Հայաստանի նկարիչների միությունում բացվեց անվանի գրականագետ, արվեստաբան, հրապարակախոս Ստեփան Թոփչյանի (1937-2021 թթ․) նկարների ցուցահանդեսը։ Արվեստասերին իր գիտական ուսումնասիրություններով ու հրապարակախոսությամբ հայտնի հեղինակը նորովի ներկայացավ իր աբստրակտ գեղանկարներով։
Արվեստագետը Արարչից կամ տիեզերքից շռայլորեն ստանալով ջրվեժի պես թափվող շնորհները՝ ստեղծում է դրանց հնարավոր պատկերները՝ որպես անտեսանելի ու տեսանելի երևույթի գեղարվեստական արտացոլումներ, որպես այդ շնորհների սպասում ու հմայական գործողություն՝ դրանց շարունակականությունը ապահովելու համար։
Ջրվեժ ու տիեզերք հասկացությունները, ես պատահական չնշեցի, քանի-որ Ստեփան Թոփչյանի գեղանկարների մեծ մասը այդ խորագրերն են կրում։ Հատկապես ջրվեժները՝ իրենց ինքնատիպ գույներով, տարբեր մշակույթների նշաններով, ըստ իս, ցույց են տալիս մարդու և արվեստագետի տիեզերքի, արարչական զորության, շնորհատուի փնտրումների ու ընթերցումների հետագիծն ու հնարավորությունները։
Գուցե նաև հեղինակի ներշնչման աղբյուրը՝ հայկական մանրանկարչություն, արևելքի արվեստ, երաժշտություն, հիերոգլիֆներ, բնություն։ Ջրվեժներին ուղեկցող այս երևույթների նշանները դիտողին աբստրակտ նկարները հասկանալու և մեկնաբանելու հնարավորություն են տալիս:
Սակայն միայն հնարավորություն, քանի-որ գլխավոր նպատակ-հետևանքն, այդուհանդերձ, այդ գործերից ստացված տպավորություն-ազդեցությունն է, որ ստանում է մարդը։ Եվ ջրվեժներն ու տիեզերքների սկսում են աշխատել նրա ներսում։ Վիզուալ պատկերը դառնում է ապրում, միտք, ներշնչում։
Սակայն Ստ. Թոփչյանի արվեստը հասկանալու մեկ այլ ճանապարհ էլ կա․ պետք է ընթերցել նրա արվեստաբանական գրքերը և արվեստի նրա վերլուծություններում գտնել նրա նկարների ընկալման բանալիները։ Ես առանձնացրել եմ համապատասխան հատվածներ նրա վերջին՝ Երվանդ Քոչարին նվիրված գրքից, որոնք էլ ներկայացնում եմ արվեստագետի նկարների ուղեկցությամբ։
Գեղարվեստին հատուկ է` կյանքը պատկերել մասնավոր, անէական դրսևորումներից մաքրված գեղեցկության համընդգրկուն բարձրակետից, ինչի շնորհիվ ստեղծագործությունն օժտվում է պարուրող ձգողությամբ` անխուսափելի ու բնական, ինչպես տիեզերական ձգողական ուժը։
Անդրադարձումը, որպես իրականություն-ստեղծագործություն խորագնա պրոցես, արդեն իսկ առկա է տիեզերքի մասնիկի` առանձին փորձի մեջ առարկայական աշխարհի տարրալուծում-համադրումով արվեստագետն ընթացք է հաղորդում արվեստի հեռահար զորությանը: Խորաթափանց ճանաչումը ոչ միայն ավելին է սոսկ փաստերի կուտակումից, այլև կատեգորիական հղացումն է ոգու և նյութի հարաշարժ պայքարով առավելագույն կենսալի ձևում հղկվող երևույթի:
Սուբստանցի արքայությունից մուտք ու ելքով անտեսանելի որոշիչի ճառագումը տեսանելի դարձնող արվեստագետը, երևակայության ուժով պատկերելով հասկացությունները ոչ միայն անմիջական-կենսական, այլև երևակայական ձևերում, ընդգրկում է աշխարհակառույցն իր ընտրյալ պեսպիսությունների ծավալման մեջ, ավելին կերտում է մի ամբողջ Տեսլաշխարհ` արվեստ– տիեզերքը: Այն կազմվում է իր սեփական ոլորտում գոյող և արվեստագետի ճանաչողության լույսին սպասող, նրա թափանցող հայացքի առաջ բացվող էության երևութային տարբեր մասերի ներդաշն կապակցությունների անդրադարձումով տեսլաշխարհ, որ հառնում է իր տարածություն-ժամանակով, կյանքից վերացարկված և նորովի, կյանք վերադառնալու պատրաստ․․․
Ավարտուն այդ աշխարհը դիտողը և հատկապես ուսումնասիրողը, հետզհետե խորանալով այնտեղ, զգացմունք-գաղափար-պատկերային հարստությունը յուրացնում ու անտեսանելի իրականը, այնուամենայնիվ, հայտնաբերում է «ներսից», ոչ թե «դրսից»: Մարմնացած անտեսանելի-ստվերն օժտված է արդեն որոշարկված, անկրկնելի արտաքին-ներքինով: Երբ արվեստագետը սեփական դիտակետից վերացել ու խորացել է ստեղծագործության տեսլաշխարհում, այն յուրացնելու փորձից հետո վերադարձը սկզբնակետին արդեն օրինաչափ ընթացք է, որը հավասարակշռող միջամասում պատկերումը կազմակերպելու խնդիրն առնչվում է արտաքինից ներքին և ներքինից արտաքին անցնելու հերթագայությանը:
Վերացական մտածողությունը ռեալ իրականությունը յուրացնում է կրճատված-փոխարկված-խտացված ձևով, նշանների միջոցով: Աշխարհի ճանաչման այս կերպն արտաքին օբյեկտների համակարգը վերացարկում-վերածում է ստեղծագործական հնարավորությունների իրացման անսպառ ոլորտի: Ճանաչողության պրոցեսում բանականության, զգացմունքների, կամքի ուժով անհատը հասնում է թե՛ գեղարվեստական, թե՛ գիտական բացահայտումների, յուրահատուկ մարմնացումների․․․
Գեղարվեստը մարմնացնում է օբյեկտիվը և սուբյեկտիվը ներդաշնակ միասնությամբ: Ուստի և արվեստագետն իրականությունը ներկայացնում է՝ անցկացնելով իր ներաշխարհի քուրայով: Հոգևոր աշխարհի հարստության և արտաշխարհի կրճատված-փոխարկված-խտացված բովանդակալից պատկերների միաձուլումով նա ստեղծում է որակապես այլ` գեղարվեստական իրականություն։
Ձևերի աբստրահումը կերպարվեստում, ոչ մարդկային աչքերով տիեզերքը տեսնելն այստեղ առնչվում է վերանալու, երկրից և երկրայինից պոկվելու ձգտմանը: Որ տեսնելու աննախադեպ կերպի այս սահմանումը գալիս բախվում է իմմանենտի և տրանսցենդենտի հակադրամիասնության փիլիսոփայական պրոբլեմին․․․
Արդ, արվեստագետն իր երևակայության ուժով կարող է ավելի լիարժեք պատկերացնել ու վերապրել կյանքի դրսևորումները` արվեստը վերածելով «մարդկային ամենաբարձր գործունեության»: Արվեստագետի անհատական ընկալումով անցած, վերամշակված, ուրույնացած կյանքն ավելին է, քան իրական կյանքը: Քանզի գեղարվեստական ստեղծագործությունը ոգեկանացված կյանքն է, նույն իրականը` դրսևորման ավելի բարձր ձևում: Ինքն իր համար փակ ոլորտ մնալով և իր նպատակն իր մեջ գտնելիս անգամ գեղարվեստը ծառայում է կյանքին։
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան
Աղբյուրը՝ Ստեփան Թոփչյան, Երվանդ Քոչար, Երևան, Զանգակ, 2021։