Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան օրը Հուլյան օրացույցով առաջնորդվող քրիստոնյա ժողովուրդները նշում են սեպտեմբերի 21-ին, Գրիգորյան օրացույցին հետևողները՝ սեպտեմբերի 8-ին։ Քանի որ Հայ Առաքելական եկեղեցին Գրիգորյան օրացույցին է հետևում, մեզանում այդ տոնը միշտ նշվել է սեպտեմբերի 8-ին։ Բոլոր քրիստոնյաների համար նշանակալի այս տոնի՝ ամենաօրհնյալ Սուրբ Կույսի ծննդյան օրվա առիթով առանձնացրել ենք փաստեր Սուրբ Մարիամ Աստվածածնի, նրա ծնողների և ծննդավայրի մասին։
Հովակիմը և Աննան
1. Հովակիմն ու Աննան Սուրբ Մարիամ Աստվածածնի ծնողներն են: Նրանք ապրում էին Նազարեթ քաղաքում և զավակ չունեին: Այն ժամանակ անզավակությունը մեծ նախատինք էր համարվում: Ուստի մի անգամ, երբ մի տոնի առիթով Հովակիմը նվեր է մատուցում տաճարին, քահանան նրան ասում է, որ նա պետք է բոլորից հետո ընծան մատուցի, քանի որ զավակ չունի: Հովակիմը, խիստ վշտանալով, հեռանում է ու տրվում աղոթքի և պահեցողության: Անդադրում, արցունքոտ լի աչքերով աղերսում է Աստծուն հանել իրենից անզավակության այդ անպատվելի վիճակից: Աղոթքը նրա համար կերակուր է դառնում, իսկ արցունքը՝ ըմպելիք: Աննան, տաճարում պատահածի մասին տեղեկանալով, նույնպես արտասվում է և տրվում աղոթքի՝ Տիրոջ բարեգթությունը խնդրելով: Նա ուխտ է անում, որ եթե իրեն զավակ տրվի, կնվիրի նրան Աստծուն:
Աննան շուտով հղիանում է և ծնում Մարիամին, որ նշանակում է լուսավորյալ, քանի որ նորածինը լույսի պես աղջիկ էր՝ «որով օրհնվեցին բոլոր ազգերը»: Ծնողները մանկանը երեք տարի պահելուց հետո, ընծայում են Երուսաղեմի տաճարին: Մի քանի տարի հետո վախճանվում է Հովակիմը, որն արդեն ծերունի էր և նրանից երկու տարի հետո կինը՝ Աննան: Իսկ, ըստ մեկ այլ ավանդության, Աննան ապրում է այնքան, մինչև տեսնում է իր թոռանը՝ Հիսուս Մանկանը:
Հովակիմի և Աննայի հիշատակը Հայ եկեղեցին տոնում է Յուղաբեր կանանց հետ, Վերափոխման իննօրյակին անմիջապես հաջորդող երեքշաբթի օրը:
Ս. Կույս Մարիամին նվիրված տոներից է նաև Երեքամյա Ս. Աստվածածնին տաճարին ընծայման տոնը, որ բոլոր քրիստոնեական եկեղեցիները նշում են նոյեմբերի 21-ին:
Ղպտիները Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնը նշում են մայիսին
Ղպտիները Սուրբ Կույս Մարիամի ծննդյան տոնը հաստատել են մայիսի 9-ին: Դա պայմանավորված է նրանով, որ Մարիամ Աստվածածնի Սուրբ Ծնունդը սկսել է նշվել 5-րդ դարից հետո։ Ղպտի քրիստոնյաները չընդունեցին Քաղկեդոնի ժողովի որոշումները, քանի որ ավելի վաղ էին առանձնացել եկեղեցուց, ուստի տոնի օրվա որոշումը կայացրել էին ամբողջ քրիստոնեական աշխարհից անկախ։
Ավետարանում ոչ մի խոսք չկա Աստվածածնի ծննդյան մասին
Սուրբ Գրքում քիչ բան կա Աստվածածնի մասին․ Աստվածամոր կենսագրական մանրամասներին տեղեկանում ենք Եկեղեցու սրբազան ավանդությունից և պարականոն գրքերից: Մասնավորապես ծնունդի, ծնողների՝ Հովակիմի և Աննայի մասին խոսվում է «Հակոբոսի նախավետարան» կոչվող պարականոն գրվածքի առաջին յոթ գլուխներում, որոնք գրվել են 2-րդ դարի երկրորդ կեսին - 3-րդ դարի սկզբին։
Մարիամ Աստվածածնի ծննդյան վայրում կա և՛ ուղղափառ, և՛ կաթոլիկ եկեղեցի
Ըստ լեգենդի, որին հավասարապես հավատում են և՛ ուղղափառները, և՛ կաթոլիկները, Աստվածածինը ծնվել է Հովակիմի և Աննայի տանը, որը գտնվում էր Երուսաղեմի հյուսիս-արևելյան մասում, բայց ուղղափառներն ու կաթոլիկները տան ճշգրիտ տեղը տարբեր կերպ են նշում: Այս վայրերը միմյանցից մոտավորապես 70 մետր հեռավորության վրա են: Ուղղափառների նշած տեղի վրա կառուցվել է Սուրբ Աննայի վանքը, որի առաջին հարկում կա եկեղեցի՝ ի պատիվ Աստվածածնի ծննդյան, իսկ վանքի տակ՝ քարանձավ, որը, ըստ ավանդության, Հովակիմի և Աննայի տան մի մասն էր։ Կաթոլիկների նշած տան գտնվելու վայրում կառուցել են Սուրբ Աննա տաճարը, որի դամբարանում կան նաև հնագույն ստորգետնյա խցիկներ։
Մարիամ Աստվածածինը սերում էր մարգարեական, թագավորական և քահանայական տոհմից
Սուրբ Աննան ծագումով Ղևիի ցեղից էր, քահանայապետ Ահարոնի տոհմից, Հովակիմը՝ Հուդայի ցեղից՝ Դավթի տոհմից։ Մարիամ Աստվածածնի մեջ, այսպիսով, միավորվում են հրեական Սուրբ Գրքի երկու ամենակարևոր տոհմերի ճյուղերը՝ Դավթի և Ահարոնի: Նրանք միավորված են Հիսուս Քրիստոսի մեջ, ով պաշտվում է որպես Մեսիա, Թագավոր և միաժամանակ Երկնային Քահանայապետ: