Քրիստոնեական տարվա առաջին ու մեծ տոնին՝ Սուրբ Ծննդին նվիրված օրհներգեր կամ Ավետիսներ են հեղինակել մեր շատ շարականագիրներ։ Այս ստեղծագործություններում գերիշխում են Փրկչի Ծննդի ոգեշնչող ու տոնական տրամադրությունը, Սուրբ Աստվածամոր ու Մանուկ Հիսուսի նկատմամբ հիացումի մոտիվները։ Այդ երգերը միաժամանակ փառաբանության կոչ ու հրավեր են։ Փրկչի ծննդյան գողտրիկ Ավետիսներում, բանաստեղծական պարզ, սակայն բյուրեղացած միջոցներով գովերգվում է Մանուկ Հիսուսը, ներկայացվում են Բեթղեհեմյան աստղին հետևելով հեռու աշխարհներից եկած ու ընծաներ բերած մոգերը, սակայն ամենակարևորն, իհարկե, մարդկության փրկության խորհուրդն է։ Սուրբ Ծննդյան ամենահայտնի գրական-բանաստեղծական արտահայտությունը Մովես Խորենացու «Խորհուրդ մեծ և սքանչելի» շարականն է: Նոր կտակարանյան այս բազմախորհուրդ դրվագը իր ուշագրավ արտահայտությունն է գտել նաև հայ ժողովրդական քնարական բանահյուսության մեջ՝ Ալելույաներում ու Ավետիսներում։ Այստեղ Քրիստոսի Ծնունդն ու ավետիսն ունեն նորացման, կյանքի ու բնության նորոգության, բերքի ու բարիքի առատության, ընդհանրապես բարին շատացնող օրհնության նշանակություն։ Մարիամի ծննդաբերության պատկերը պարզ ու անմիջական է: Հաճախ գեղջուկների իրականությունը ուղղակի ներմուծվում է երգի մեջ. Հովհաննես Մկտիչը դառնում է քավոր, ունի ուրագ ու տրակտոր և այլն: Գյուղերում այս օրը երեխաները տնից տուն էին շրջում երգում Ավետիսներն ու ստանում նվերներ: Եվ պատահական չէ, որ երգերում հիշատակվում են նաև այն տների անդամները, հատկապես ավագ որդիները, ուր այցելում էին երեխաները: Նրանց մաղթանքներ ու գովեստներ են շռայլում:
Սուրբ Ծննդյան բանահյուսական առաջին Ավետիսը գրառել ու հրատարակել է Կոմիտասը 1894 թ.:
Քրիստոսի Ծննդյան լուսավոր Ավետիս հետ միասին Art365-ը ներկայացնում է հայ ժողովրդկան երգ-ավետիսների մի գեղեցիկ փունջ։
ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՎ ԵՎ ՀԱՅՏՆԵՑԱՎ
ՕՐՀՆՅԱԼ Է ԾՆՈՒՆԴԸ ՔՐԻՍՏՈՍԻ
ՄԵԶ ԵՎ ՁԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ
Արդ ցնծացեք...
Արդ ցնծացեք, ուրախացեք, յալելյու,
Այսօր ծնունդք ի Մարիամա, յալելյու:
Մարիամ գնաց դուռն ի հետին,
Քամակ ետու խաչափետին,
Շնչեց, եբի Հիսուս որդին:
Հիսուս որդին մկրտեցին,
Բուրդ խանձարուր փաթըթեցին:
Էրնեկ ա քեզ, սուրբ Հովհաննես,
Քեզ Քրիստոսին քավոր արին:
Էրնեկ ա քեզ, գետ Հորդանես,
Քրիստոս մեջ քեզ մկրտեցին:
Էրնեկ ա քեզ, բուրդ խանձարուր,
Քրիստոս մեջ քեզ փաթըթեցին:
Էս տան շինած աշնան շինած,
Էս տան քարեր մարմար բերած,
Թոներ ինի (մեջ) քընձ (քանց) հ'եկեղցի,
Հարսներ ինի քընձ եղվնիք.
Ավելը ձեռ՝ փունջ մանուշակ,
Կտխեն (բաժակ) զձեռ՝ նռան գինին:
Մամիկ, մամիկ, ես քե ծառա,
Սոլեր ոտներ/դ/ կճռվռա,
Կոքեով (ընկույզ) էբի՝ կխռխռա.
Ձեր տղի անուն ինչ ի, (Ներսես).
Ներսես նստի ծառի տակին,
Բրչամ (ծամ) թալե ծառի ճղին,
Քանի ծառին ճող կա,
Ձեր Ներսեսին շատ արև կա:
Բարով բարով..
Բարով բարով էս տաճարով, ավետիս,
Սուն ու գերան հազարաշեն ավետիս,
Աս տուն շինած գարնան ծաղկով
Աս տան քարեր սուրբ մարգրիտ
Կտեր հողը խնկան փոշի
Հողի վրեն ծալած ոսկի
Թոնիրները եկեղեցի
Լավաշները գործած խաչեր
Հարսնուկները խանում խաթուն
Հարսներ բոլոր քանց եղվնիք
Տուն ավլողը ջուխտ աղունակ
Ձեռ ավելը փունջ մանուշակ, ավետիս:
Ցնծացեք, ուրախացեք...
Ցնծացեք, ուրախացեք, ալելույա,
Էսոր ծնունդ Մայրամին ա. ալելույա,
Մարյամ գնաց դուռը վերին, ալելույա,
Չղտավ, բերավ յուր խաչ որդին, ալելույա:
Խաչ որդին Քրիստոս որդին, ալելույա:
Անբազմություն մկրտեցին, ալելույա.
Շիշ երերաց օրորոցին, ալելույա,
Բուրդ խանձարուր փաթաթեցին, ալելույա:
Բերի, բարի, ձեր տղու անուն ի՞նչ ա. տանտերը՝ Հովհաննես:
Հովհաննես հեծավ փոլադ քուռակ, ալելույա,
Մեջքին զարնա պողպատ ուրագ, ալելույա.
Հովհաննեսին ունի գութան, գոմեշ, տրակտոր, ալելույա:
Սուրուն օղջրի պճեղ ոսկի, գութան, գոմեշ, ոսկի արծաթ:
Ալելույա, ալելույա, ալելույա, ալելույա:
Այսօր տոն է Սուրբ Ծննդյան Ավետիս
Այսօր տոն է սուրբ ծննդյան, ավետիս
Տեառն մերոյ և հայտնության, ավետիս
Այսօր արևն արդարության, ավետիս
Այսօր արևն արդարության, ավետիս
Շարոց բերեք, պաստեղ բերեք
Մեր հարսներուն փայն ալ բերեք,
Թոնիր վառեք գաթա թխեք,
Այդ գաթայից բաժին հանեք,
Այնժամ որ Քրիստոս ծնավ, ավետիս
Վրան լուսելույս իջավ, ավետիս
Ուղտը եկավ հազար բեռով, ավետիս
Մանչը ծնավ քաղցր ճիչով, ավետիս:
Ձեր սնդուկներ լեցվին հացով, ավետիս
Ձեր սնդուկներ լեցվին հացով,ավետիս
Ձեր ոչխարներ գային ջոկով, ավետիս
Ձեր կարասնին լեցվին գինով
Ձեր փոցոնին գային ջոկով
Ձեր խորոզնին կանչեն ձենով
Ձեր հեռավորք գային բարով
Ձեր ճուգն ու թաս էրթան ուգան
Ծառ խնկենի արմավենի, ավետիս
Ձեր մանչերուն աստված օրհնե, ավետիս:
Այսօր տոն է սուրբ ծննդյան ավետիս
Այսօր տոն է սուրբ ծննդյան, ավետիս
Տեառն մերո և հայտնության, ավետիս
Այսօր արևն արդարության
Երևեցավ ի մեջ մարդկան, ավետիս
Այսօր սուրբ կույսն անապական
Ծնավ և էբեր զանմահ արքայն, ավետիս
Այսօր հրեշտակք հերկնից իջան
Ընդ մեզ օրհնեն զանմահ արքայն, ավետիս: