Սուրբ Գևորգը կամ Գեորգիոսը Հայ առաքելական, Կաթոլիկ ու Ուղղափառ եկեղեցիների պաշտելի սրբերից է: Քրիստոնյա նահատակի հավատի ուժը, անկոտրում կամքն ու հաստատակամությունը դարեր շարուկ ոգեշնչման աղբյուր են հավատացյալների համար: Հայ առաքելական եկեղեցին սեպտեմբեր ամսվա վերջին շաբաթ օրը նշում է Սուրբ Գևորգի հիշատակության օրը: Art365-ը հատվածաբար ներկայացնում է սիրելի սրբի վկայաբանությունը նրան նվիրված պատկերագրության ուղեկցությամբ: Պատկերագրութան մեջ Սուրբ Գևորգը մշտապես ներկայանում է վիշապամարտի տեսարանում՝ եկեղեցու թշնամիներին, նաև չարը խորհրդանշող վիշապին հաղթելիս: Ավանդական վկայաբանության մեջ վիշապ է կոչվում Դիոկղետիանոս կայսրը: Այս մոտիվի առկայությունը հնարավորություն է տվել ուսումնասիրողներին Սուրբ Գևորգին համեմատելու նմանատիպ վիշապամարտիկ կերպարների հետ՝ մատնանշելով այս հերոսի հնությունն ու առասպելաբանական արմատները:
Այդ ժամանակ եղավ Դիոկղետիանոսի խիստ կռապաշտությունը Հռոմայեցոց աշխարհում. մի ժանտ ու գազանաբարո մարդ էր, քրիստոնյա հավատքին դեմ և խիստ պարտված սնոտի կուռքերի խաբեության մոլորությունից, անաստվածության մեջ ունենալով մի սիրելի համամիտ, որի անունն էր Մանգնենտիոս, երկրորդը նրա թագավորության մեջ և մոլեգնում էր քրիստոնյաների դեմ` կուռքերի ամբարշտությամբ զայրագնած: Սրանք միասին անպատկառություն մտածեցին` արմատապես վերացնել քրիստոնյաների պաշտամունքը և բոլորին ստիպում էին պաշտել կուռքերի պատկերները:
Այնժամ խավար գիշերում լուսավոր ու մեծապայծառ աստղի նման ծագեց Քրիստոսի պատվական մարգարիտը` Գեորգիոս անունով Քրիստոսի զորականը, փարատելու բազմաստվածության մեգն ու մառախուղը և սնոտի կուռքերի մոլորությունը: Երկնային խորհրդով և փրկարար քարոզությամբ սատարեց բոլոր արժանավորներին` իր ճգնության միջոցով: Քանի որ արհամարհեց պիղծ Դիոկղետիանոսի սպառնալիքը, իշխանների և զորավարների մոլորությունը և բնավ ուշադրություն չդարձրեց սպասվող տանջանքներին, այլ հայհոյեց բոլորին, որոնց պատվում էին, աստվածասեր սրտով ասում էր ինքն իրեն. «Գեորգիոս, ինչո՞ւ ես դատարկ, ահա Տերը կանչում է Իր հարսանիքին մտնելու, առագաստը բացված է, ընթրիքը պատրաստ է, ինչո՞ւ ես հապաղում, մտիր նախքան կփակվի դուռը, քանի որ մեզ մոտիկ է Քրիստոս, որ մեզ համար խաչին համբերեց, աղաղակում և ասում է. «Մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, իսկ ոգին չեն կարող սպանել» (Մատթ, Ժ, 28): Հիշի՛ր, Գեորգիո՛ս, ավետարանական վարդապետությունը և Տերունական անսուտ ավետիսը, որ ասաց. «Ով Ինձ խոստովանի մարդկանց առջև` կխոստովանեմ և ես նրան Իմ Հոր առջև, որ երկնքում է» (Մատթ. Ժ. 32, Ղուկ. ԺԲ 8): Մի՛ նայիր, Գեորգիոս, ժամանակավոր, անցավոր աշխարհիս, որ երկնային կյանքի ստվերն է, և աշխարհի ընդունայն փառքին, երկնային հույսի համեմատ: Չէ՞ որ մարդու ամեն փառք ծաղկի ու խոտի նման է, մի քիչ համբերիր և հրեշտակների հետ հավերժական կյանքին կդասվես»: Այսպես խոսեց ինքնիրեն փոքրիշատե հնչեց ձայնը նրա և այսպիսի բարի խրատով հաստատվելով ոչ միայն չվախեցավ բռնավորների սպառնալիքներից, այլև քարոզում էր ճշմարտության խոսքը և սպասվող տանջանքները ծաղրելով, ճգնությամբ հանդերձ մեծ վարդապետությունը Աստծու սուրբ եկեղեցուն գեղեցիկ հիշատակ էր թողնում:
Քրիստոսի սուրբ վկան Գամիրքից էր, ազատ տոհմից և շատ հարուստ, զարդարված աստվածային իմաստությամբ և բազում անգամ տրիբունական իշխանություն էր վարել երևելի պատվով և Անիկորոն գնդից էր: Այնուհետև իր բազում քաջության համար թագավորները նրան կոմսության պատիվ էին տվել: Երբ նա տեսավ անչափ մոլորությունը, որ գործում էին Քրիստոսի դեմ նրանք, որ կուռքերի պաշտոնյա էին, շտապ իր ինչքն ու ունեցվածքը բաժանեց և տվեց աղքատներին և տնանկներին և որպես ճգնավոր մերկացավ ամեն ինչից: Թագավորական ատյանում և արքունի հրապարակում բոլոր զորավարների մեջ, որ նստած էին ատյանում և այլ իշխանների, որ թագավորի առջև էին, հոժարակամ բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Ես քրիստոնյա եմ, թագավո՛ր, և խրախուսվեցի ճշմարիտ ու երկնային Թագավորից` Հիսուս Քրիստոսից, և ձեր մեջ եմ զարմացած ձեր այդչափ մոլորությանը, որ ունեք կուռքերի հանդեպ և չեք ճանաչում միակ կենդանի Աստծուն, բոլոր արարածների արարչին, որև այդ թագավորությունը տվել է ձեզ: Արդ, ո՛վ թագավոր և բոլոր աթոռակիցներդ, մի՛ մոլորվեք դևերի խաբկանքից, քանզի աստվածները, որ չեն ստեղծել երկինքն ու երկիրը` կկորչեն (Եսայի Ժ. 11): Իսկ քրիստոնյաները միակ Հայր Աստծուն են երկրպագում և միակ Տեր Հիսուս Քրիստոսին` Աստծու Որդուն, որով ամեն ինչ եղավ, և Սուրբ Հոգի Աստծուն, կատարյալ Երրորդություն մի աստվածության և թագավորության մեջ, որով այստեղ ապրում ենք բարեպաշտությամբ, իսկ վախճանվելուց հետո ակնկալում ենք հավիտենական կյանք: Իսկ ձեր պաշտամունքը ստուգապես արժանի է այպանելու, քանի որ դևերի բարբաջանք է և չկա դրա մեջ ճշմարտություն: Դա սատանայի գործ է, որ ընկղմում է իր երկրպագուներին սատակման ու կորստյան»:
Այնժամ Մանգնենտիոսը, որ թագավորի երկրորդն էր և սիրելին, նայեց նրան և ասաց. «Ինչ է քո անունը, և կամ ո՞վ ես դու, որ այսքան հանդգնություն ունես»: Սուրբ Գեորգիոսը պատասխանեց. «Նախ և առաջ իմ անունը քրիստոնյա է, բայց մարդկանցից կոչվում եմ Գեորգիոս»: Դիոկղետիանոս թագավորը` անդնդային վիշապը, նայեց նրան և ասաց. «Գեորգիո՛ս, մենք իմացել ենք քո մասին, որ իմաստության և քաջության մեջ ընտիր ես միշտ և արժանացել ես մեր արքունական խնամքի պատվին: Ուստի մոտեցիր, զոհ մատուցիր աստվածներին, որ չարաչար չկորչես, այլ մանավանդ վայելես մեր սերը պատվով և առավել ևս մեր խնամածությունը` և մեր ներկայությամբ համարձակություն ունենալով: Իսկ քո այդ ունայն համարձակությունը քեզ օգուտ չէ»:
Սուրբ Գեորգիոսն ասաց. «Թագավոր, երանի թե լսեիր դու ինձ և ճանաչեիր միակ ճշմարիտ Աստծուն` երկնքի արքայությանը արժանի լինեիր: Բայց հիմա քո իշխանությունը ժամանակավոր է, և քո խոստումներն ու ողոքանքը անզոր են հանելու ինձ իմ Աստծու բարեպաշտությունից: Քո պատիվը քեզ լինի և քո խոստմունքը` քեզ հավանողներին, բայց ես Քրիստոսին ունեմ երկնային Թագավոր, որ ինձ փառք է տալիս և հաղթություն հակառակորդի և նրա պաշտոնյաների նկատմամբ»: Եւ զայրացած թագավորը հրամայեց կախել նրան փայտից և գեղարդով հարվածել նրա որովայնին ու նրան գցել գետնին: Երբ այդ արեցին, նրա մարմնից արյուն ցայտեց, բայց գեղարդը անագի պես հետ ծալվեց: Այնժամ սուրբ Գեորգիոսն ասաց. «Գոհանում եմ Քեզնից, Քրիստոս, որ սատանայի պաշտոնյաների սուրը իսպառ ետ դարձրիր և այդ բռնավորի զայրույթը իմ դեմ քանդեցիր»:
Իսկ տասներորդ ժամին մեծ հնչում և ձայն եղավ երկնքից, որ ասում էր. «Քաջալերվի՛ր, Գեորգիոս, և եղիր աներկյուղ, որովհետև բազում մարդիկ քեզնով հավատալու են Ինձ»: Իսկ նրան պահող դահիճները հնչած ձայնից զարհուրած` երկյուղով փախան: Եւ Տիրոջ հրեշտակը իջավ, ազատեց նրան այն տանջարանից և ողջանդամ հաստատեց նրա մարմինը, ողջունեց նրան ու ասաց. «Ուրախ եղիր, Գեորգիո՛ս, և հավատա քո զորացուցչին և շարունակիր քո ընթացքը, որովհետև ահա մենք քեզ տալու ենք կատարյալ խոստովանության պսակը»:
Այնժամ թագավորը հրամայեց բանտ նետել նրան ու ինքը գնաց արքունիք: Երբ սուրբը բանտում էր, բոլոր հավատացյալները գիշերով գալիս էին նրա մոտ, բանտապետին ինչք տալով մտնում էին և նրանից սովորում հավատն առ Քրիստոս: Եւ ովքեր հիվանդություն ունեին, պեսպես ցավով բռնված, կույրերին էին բերում նրա մոտ, և նա աղոթքով բուժում էր նրանց:
Իսկ սուրբ Գեորգիոսին տարան սպանման տեղը, և ասաց զորականներին. «Մի փոքր սպասեցեք, եղբայրներ, որպեսզի աղոթք անեմ»: Եւ երբ թողին նրան, երկինք նայելով տարածեց ձեռքերը, մեծապես հառաչեց ու ասաց. «Տեր Աստված իմ, որ ամբողջ հավերժից առաջ ես, որին ես ապավինեցի իմ մանկությունից քրիստոնյաների գեղեցիկ և ճշմարիտ ակնկալությամբ և Քո ծառաների անսուտ խոստումով անանց գանձ, որ մեր խնդրելուց առաջ շնորհում ես մեզ Քո ձրի պարգևները, լսիր ինձ, Տեր, և տուր վկայությանս խոստովանությանը մինչև վերջ համբերել: Եւ այժմ ընդունիր իմ հոգին և փրկիր ինձ հողեղեն և պիղծ հոգուց և ի հաճույս Քո ինձ հանգեցրու Քո սրբերի մեջ և թողություն շնորհիր այս հեթանոսներին, որ չարչարեցին ինձ, իսկ Քո ծառաներին, որ դիմում են Քո անվանը, լուսավորիր ճշմարտության գիտությամբ: Չէ որ կամենում ես, որ բոլորը ապրեն. օգնություն առաքիր նրանց, ովքեր դիմում են Քո անվանը, նրանց տուր Քո երկյուղը և ցանկություն, սեր սրբերի նկատմամբ, որպեսզի նրանց հիշատակը կատարելով նմանվեմ նրանց հավատին, որպեսզի արժանի լինեմ նրանց հետ երկնավոր կյանքին և հավիտենից արքայությանը, զի Քոնն է Հոր և Սուրբ Հոգու արքայությունը և փառքը. հավիտյանս ամեն»:
Աղոթելուց հետո ծունր իջավ, պարանոցը ձգեց և ասաց. «Կատարեցեք թագավորի հրամանը»: Զորականի սրի հարվածով նահատակվեց ի Տեր սուրբ վկան Քրիստոսի Գեորգիոս, մեհեկի ամսի քսաներեքին, ուրբաթ օրը, յոթերորդ ժամին, ի փառս ամենասուրբ Երրորդության, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Աղբյուրը՝ Վարք Սրբոց, Սբ. Էջմիածին, 2009