Սուրբ Գրիգոր Նարեկացու Յարութեան տաղը նրա ամենախորհրդավոր, գեղարվեստական բարձր վարպետությամբ ստեղծված գործներից է: Հարության տաղը ստեղծումից հետո տարածվել է ժողովրդի մեջ, երգվել ու արտագրվել, ենթարկվել տարբեր ընկալումների, մեզ հասել տարբեր ծավալով ու կառուցվածքով: Այս տաղն իր բովանդակության շատ տարբերվում է Սուրբ Հարության թեմայով նմանատիպ գործերից և հետագայում էլ ուսումնասիրողները քննարկել են, թե որքանո՞վ այն համապատասխանում Քրիստոսի հրաշափառ Հարության թեմային, ի՞նչ կապ ունի այն ժողովրդական երգերի հետ և, ի վերջո, ի՞նչ խորհուրդ ունի:
Մատենադարանում պահվող տարբեր ձեռագրերի համեմատությամբ, աղճատումների վերացմամբ ու անհրաժեշտ լրացումներով Հարության տաղի բնագիրը վերականգնել է հայագետ Գևորգ Աբգարյանը, որն էլ ներկայացնում ենք այստեղ.
1.
Փա՜ռք Քրիստոսի ամենազօր յարութեան։
Սայլն այն իջանէր ի լեռնէն ի Մասեաց,
Եւ ի վերայ նորա՝ աթոռք են կարգեալ,
Եւ ի վերայ նորա՝ գահոյք ոսկեղէնք,
Եւ ի վերայ նորա՝ բեհեզք ծիրանիք,
Եւ ի վերայ նորա Որդի արքայի,
Եւ յաջմէ նորա՝ վեցթևեան սերովբէքն,
Յահեկէ նորա՝ բազմաչեայ քերովբէքն,
Առաջի նորա՝ մանկունք գեղեցիկ,
Ի գիրկս նոցա՝ խաչն տէրունական,
Ի ձեռին նոցա՝ սաղմոսարան և քնար,
Որք երգէին զերգս՝ ասելով՝
- Փա՜ռք Քրիստոսի ամենազօր յարութեան։
2.
Ածեալ են, ածեալ
Զսայլիկն ածեալ են, կացուցեալ.
Ի Մասեաց յաջ կողմանէն
Զսայլիկն ածեալ են, կացուցեալ.
Եւ ահա չշարժէր սայլիկն այն,
Եւ ահա չխաղայր անիւն այն։
Եթէ հարիւր բարդ խոլրձան, վեց կորնկան,
Մին մանուշակ՝ խրձադիզեալ
ի Մասեաց յաջ կողմանէն
Զսայլիկն ածեալ են կացուցեալ.
Եւ ահա չշարժէր սայլիկն այն,
Եւ ահա չխաղայր անիւն այն։
Եթէ սամիքն են արծաթի, լուծն էր ոսկի,
Եւ սամոտիքն՝ ապրիշմի,
Փոկեր շարած շարանման հոյլ մարգարիտ,
Եւ խարազան փնջեալ ծաղիկ.
Եւ ահա չշարժէր սայլիկն այն,
Եւ ահա չխաղայր անիւն այն։
Եթե եզներն են սաթ ու սպիտակ,
Ծաղկախայտուցք, արագաքայլ, ընթացականք,
Եղջևրն ամէն՝ խաչանման,
Եւ մազն ամէն՝ հոյլ մարգարիտ,
Եւ ահա չշարժէր սայլիկն այն,
Եւ ահա չխաղայր անիւն այն։
Այն ճորտն ճոճ էր և ճապուկ,
Ուռամիջակ, հաստաբազուկ,
Լայնաթիկունք, խարտիշագեղ, ահեղագոչ.
Նա ձայն ածէր եզնամոլին,
Կանչիւն առնէր աթոռակին.
Եւ ահա շարժէր սայլիկն այն,
Եւ ահա խաղայր անիւն այն։
Ի յառեղէն առեալ շարժումն կուրծն սայլին,
Այսօր անուշահոտ բուրմամբ ընթանայր:
Եւ ահա շարժէր սայլիկն այն,
Եւ ահա խաղայր անիւն այն։
3.
Սայլն ի Սինեայ Երկրորդ օրէնքն էր Մովսէսի.
Եւ այն հարիւր բարդ խոլրձանն՝
Այն նահապետքն են՝ մարգարէք.
Եւ այն վեց բարդ կորնկանն՝
Վեցօրեայ գործքն Աստուծոյ.
Եւ այն մին մանուշակ՝
Միաւորեալ Երրորդութիւնն.
Եւ այն մանուկ խարտիշագեղն՝
Այն Յովաննէսն էր Մկրտիչն.
Եւ այն չորս կուրծն սայլին՝
Աւետարանն էր Քրիստոսին։
4.
Ի գիլ գայր, ի գիլ, սայլիկն ի գիլ,
Ի Մասեաց յաջ կողմանէն՝
Սայլիկն ի գիլ գայր, ի գիլ
Եւ ճռընչալով գայր մտանէր յԵրուսաղէմ.
Եւ որդիք նոր Սիովնի ելին ընդառաջ,
Որք երգէին զերգս ասելով՝
- Փա՜ռք Քրիստոսի ամենազօր յարութեան,
Այսօր արձակեցաք ի կապանաց նախնոյ
Եւ վերստին նորոգմամբ
Յաւիտենական կենացն եղաք ժառանգորդք:
Փա՜ռք Քրիստոսի ամենազօր յարութեան:
Այս վերականգնումից հետո տաղն ունի 11 տուն, որն ըստ Գ. Աբգարյանի թերևս շատ մոտ է Սուրբ Գրիգոր Նարեկացու հեղինակային բնագրին, որն իր ամբողջությամբ չի պահպանվել մեզ հասած որևէ ձեռագրում. «Բանաստեղծը շատ հետաքրքիր է կառուցել տաղը: Թվում է, սա չորս գործողություններից բաղկացած մի թատերական երկ է, որի յուրաքանչյուր մաս երգվել է հատուկ արարողությամբ», -գրում է Գ. Աբգարյանը:
Ըստ վերծանողի՝ առաջին մասը, որը 13 տող ունի կարելի է մեկ ամբողջական երգ համարել, որը միջնադարում էլ կատարվել է որպես առանձին երգ: Այն սկսվում և ավարտվում է «Փա՜ռք Քրիստոսի ամենազօր յարութեան» տողով:
Այն, որ սա առանձին երգ է եղել, փաստվում է նաև նրանով, որ Նարեկացին այն հորինել է տարբերվող եղանակով։
Ըստ Գ. Աբգարյանի այս հատվածում այլաբանական սայլի հաղթական ընթացքով Հիսուս Քրիստոս իրեն փառաբանող շքախմբով անկաշկանդ ընթանում է առաջ։ Ոչինչ չի խանգարում սայլի ընթացքին։ Տաղի երկրորդ մասում հեղինակը կարծես վերադառնում է հաղթանակին՝ Հարությանը նախորդող իրադարձություններին ու մանրամասն նկարագրում դրանք: Սայլն այստեղ դեռևս չի շարժվում, մինչև չի միջամտում Սուրբ Հովհաննես Մկրտիչը՝ «ճապուկ ճորտը»։ Երրորդ մասում մեկնաբանվում են խորհրդանշանները՝ սայլը, նրա վրա բարձված խոտը և սայլապանը: Չորրորդ մասում նկարագրվում է սայլի ընթացքը դեպի Երուսաղեմ, այսինքն՝ ցույց է տրվում Հարության խորհուրդն ու հաղթանակի նշանակությունը հավատացյալների՝ Սիոնի որդիների համար։
Ըստ ուսումնասիրողների, մահվան նկատմամբ հաղթանակի համընդգրկուն քրիստոնեկան խորհուրդը Նարեկացու հանճարի ուժողով գաղափարապես հարստացել է ազգային փրկության գաղափարով. «Հայ հանճարը հարության գաղափարը կիրառել է նաև սեփական հայրենիքի կապակցությամբ: Այդ գաղափարի մեջ նա տեսել է ամենից առաջ իր հայրենիքի ապագա հույսը, նրա հարությունը»(Ա. Մխիթարյան)։ Հայրենիքն է պատճառը, որ սայլն ընթանում է ոչ թե աստվածաշնչային Սինայով, այլ իջնում է «ի լեռնէն ի Մասեաց»։ Քրիստոսին կրող սայլի վրա բարձած խոտերից և ոչ մեկը Աստվածաշնչում հիշատակված չէ։ Դրանք են կորեկ, խոլորձ, մանուշակ: Սրանք բոլորը քաղված են հայկական դաշտերից։ Սայլը իր բոլոր մանրամասնություններով ներկայացնում է հայ գեղջուկի բառապաշարը․ սայլիկ, անիվ, սամի, լուծ, սամոտի, փոկ, խարազան, առեղ, կուրծ սայլի։ Սայլը քաշող եզներն են եզնամոլը, աթոռակը։ «Կը տեսնա՞ս Ռշտունցի հօտաղ եզնավարին սրբազնացեալ երգն. ընտիր նկարագիր սայլին որայից խրձաբարձ»(Գ. Սրվանձտյանց), -գրում է Գ. Աբգարյանը:
Ըստ ուսումնասիրողի, Սուրբ Գրիգոր Նարեկացին Նոյյան Տապանը կրող լեռան ու նրա մատույցներում գտնվող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մեջ է տեսել նոր քրիստոնյաների Հարության ճանապարհն ու խորհուրդը, նաև իհարկե, մատնանշել հայ ժողովրդի հոգևոր Հարության և փրկության ուղին։
Կատարումը՝ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի
Տաղի բնագրի ու վերծանության աղբյուրը՝ Գ.Աբգարյան, Վերծանություն Գրիգոր Նարեկացու
«Հարության տաղի», Էջմիածին, 1974, Բ, էջ 39-48: