Եկեղեցու ամենահայտնի հայրերից մեկը՝ «Երանելի» մականունն ստացած Օգոստինոսը (354-430 թթ.) աստվածաբանական, քարոզխոսական հսկայական գրական ժառանգություն է թողել: Այն ավելի քան 232 գիրք է կազմում, գումարած 500 նամակ ու քարոզ: Սակայն այս ժառանգությունից առանձնանում են նրա հատկապես չորս գրքերը՝ «Խոստովանություններ» (Confessiones), «Աստծո քաղաքի մասին» (De Civitate Dei), «Երրորդության մասին» (De Trinitate), «Ազատ կամքի մասին» (De libero arbitrio): «Խոստովանություններ»-ը բացառիկ ներշնչանքով, մեծ ու անխախտ հավատով, Աստծո ու աստվածայինի նկատմամբ հիացումով գրված մի գործ է: Այն Օգոստինոս Երանելու քրիստոնյա դառնալու, Աստծուն գտնելու բարդ, սակայն գեղեցիկ ճանապարհի պերճախոս, գեղարվեստական բացառիկ վարպետությամբ գրված պատմությունն է: Այս գործում հիացնում են հեղինակի լեզուն, ներշնչանքը, շարադարանքի առինքնող ու համոզիչ տրամաբանությունը: Լինելով ըստ էության աստվածաբանական գործ, ընդհանրական խոսք, այն խոստովանությունների ժանրի թելադրանքով, միաժամանակ չափազանց անձնական է: Հեղինակը խոսելով իր մասին` խոսում է յուրաքանչյուրի մասին, ձգտում իր խոստովանությունները, փառաբանությունները դարձնել ընդհանրական բոլորի համար, իր պայծառ հավատով ոգեշնչել ընթերցողին, առաջնորդել նրան դեպի վեհը, գեղեցիկը, աստվածայինը: Այստեղից էլ այս գործի ներգործության մեծ ուժը: «Խոստովանություններ»-ը իր որոշ առանձնահատկություններով մեզ հիշեցնում է Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգություն»-ը(Նարեկ), սակայն իհարկե շատ տարբեր են այս երկու ստեղծագործությունների ոգին: Art365-ը առանձնացրել է ներշնչող հատվածներ Օգոստինոս Երանելու այս գործից:
Հանգստությունն ու ներդաշնակությունը
Դու Տեր, Միակ, Բարի, երբեք չդադարեցիր բարիք գործել: Եվ մենք էլ Քո ողորմությամբ ունենք որոշ բարի գործեր, թեև ոչ հավիտենական: Սակայն մենք հույս ունենք, որ դրանք կատարելուց հետո կհանգստանանք Քո սրբության և մեծության մեջ: Իսկ Դու, ով Բարի, կարիք չունես ոչ մի բարիքի և հանգստանում ես, քանի որ Քո հանգիստը Դու ինքդ ես: Մարդկանցից ո՞վ կարող է մարդուն բացատրել սա, ո՞ր հրեշտակը՝ հրեշտակին, ո՞ր հրեշտակը՝ մարդուն:
Քե՛զ պետք է խնդրել, Քեզնի՛ց աղաչել, Քո՛ մեջ փնտրել: Քո՛ դուռը թակել: Այսպես, միայն այսպես կարելի է ստանալ, այսպես՝ գտնել, և այսպես կբացվի:
Սերը
Ես ուշ սիրեցի Քեզ, ով Գեղեցկություն, այդքան հին և այդքան նոր, ուշ սիրեցի Քեզ: Ահա Դու իմ մեջ Էիր, իսկ ես դրսում էի և այնտեղ փնտրում էի Քեզ. ես՝ այլանդակս գլխապատառ նետվեցի Քո ստեղծած բարեձևության մեջ: Դու ինձ հետ էիր, սակայն ես Քեզ հետ չէի…Դու կանչեցիր ինձ և գոռացիր ու պատռեցիր իմ խլությունը: Դու փայլատակեցիր, շողշողացիր և վռնդեցիր իմ կուրությունը: Դու տարածեցիր Քո անուշահոտությունը, ես ներշնչեցի և շնչահեղձ եմ լինում առանց Քեզ:
Ես ճաշակեցի Քեզ և անոթի ու ծարավի եմ Քեզ: Դու դիպչեցիր ինձ և ես բռնվեցի Քո խաղաղության ցանկությամբ:
Հավատն ու վստահությունը
Եվ ես էլ ասում եմ. «Ու՞ր ես, Աստված իմ»: Տեսնում եմ, թե որտեղ ես: Մի փոքր հանգչում եմ Քո մեջ, երբ հոգիս հեղում եմ ցնծությամբ և օրհնությամբ հանդիսավոր տոնախմբության ձայների մեջ (Սաղմ 41.5):..Իմ հավատը, որ Դու վառեցիր գիշերվա մեջ իմ ճանապարհի վրա, ասում է ինձ. «Ինչո՞ւ ես տրտում հոգի իմ, ինչու՞ ես խռովեցնում ինձ, հույսդ դիր Աստծո վրա» (Սաղմ.41.6): Քո ճանապարհին ճրագ կա՝ Նրա խոսքը: Հուսա և սպասիր, մինչև անցնի գիշերը՝ մեղավորների մայրը, մինչև անցնի Աստծո բարկությունը, որի զավակներն էինք մի ժամանակ, երբ խավար էինք, որի մնացորդները դեռ կրում ենք մեր մարմնի մեջ, որը մեռած է մեղքի պատճառով, մինչև ցերեկը լուսավորվի և ստվերները անհետանան: Հավատ Տիրոջը.
առավոտյան կելնեմ և կխորհեմ Նրա մասին, միշտ պիտի խոստովանեմ Նրան: Առավոտյան կելնեմ և կտեսնեմ փրկությունը իմ երեսի, իմ Աստծո, որը կկենդանացնի մեր մահկանացու մարմինները Հոգով, որը բնակվում է մեր մեջ…:Գիրք 13 մաս15
Աստծո հետ
…Աստված մեր, կլուսավորես մեր խավարը, Քեզնով կլուսավորես մեր հանդերձները, և մեր խավարը կեսօր կդառնա: Տուր Քեզ ինձ, Աստված իմ, վերականգնիր Քեզ իմ մեջ.ես սիրում եմ Քեզ, և եթե քիչ է, տուր, որ ավելի սիրեմ: Ես չեմ կարող չափել, որ իմանամ, թե որքան է պակասում ինձ բավարար չափից, որպեսզի իմ կյանքը նետվի դեպի Քո գիրկը և չպոկվի Քեզնից, մինչև չծածկվեմ Քո երեսի ծածկույթի տակ: Գիտեմ միայն, որ ինձ համար վատ է առանց Քեզ ոչ միայն ինձանից դուրս, այլև հենց իմ մեջ.
և ամեն մի հարստություն, որը տարբեր է իմ Աստծուց աղքատություն է ինձ համար:
Աղբյուրը՝ Օգոստինոս Երանելի, Խոստովանություններ, Երևան, 2008: