի մյուս անդամներն են գրական գործակալ Արևիկ Աշխարոյանը, հրատարակիչ Մկրտիչ Մաթևոսյանը, գրավաճառ Շաքե Հավանը, գրական թարգմանիչ Անահիտ Ավետիսյանը։
- Իսկ ի՞նչ սկզբունքով են ընտրվել թեկնածուները, և ինչպե՞ս են ընտրվել այս հինգ գրքերը։
Մրցույթին կարող են մասնակցել վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում տպագրված արձակ գործեր՝ պատմվածքների ժողովածու, վեպ, եթե համապատասխանում են սահմանված բոլոր չափորոշիչներին։ Մրցանակի թեկնածու կարող է լինել հեղինակի առնվազն երկրորդ, առավելագույնը՝ չորրորդ գիրքը։ Կան նաև ժանրային և այլ տիպի սահմանափակումներ, որոնք ներկայացված են մրցանակի պաշտոնական կայքում։
Հայաստանի ազգային ժյուրին ուսումնասիրել է Հայաստանում 2019-ի սեպտեմբերից մինչև 2021-ի մարտ ամիս հրատարակված բոլոր գրքերը, որոնք համապատասխանել են մրցույթի չափանիշներին և դրանցից ընտրել հինգը։
- Իսկ ե՞րբ են հայտարարվելու հաղթողների անունները։
Մայիսի 18-ին կհայտարարվեն հաղթողների անունները՝ հատուկ այդ առիթով կազմակերպված առցանց միջոցառման ընթացքում, իսկ հանդիսավոր մրցանակաբաշխությունը տեղի կունենա ավելի ուշ։
- Ի՞նչ է նշանակում հաղթել նման մրցույթում:
Եվրոպական միության գրական մրցանակը ենթադրում է ոչ միայն դրամական պարգև, այլև՝ մեծ հնարավորություններ հաղթող գրքի և հեղինակի միջազգային հանրահռչակման առումով։
Ահա այն 5 գրքերը, որոնք հավակնում են Եվրոպական միության գրական մրցանակին։
Արամ Ավետիս «Երբ առնետները կարդալ գիտեին»
Վեպը մի մարդու մասին է, ով հայտնվում է առնետների, կրծողների աշխարհում ու փորձում մարդ մնալ․ «Բայց ինչքա՞ն է նրան հաջողվում դա անել։ Այդ վեպը հակավեպ է ու դեմ է բոլոր կար կարծրատիպերին՝ և՛ լեզվի, և՛ գրականության առումով։ ՈՒղեղ կրծող հակաուտոպիա։ Նույնիսկ հակա հակաուտոպիա։ Գիրք սիրողների համար սա իսկական մկնդեղ է՝ հյութեղ ու անտանելի։ Պոլ Վալերին այս գրքի մասին կասեր․ «․․․ մենք վերաջապես կտեսնենք անասնական հասարակության հայտնության հրաշքը», - նշել է հեղինակը:
«Երբ առնետները կարդալ գիտեին»-ը արձակագրի երրորդ գիրքն է։ Լույս է ընծայել «Ակտուալ արվեստ» հրատարակչությունը «Ջեբկիր» մատենաշարով։ Մինչ այս ընթերցողին Արամ Ավետիսը հայտնի էր «Կույր կետադրություն» և «Ճարտարապետական մուտացիա» գրքերով։
Արամ Պաչյան «PF»
Արամ Պաչյանի P/F-ը հատվածային վեպ է։ Գրքում հանդիպում են հին ու նոր Երևանը, Գետառը, անհետացած տրամվայը և «մենակ» տեսակի մարդը, որ փնտրում է իրեն իր հիշողությունների քաղաքում, իր զգացողությունների մեջ և ապագայի երազանքներում։ Վեպը հեղինակը նվիրում է Ձեն-բուդդայական դպրոցի իր ուսուցիչներին և գրքի տոնայնությունը ճիշտ համապատասխանում է այդ փիլիսոփայությանը։ Վեպի բոլոր հատվածները փոխկապակցված են, սակայն դրանց հերթականությունը բոլորովին կարևոր չէ և զուտ պայմանական է։ Վեպը մի շնչով կարդալուց հետո, այն ավելի դանդաղ վերընթերցելու ցանկություն է առաջանում։ P/Fը նոր վեպ է ու նոր մոտեցում կյանքի մասին մեզ հուզող հարցերի պատասխանների որոնում։
Անուշ Սարգսյան «Անոն»
Անուշ Սարգսյանի «Անոն» ժողովածուի պատմվածքներն ու համանուն վիպակը կյանքը և մարդկանց առավելապես զգացական ու հոգեբանական հատույթում ընկալելու և վերլուծելու գեղարվեստական իրացումներ են: Հեղինակը ստեղծում է հիշվող ու գունեղ կերպարներ, որոնք, անկախ իրենց կյանքի դժվարություններից, կյանքին հաղթելու նպատակադրումն ունեն: Հիմնական հերոսները կանայք են, որոնք նույն ընտանիքի տարբեր սերունդներ են՝ ժամանակի սեփական զգացողությամբ: Կյանքի դրամատիզմը նրանց հերոսացման չի մղում, բայց նրանցից յուրաքանչյուրը ակամա լուծում է իր խնդիրը՝ սխրանքի սեփական ճանապարհը գտնելով:
Հովիկ Աֆյան «Կարմիր»
Պատերազմները փոխում են ամեն ինչ: Նույնիսկ նկարիչների սիրած գույնը կամ պարուհիների նախընտրած շարժումը: Անփոփոխ են մնում միայն մարդիկ, որոնք պատերազմում են կամ էլ խաղաղություն են որոնում՝ ամեն օր ավելի ու ավելի հեռանալով դրանից:
Տարբեր ժամանակների, պատերազմների, երազանքների ու ցավերի մասին այս պատմությունը մարդկանց մասին է, որոնք սիրում կամ կռվում են ամեն մեկն իր ներսում, իր տանը, իր քաղաքում, իր երկրի սահմանին: Եվ այդ սերն ու կռիվը երբեք չեն ավարտվում:
Լուսինե Խառատյան «Անմոռուկի փակուղի»
Լուսինե Խառատյանի «Անմոռուկի փակուղի» ժողովածուում ընդգրկված պատմվածքները մեկ թեմատիկ ամբողջություն են և միմյանց լրացնելով՝ վեր են հանում ազգային ինքնության, բարդույթների, ազատությունների սահմանափակման բարդ ու հակասական բազմաթիվ հարցեր, որոնք ներփակ տարածականության մեջ խտանալով՝ վերածվել են ազգային հոգեվիճակի: Խոսելով ու պատմելով «անմոռուկի բարդույթի» և «երևանյան հիվանդության» տիպիկ համախտանիշների մասին՝ հեղինակը հնարավորություն է տալիս բացել սահմանները, դուրս գալ փակուղուց և տեսնել «սարի հակառակ կողմի» արտապատկերը: