Շարականը կամ օրհներգը մեր հոգևոր-եկեղեցական երաժշտության հիմնական տեսակն է, միաժամանակ հայալեզու բանաստեղծության հնագույն ժանրերից։ Այս երգերը ստեղծվել են, կատարվել ու կատարվում են եկեղեցական որևէ տոնի առիթով ու համապատասխան օրվա պատարագի ընթացքում։ Մեզանում այս երգերը սկզբում կոչվել են կցուրդներ կամ կցորդները։ Այս օրհներգերի հնագույն օրինակների հեղինակներ են համարվում Սուրբ Մեսրոպ Մաշտոցը, Սուրբ Սահակ Պարթևը, Սուրբ Մովսես Խորենացին, Հովհան Մանդակունին։ Քրիստոնեական տարվա առաջին ու մեծ տոնին՝ Սուրբ Ծնունդին նվիրված օրհներգեր են հեղինակել մեր շատ շարականագիրներ։ Այս ստեղծագործություններում գերիշխում են Փրկչի ծննդի ոգեշնչող ու տոնական տրամադրությունը, Սուրբ Աստվածամոր ու Մանուկ Հիսուսի նկատմամբ հիացումի մոտիվները։ Դրանք հավատացյալներին հրավիրում են աղոթքի ու փառաբանության։ Սուրբ Ծննդին ընդառաջ Art365-ը ներկայացնում է այս պայծառ ու ներշնչող գործերի մի փունջ, որոնց հեղինակ է համարվում Սուրբ Մովսես Խորենացին։
Մովսես Խորենացի
Խորհուրդ մեծ և սքանչելի
Խորհուրդ մեծ և սքանչելի, որ յայսմ աւուր յայտնեցաւ,
Հովիւքն երգեն ընդ հրեշտակս` տան աւետիս աշխարհի:
Ծնաւ նոր Արքայ, ի Բեթղեհեմ քաղաքի,
Որդիք մարդկան, օրհնեցէ՛ք, զի վասըն մեր մարմնացաւ:
Անբաւելին երկնի և երկրի ի խանձարուրս պատեցաւ,
Ոչ մեկնելով ի Հօրէ` ի սուրբ այրին բազմեցաւ:
Ի Հօրէ ծագեցար
Ի Հօրէ ծագեցար՝ լուսաւորեալ զարարածս,
արդարութեան Արեգակըն, Տէր, փառք Քեզ։
Ծընար ի յայրին, ընծայեցաւ Բեթղեհեմ,
արդարութեան Արեգակըն, Տէր, փառք Քեզ։
Հովուաց յայտնեցար, Երկըրպագեալդ ի մոգուց,
արդարութեան Արեգակըն, Տէր, փառք Քեզ։
Եւ մե՛ք երգեսցուք, որ ի Կուսէն մարմնացար,
արդարութեան Արեգակըն, Տէր, փառք Քեզ։
Լոյս, Լուսոյ Մայր
Լոյս, Լուսոյ Մայր եւ կենարար Բանին Բնակարան,
Քեզ երանիցեն ազգ եւ ազինք ամենայն։
Ստեղծողին Մայր եւ հընութեան կերպի Նորոգողին,
Քեզ երանիցեն ազգ եւ ազինք ամենայն։
Լույս ծագեցաւ ի Քէն՝ նըստելոցս ի խաւարի,
Քեզ երանիցեն ազգ եւ ազինք ամենայն։
ԸզՏեր օրհնեցէք
ԸզՏեր օրհնեցէք
եւ բարձր արարէք ըզՆա յաւիտեան։
Որ Ի Կուսէ անապական Թագաւոր ծընաւ Քրիստոս Աստուած,
յորմէ դողան իմանալի զօրութիւնքըն,
օրհնեցէք, ժողովուրդք,
եւ բարձր արարէք ըզՆա յաւիտեան։
Որ Մըկըրտեցաւն Ի Յորդանան
եւ լուաց ըզտիեզերս ի մեղաց,
վըկայեալ ձայնիւ Հօր եւ երեւմամբ Սուրբ Հոգւոյն,
օրհնեցէ՛ք քահանայք,
առաւել բարձրացուցէք ըզՆա յաւիտեան։
Այսօր յայտնեցաւ մեզ Բարձրեալըն
Այսօր յայտնեցաւ մեզ Բարձրեալըն՝
բազմեալ Բանըն յանբանից մըսուր,
Գառն եւ երկնաւոր Հաց։
Այսօր ցընծան զուարթունք երկնից՝
տեսանելով զահաւոր, զահագին եւ ըզհրաշալի Ծընունդ,
որ Լոյս աշխարհի ցուցաւ։
Ընդ իջանել զուարթնոցն ի փառաբանութիւն՝
տեսանէին ամպ՝ լուսոյ սիւն գործեալ ի հրալից վիմին,
դասք երջանիկ հովուացն։
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան
Աղբյուրը՝ Օրհներգեր, գրաբար և աշխարհաբար, Երևան, 2011: