2023 թ. հոկտեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա Սրբալույս Մյուռոնի օրհնություն: Մյուռոնօրհնությունը մեր եկեղեցու ու ժողովրդի կյանքի նշանակալի իրադարձություն է: Հայ հավատացյալները այս առիթով ամբողջ աշխարհից ուխտագնացության են գալիս հայրենիք ու Մայր Աթոռ՝ այս խորհրդավոր իրադարձությանը մասնակցելու, սրբազան արժեքների հետ առնչվելու, հավատն ու հայրենիքի հետ կապը նորոգելու համար: Մյուռոնի օրհնության կամ եփման արարողությունը, Սրբալուլույս Մյուռոնի օգտագործումը ուղեկցվել է տարբեր հրաշքներով, որոնց մասին վկայություններ են պահպանվել մեր մատենագրության մեջ ու ճանապարհորդական նոթերում: Հավատացյալների հատկապես ապշեցնում էր Մյուռոնի եփվելը առանց կրակի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջով տյառնագրելուց հետո։ Art365-ը ներկայացնում է Մյուռօրհնության ու Մյուռոնի կիրառության հետ կապված պատմություններ հրաշքների մասին:
Իսկ երբ լրացավ պաս կատարելու տրված ժամկետը, երանելի Գրիգորը առավ աշխարհաբանակ զորքը և իրեն՝ թագավորին, նրա տիկին Աշխենին, մեծ օրիորդ Խոսրովիդուխտին, ամենայն մեծամեծներին և բանակի բոլոր մարդկանց, առավոտյան այգը լուսանալուն պես Եփրատ գետի ափը տարավ և այնտեղ մկրտեց առհասարակ ամենքին՝ հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու:
Երբ բոլոր մարդիկ ու թագավորը իջնում էին այնտեղ՝ Եփրատ գետի ջրերի մեջ մկրտվելու, Աստծուց սքանչելի հրաշք երևաց, քանզի գետի ջրերը կանգնելով ետ դարձան: Սաստիկ լույս երևաց լուսավոր սյան նման և կանգնեց ջրերի վրա, ու նրա վրա՝
տերունական խաչի կերպարանքը. և լույսն այնքան ծագեց, մինչև որ արգելեց ու նվազեցրեց արեգակի ճառագայթները:
Օծության յուղը, որ Գրիգորը մարդկանց վրա էր թափում, գետի մեջ շրջան կատարելով, մարդկանց շուրջն էր պտտվում: Ամենքը զարմացած օրհնություն էին տալիս ի փառս Աստծու: Օրվա երեկոյան հրաշքը աներևույթ եղավ, և նրանք դեպի վեր՝ ավան վերադարձան: Նրանք, որ այն օրը մկրտվեցին, ավելի քան տասնհինգ բյուր էին, արքունական զորքից:
Ագաթանգեղոս, Պատմություն Հայոց
Իսկ Հայտնության օրը, ընդունված կարգով, բարեպաշտ քրիստոնյա թագավորներն ու իշխանները, եկեղեցու առաջնորդներին հավասար,
նրանց հետ ոտքով պիտի գնան դեպի ջուրը ու այնտեղ կատարեն Քրիստոսի մկրտության խորհուրդը. ահա այդ օրը թագավորը հրամայեց Պետրոս հայրապետին ջուր օրհնել ըստ մեր կանոնի, իսկ հոռոմների եպիսկոպոսներին, որոնք այնտեղ պատահեցին, ըստ իրենց կանոնի:
Երբ հայրապետը Մյուռոնը ջուրը լցրեց, հանկարծակի ճառագայթող լույսի ցնցուղներ դուրս ելան ջրից. այդ տեսան առհասարակ բոլորն էլ և փառաբանեցին Աստծուն, և մեր հավատի զորությունը բարձրացավ:
Արիստակես Լաստիվերցի, Պատմություն
Պետրոս հայրապետի աղոթքի ժամանակ գետի ջուրը դարձավ դեպի վեր, ու չափազանց պայծառ լույս ծագեց, որ արեգակի ճառագայթները աղոտացրեց: Եվ երբ նրանց աղավնին եկավ մտնելու ջուրը, ինչպես որ վարժված էր, հանկարծ մի արծիվ խոյանալով առավ աղավնին ու թռավ:
Կիրակոս Գանձակեցի, Հայոց Պատմություն
Այս վանքում է պատրաստվում միրուն- յաղը (մեռոն), որն իսկապես տարօրինակ է: Մի մետաքսյա գորգի վրա դնում են կաթսան, տակը կրակ են վառում և եփում են կաթսայի մեջ լցված բույսերն ու ծաղիկները: Կրակը գորգի վրա չի ազդում և նույնությամբ մնում է : Հետո այս բույսերի ջուրը, այսինքն` յուղը, լցնում են հատուկ ամանների` կումկումների (գյուգում) մեջ և իբրև շնորհավորանք տանում են Ֆրանգստան, իսկ այնտեղից ուխտի են գալիս այս վանքը: Այդ յուղը գործ են ածում տարբեր հիվանդությունների, վերքերի համար։
Է Չելեբի, Ջիհան նյումա