Հեռուստաելույթներից մեկի ժամանակ Վիլյամ Սարոյանը Հրանտ Մաթևոսյանի մասին ասել է․
«Այստեղ դուք ունիք մեկը, որ մեծ անձնավորություն է համաշխարհային գրականության մեջ: Ան Հրանտ Մատթեոսյանն է: Որևէ ազգի մեջ իրմե լավ պատմություն գրող չկա: Անոր գրությունները խորունկ ձևով ցույց կուտան հայոց մասնակցություն մարդկության պատմության: Ուրիշ ազգության մեջ ուրիշ գրող Հրանտ Մատթեոսյանի պես չի կրնար գրել: Ես կարդացած եմ իր գործերը թարգմանությամբ: Ինքը հայության մասին կգրե, և այդ հայությունը այնքան ճիշտ է, որ ես կզարմանամ, կուրախանամ և հպարտ կզգամ: Շատ գրողներ, բանաստեղծներ ունիք, բայց պետք է ներեք ինձի, եթե ըսեմ, որ ան ուժը, որ անհրաժեշտ է, հսկայակա՜ն, Հրանտ Մատթեոսյանի մեջ է: Եվ կուրախանամ, որովհետև ազգ մը, պիտի ընդունիք աս, աշխարհին կճանչցվի իր արվեստով: Եվ որ արվեստը այդքան ահագին ըլլա, օտարին միտքին մեջ ազգն ալ կմեծնա»։
Հայազգի երկու մեծ գրողները հանդիպել ու մտերմացել են Երևանում 1978 թվականին: Վիլյամ Սարոյանը այցելել է Հրանտ Մաթևոսյանի հայրենի գյուղ՝ Ահնիձոր: Ծանոթացել Հր.Մաթևոսյանի հոր՝ Իգնատի հետ: Հետագայում Հրանտ Մաթևոսյանը տարբեր առիթներով իր գնահատանքի խոսքն է ասել մեծ արձակագրին, մեծապես կարևորելով նրա ստեղծագործության նշանակությունը: Մասնավորապես «Աննկուն, հրաշալի Սարոյանը» ակնարկում Հր. Մաթևոսյանը խոսում և նրա հայ լինելու հանգամանքի, և գրականության մասին.
«Այո, մենք մեր սերերը մեր շահերի վրա չենք կառուցում, մենք սիրում ենք, որովհետև սիրում ենք, և իրականության նեղվածքի մեջ մեր էություն է ներծծվում այն չապացուցվողը, թե լեզվափոխությունը հայ որակի հարատևումն է այլ կեղևի տակ։ Եվ այստեղից էլ՝ ուրախության ու տագնապի այդ միահյուսումը, երբ ժողովուրդների համաշխարհային մակընթացությունը որևէ հայորդու հասակ է բարձրացնում։
Սարոյանի երևալու հետ միայն մեր ուրախությունը անխառն եղավ։ Քառասուն տարիներե ի վեր իր հեռվից նա իր հայրերի մեր հին տանը ուրախություն ու միայն ուրախություն է ստեղծում։ Նա այն զավակն է, ում մասին հայրը ասում է ժպիտով ու հպարտությունից տնքալով. «Նա կապրի, ես նրա մասին հոգս չունեմ»
Ապա շարունակության մեջ.
«Նրա համար՝ իրենից առաջ գրականություն չի եղել, նա գրականությունից չի գալիս։ Նա գալիս է ինքը իրենից, «ձեր պատերազմը ձեր քաղաքակրթության ծնած հրեշն է, ձեր քաղաքակրթությունը ձեր պատերազմից ինքներդ պաշտպանեցեք», ինքը ստեղծում է իր քաղաքակրթությունը, և ինքն ու իր գրականությունը թերևս շատ են նման ասորահայկական արևելքի քրիստոնյա առաջին համայնքների ժողովականներին ու նրանց զրույցին. նրանք՝ այդ առաջին համայնականները, փտախտով հիվանդ Հռոմում էին, բայց Հռոմը նրանց մեջ չէր, նրանք ականջ էին դնում իրենց մեջ ուրիշ շշուկների, և նրանց զրույցները դեռ չէին դարձել քարոզ, նրանց խոկումները դեռ չէին դարձել պատվիրան և պատվիրանները սրի ծայրով դեռ չէին անցըվում մարդու կողերից ներս»։
06.12.1978, «Հայրենիքի ձայն»
Քչերը գիտեն, որ Հրանտ Մաթևոսյանը դստեր՝ Շողեր Մաթևոսյանի հետ միասին Վիլյամ Սարոյանի մի քանի պատմվածք է թարգմանել: Ներկայացնում ենք այդ պատմվածքներից մեկը, որն ընդգրկված է Վ. Սարոյանի «Իմ անունն Արամ է» ժողովածուում:
Հենրիկ Սիրավյան, Վիլյամ Սարոյան և Հրանտ Մաթևոսյան
Խորհուրդներ ամերիկացի ճանապարհորդին
Իմ Մելիք քեռին Ֆրեզնոյից Նյու Յորք իր առաջին ճամփորդության էր ելնելու, և ուղևորվելուց առաջ նրա Կարո քեռին, իհարկե, եկավ, նստեց ու նկարագրեց ճանապարհի դժվարությունները։
— Գնացք ես բարձրացել, վագոնում ես,— ասաց ծերունին,— ապահով մի տեղ ես ընտրում ու նստում, դեսուդեն չես նայում, եղա՞վ։
— Եղավ, սըր,— ասաց Մելիք քեռիս։
— Գնացքը դեռ նոր է շարժվել՝ երկաթուղայինի համազգեստով երկու մարդ են մոտենում ու տոմս են հարցնում։ Բանի տեղ չես դնում, թողնում անցնում են։ Ուրեմն հասկացան, որ իրենց իսկությունը գիտես։ Խաբեբա են, գնացքի սպասավոր չեն։
— Բայց ես ինչպե՞ս հասկացա, որ խաբեբա են։
— Հենց մոտեցան ու հարցրին՝ դու հասկացար, դու միամիտ երեխա չես։
— Լավ, սըր։
— Քսան մղոն արդեն անցել ես, եղա՞վ, տեսքից բարի մի երիտասարդ մոտենում ու քեզ սիգարետ է մեկնում։ Չես վերցնում, «ծխող չեմ», չես ծխում։ Սիգարետի մեջ թմրախոտ է։
— Այո, սըր։
— Գնացիր վագոն֊ռեստորան. հենց դռների մեջ մի շատ սիրունատես ու թարմ արարած իբր թե պատահաբար դիպչում, քեզ համարյա թե փաթաթվում ու հետո շփոթվում, ժպտում ու հազար ներողություն է խնդրում։ Այդ րոպեին նա հմայիչ է, քեզ խելքահան է արել, ուզում ես քո մտերիմը լինի։ Չի՛ կարելի։ Քո այդ դավաճան խռովքը ճնշում ու քեզ համար ճաշելու ես գնում։ Այդ կինը խարդախ կին է։
— Ի՞նչ ՞,— հարցրեց Մելիք քեռիս։
— Լի՛րբ է, լի՛րբ,— բղավեց ծերունին։— Մտել ես ռեստորան, ճաշում ես։ Մի մոռացիր, որ ախորժելի ուտելիք ես պատվիրել։ Ռեստորանը լեփ֊լեցուն է, և այդ կինը իբր թե պատահաբար քո սեղանակիցն է. մի՛ նայիր աչքերին, գլուխդ կախ քո ուտելիքին կաց, հետդ, ահա ուզում է խոսել՝ խուլ ես, չես լսում։
— Հասկացա, սըր։
— Խուլ ես, իր երգեցիկ ծլվլոցը չեմ լսում, պոկվելու միակ միջոցը խլանալն է։
— Ինչի՞ց պոկվելու։
— Թակարդից,— ասաց ծերունին։— Ես ճամփորդել եմ ու գիտեմ, կանանց թակարդից։
— Այո, սըր։
— Ուրեմն այս մասին՝ էլ վերջ։
— Այո, սըր։
— Էլ խոսք չլինի, վերջ։ Ես կյանք եմ ապրել ու գիտեմ, ես հացի կարոտ չեմ քաշել ու աչքս ուրիշի ունեցածին չեմ գցել։ Ես յոթ ժառանգ եմ մեծացրել։ Ես հող ունեմ, այգի, ծառեր, փող ու անասուն։ Ամեն ինչ աշխատանքով ու կամաց֊կամաց է լինում, չի կարելի հանկարծ գտնել ու ասել՝ գտա։
— Իհարկե, սըր։
— Ռեստորանից քո տեղին դառնալիս հայտնվեցիր ծխարանում, թղթախաղն այնտեղ տաքացել է։ Քառասունհինգ֊հիսուն տարու երեք մարդ թուղթ են խաղում, մատներին իբր թե թանկարժեք քարերով փայլուն մատանիներ են։ Քեզ բարեկամաբար ողջունեցին ու մեջները քեզ համար տեղ բացեցին։ Անգլերեն չես հասկանում. «Չեմ հասկանում անգլերեն»։
— Այո, սըր։
— Այսքան բան։
— Անչափ շնորհակալ եմ,— ասաց Մելիք քեռիս։
— Եվս մի կարևոր խորհուրդ,— պատվիրեց ծերունին.— գիշերը, երբ քնելու լինես՝ փողը գրպանիցդ հանիր ու կոշիկիդ մեջ դիր։ Կոշիկը դիր բարձիդ տակ ու գիշերը գլուխդ բարձից մի կտրիր։ Աչքդ փակ քնած ձևացիր, բայց հանկարծ չքնես։
— Լավ, սըր։
— Այսքան բան, քեզ բարի ճամփա։
Կարո քեռին գնաց, և իմ Մելիք քեռին մյուս օրը գնացքով ուղևորվեց ամբողջ Ամերիկայի մյուս ծայրը՝ Նյու Յորք։ Այն, որ երկաթուղայինի համազգեստով երկու խաբեբա էին լինելու՝ գնացքի սպասավորներ էին եղել, թմրախոտով սիգարետ առաջարկող երիտասարդը չէր երևացել, խարդախ հմայուհու տեղը ռեստորանում այդպես էլ ոչ մի կին չէր հայտնվել, և ծխարանում էլ ոչ ծխող էր եղել ու ոչ էլ տաք թղթախաղ։ Գիշերը խեղճ Մելիք քեռիս փողը խցկել էր կոշիկի մեջ, կոշիկը՝ բարձի տակ և գլուխն էլ պինդ դրել բարձին ու մինչև լուսաբաց աչք չէր փակել, բայց մյուս օրը իր կարգը ինքն էր խառնել։
Մյուս օրը ինքն էր սիգարետ մեկնել մի երիտասարդի և սա վերցրել էր շնորհակալությամբ, վագոն֊ռեստորանում ընթրողների մեջ ինքն էր նստել գեղեցիկ կնոջ սեղանին, ծխարանում ինքն էր սկսել ու տաքացրել թղթախաղը և մինչև Նյու Յորք հասնելը ինքը ծանոթացել բոլոր ուղևորների հետ և գնացքում բոլորը մեկառմեկ բարեկամացել էին իրեն։ Իսկ Օհայո քաղաքով անցնելիս՝ սիգարետը հաճույքով ընդունած երիտասարդը, ինքը՝ Մելիք քեռիս, և պարմանի երկու օրիորդ քառյակ կազմած միաբերան «Վոբոշյան բլյուզ» էին երգել։
Փառահեղ ճամփորդություն էր եղել։
Երբ այս Մելիքը վերադարձավ Նյու Յորքից, իր Կարո քեռին տեսության եկավ։
— Տեսքդ հիանալի է, քրոջ տղա,— ասաց,— երևի թե իմ խորհուրդներով ես շարժվել, այո՞։
— Միայն խորհուրդներով,— ասաց Մելիք քեռիս։
Ծերունին հայացքը հեռու հորիզոններին հառեց.
— Ես գոհ եմ, որ կյանքիս փորձը մեկին պետք եկավ։
Աղբյուրներ՝ Վիլյամ Սարոյան, Ընտիր երկեր, հատոր առաջին, Երևան, 1986:
www.hrantmatevossian.org