Հայ մեծ վիպասան Րաֆֆին, իր հանրահայտ «Կայծեր» վեպի երկրորդ հատորում իր հերոսների՝ Ասլանի ու Ֆարհատի միջոցով ճանապարհորդելով Պատմական Հայաստանում՝ ներկայացնում է Ռշտունքի սրբություններն ավանդությունները և դրանց թվում, իհարկե, անդրադառնում Սուրբ Գրիգոր Նարեկացու պաշտամունքի վայրերին ու նրա հետ կապված ժողովրդական ավանդություններին: Հետաքրքիր է, որ այդ ավանդություններում Սուրբ Գրիգոր Նարեկացին ներկայանում մե՛կ որպես ժայռ մտնող էպիկական հերոս, ինչպիսին «Սասնա ծռեր» էպոսի Փոքր Մհերն է, մե՛կ իբերև գերբնական զորություն ունեցող քրիստոնեական սուրբ: Art365-ը ներկայացնում է այդ ուշագրավ անդրադարձը:
Ոստանա լեռնահովտի մեջ կա մի այլ սրբավայր, որը նույնքան սիրելի է ամեն մի հայի սրտին, որպես վերոհիշյալ վանքը: Ծովեզերքից կես մղոն հեռավորությամբ, կանաչազարդ, հարթ դաշտի մեջտեղում, բարձրանում է մի գեղեցիկ բլուր: Բարդի և ուռենի ծառերը իրանց վարսավոր ճյուղերի ներքո հովանավորում են շինականների խրճիթները, որ գտնվում են այդ բլուրի վրա:
Դա Նարեկ (Նոր-եկք) գյուղն է: Նա փոքրիկ է, բայց ամեն հայի համար նվիրական է, որովհետև ծննդավայրն է մի պաշտելի մարդու: Գյուղի մեջտեղում, բլուրի ուղիղ գագաթի վրա, կանգնած է մի հոյակապ վանք: Բավական հեռավորությունից երևում է այդ վանքը, և նրան տեսնելիս ճանապարհորդի սիրտը սկսում է բաբախել: Խորին, սրբազան ջերմեռանդությամբ խաչակնքում է նա իր դեմքը և ծունր է խոնարհեցնում:
Այդ վանքի մեջ դրած է հայոց ոգելից սաղմոսերգուի` ս. Գրիգոր Նարեկացու մարմարյա գերեզմանը:
Այդ դաշտը և նրա շրջակայքը լի են այն բոլոր նվիրական տեղերով, որ կապված են Նարեկացու հիշատակի հետ: Խարզիթ գյուղի մոտ, ծովափնյա ճանապարհի եզրում, մեզ ցույց տվին մի գոգավորված ժայռ: Այդ գոգավորությունը մարդու մարմնի նմանություն ուներ: Նրա մասին պատմում էին, թե Նարեկացին այստեղ հովիվ եղած ժամանակը` մի անգամ ավազակները հարձակվեցան նրա վրա. նա փախավ և դիմեց դեպի հիշյալ ժայռը, նրա մոտ պատսպարան գտնելու համար: ժայռը բաց արեց իր քարեղեն գիրկը և ընդունեց սրբին:
Բայց բոլորից հետաքրքիր են այն քարանձավները, որոնք մի ժամանսկ Նարեկացու ճգնարանն են եղել: Նարեկ գյուղից մի ժամ հեռավորությամբ, ծովեզրի մոտ, բարձրանում է մի այլ քարաժայռ: Նրա մեջ կան մի քանի մեծ և փոքր բնական այրեր: Բացի այդ բնական այրերից, նույն բարձրադիր ապառաժի մեջ փորված են թվով ինն սենյակներ:
Այդ վիմափոր սենյակները անհիշելի ժամանակների գործ է: Նրանք երկու հարկերի են բաժանված, որոնցից հինգը ներքին հարկն է կազմում, իսկ չորսը` վերին հարկը: Հայոց հին սորամուտների (տրոգլոդիտների) այդ քարեղեն բնակարանը այնքան անմատչելի, այնքան բարձր է գետնի մակերևույթից, որ Նարեկացու նման հրաշագործ անձը միայն կարող էր մուտք գործել այդտեղ: Գլխավոր դուռը բացվում է ներքնահարկի առաջին սենյակի մեջ, և հետո մեջեմեջ դռներով տանում է դեպի մյուս սենյակները և հանում է մինչև վերին հարկը:
Յուրաքանչյուր սենյակ պատուհանաձև լուսամուտ ունի, որ նայում է դեպի ծովը: Վերնահարկի սենյակներից մեկը ձևացնում է մի փոքրիկ մատուռ, քարեղեն սեղանով: Այստեղ էր բնակվում Նարեկացին, այստեղ էր գրում իր սքանչելի գիրքը: Այստեղից տեսավ նա ս. Աստվածամորը, աստվածորդի մանուկը գրկում, որի տեսությանը այնքան մեծ տենչանքով փափագում էր նա: Փոքրիկ Առ-Տեր կղզու վրա կանգնած էր նրա տենչալին, և ամբողջ ծովը վառվում էր հրեղեն ճառագայթներով: Իր քարայրից ցած իջավ Նարեկացին, մոտեցավ ծովեզրին և, որպես ցամաքի վրա, նա ջրի վրայով ընթանալով, ոտքով անցավ ծովը և հասավ կղզուն:
Աստվածամայրը տվեց երանելի սուրբի գիրքը աստվածորդի մանուկին, ասելով. «Առ տեր», այսինքն` առ քո տիրոջը: Եվ այն օրից այդ փոքրիկ կղզին կոչվեցավ Առ — Տեր: