«Մեր ժամանակների Վան Դեյկ»․ մի առիթով այսպես է բնութագրել ամերիկյան իմպրեսիոնիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկին՝ Ջոն Սինգեր Սերջընթին(1856-1925) Օգյուստ Ռոդենը: Հունվարի 12-ը նկարչի ծննդյան օրն է: Ծնվելով Ֆլորենցիայում, Սերջընթը նկարչության մեջ հմտանում է Իտալիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում:
Այստեղ էլ մտերմանում է իմպրեսիոնիստների, հատկապես Կլոդ Մոնեի հետ: Հայտնի է նրա՝ Կլոդ Մոնեի նկարը:
Սերջընթը ճանաչված է հատկապես իր՝ դիմանկարներով, մասնավորապես բարձրաշխարհիկ կանանց խորհրդավոր ու տպավորիչ պատկերներով․
Նկարչի յուրահատուկ ձեռագրի ու ոճի վրա մեծապես ազդել են անցյալի վապետները՝ Վան Դեյկը, Գոյնսբորոն, Վելասկեսը: Հատկապես վերջինիս ազդեցության հետ է կապված Սերջընթի ամենահայտնի կտավներից մեկը՝ «Էդվարդ Դարլի Բոյթի աղջիկները» : Գեղեցիկ արվեստների բոստոնյան թանգարանում ցուցադրվող կտավը ստեղծվել է 1882 թ. Փարիզում:
Նկարիչ Էդվարդ Բոյթի դուստրերը ներկայացվում են իրենց փարիզյան տանը՝ ուշագրավ կոմպոզիցիայով և ճապոնական սափորների կողքին։ Սափորներ, որոնք 1997 թ. նկարում պատկերված աղջիկներից մեկի՝ Ջուլիայի դուստրը նվիրեց բոստոնյան թանգարանին, որտեղ էլ հիմա դրանք ցուցադրվում են նկարի կողքին։
Այս խորհրդավոր նկարը, թեև առաջին ցուցադրությունից հետո, որոշ քննադատների ծաղրի առարկա դարձավ, սակայն հետագայում, այն եղել է ու մնում է արվեստաբանների ուշադրության կենտրոնում։ Բանն այն է, որ այն խմբանկարի համար անսովոր կոպոզիցիա ունի։ Ընդհանրապես, խմբանկարներում առարկաները կամ կերպարները պետք է հավասարապես կարևորվեն, սակայն այստեղ այդպես չէ։ Երկրորդ, նկարը քառակուսի է, որի ներսում իրերն ու մարդիկ դասավորված են առանց ընդունված համաչափության։ Նկարի ձևը և կերպարների դասավորությունը հիշեցնում է Սերջընթի ամենասիրելի նկարիչներից մեկի՝ Դիեգո Վելասկեսի(1599-1660) Las Meninas(1656) աշխարհահռչակ նկարը։
Դժվար է ասել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 4-րդի պալատական կյանքի դրվագը ինչու է հայտնվել Սերջընթի կտավի կոմպոզիցիայի հիմքում, սակայն հայտնի է, որ Մադրիդում, Պրադո թանգարանում նկարիչը ընդօրինակել է այս կտավը։ Ուշագրավ է, որ 2010 թ․ երկու կտավները ցուցադրվել են կողք կողքի Պրադոյում։
Սերջընթի կտավը բազմաթիվ ու բազմազան մեկնաբանությունների է ենթարկվել։ Նկարում ներկայացված տարբեր տարիքներով աղջիկները համարվել են կյանքի տարբեր փուլերի խորհրդանիշներ։ Ընդորում, մանկությունից՝ գորգին նստած փոքրիկ աղջնակից, մինչև ետին պլանում՝ կիսաստվերում գտնվող կերպարները, միաժամանակ մանկան անմեղության կորստի խորհրդավոր ճանապարհն են մատնանշում։
Նկարի ազդեցությունը էլ ավելի է մեծանում, երբ ուշադիր ուսումնասիրում ենք աղջիկների հայացքներն ու դիրքերը․ դիտորդը կարծես առանց զգուշացնելու ներխուժել է նրանց աշխարհ ու անակնկալի բերել։ Եվ նրանցից յուրաքանչյուրն այս ներխուժմանն արձագանքում է յուրովի․ փոքրիկը զարմանում է ու թողնում է խաղը, մեծ քույրերը՝ պաշտպանական դիրք են բռնում, կամ կոկետություն անում ու թաքնվում ստվերում։
Հատկապես խորհրդավոր են կիսաստվերում գտնվող հասուն աղջիկները, որոնք կարծես կտրված են մանկության անհոգ աշխարհից ու հեռանում են անհայտություն։ Իսկ ճապոնական հախճապակե տպավորիչ սափորները՝ իրենց անկենդան գեղեցկությամբ, մի կողմից մեծահասակների աշխարհի սառը օտարության խորհուրդն ունեն, մյուս կողմից, գուցե մարդկային ու կանացի էության փխրունությունն են խորհրդանշում։