Աշխարհի ամենահայտնի նկարներից մեկը՝ Էդվարդ Մունկի(1863-1944) «Ճիչը» վաղուց դուրս է եկել էքսպրեսիոնիստական արվեստի պատմության շրջանակից ու դարձել համաշխարհային մշակութային ֆենոմեն։ Այդ տարօրինակ նկարով հիանում են ու վախենում նրանից, ներշնչվում ու կրկնօրինակում այն, նկարում ֆիլմեր, մեկնաբանում ու խաղարկում ամենաբազմազան ու անսպասելի ձևերով։
Մի բան ակնհայտ է, որ մեծագույն վարպետությամբ իրականացված այս նկարը իր գեղարվեստական առանձնահատկություններով՝ հորինվածքով, գույների համադրությամբ, կերպարի ինքնատիպությամբ, կոմպոզիացիայով անբացատրելի մթնոլորտ է ստեղծում ու տպավորում դիտողին։
Մունկն ու մումիան
Ճիշտ այդպես տպավորվել էր Մունկը պերուական մի հին մումիա տեսնելով՝ 1889 Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում։ Հենց այս մումիան էլ ներշնչում է նկարչին ստեղծելու իր հայտնի կտավը․
«Ճիչն» ու անձնական ողբերգությունը
Սակայն հնագույն մումիայից ստացված տպավորությունը նաև պայմանավորված էր Էդվարդ Մունկի այդ ժամանակվա հոգեվիճակով։ Նկարչի մայրն ու քույրը մահացել էին թոքախտից, ողջ մնացած մյուս քույրը տառապում էր հոգեկան հիվանդությամբ։ Առաջին «Ճիչը» անունը կրող նկարը Մունկը ստեղծում 1893 թվականին, երբ քրոջը տեղափոխում են հիվանդանոց։ Սակայն նկարիչը մեկ ճիչով չի սահմանափակվում։
Քրոջ դիմանկարը
Ճիչեր
Նկարի առաջին՝ 1893 թ․ տարբերակը պահվում է Օսլոյում գտնվող Մունկի թանգարանում։ Նույն թվականին ստեղծված մեկ այլ տարբերակ պահվում է Նորվեգիայի ազգային պատկերասրահում․ այն ավելի վառ է, ավելի ընդգծված է երկինքը։ Մեկ այլ՝ 1910 թ․ ստեղծված նույնանուն նկարում կերպարը մի փոքր այլ է՝ գանգն ավելի երկարացված է, առավել մարդկային գծեր ունի։ Բացի այս, կան նկարի բազմաթիվ գրաֆիկական տարբերակներ ու փորագրանկարներ, որոնք սփռված են աշխարհի հայտնի թանգարաններում։
Ամենագողացվողը
Մունկի այս հայտնի նկարը, ընդհանրապես նորվեգացի նկարչի գործերը աշխարհում ամենագողացվողների թվում են։ Գուցե պատճառն այն է, որ նկարիչը բավական երկար է ապրելու շատ նկարներ թողել։ Նա ավելի քան 1000 գեղանկար, 4500 գծանկար ու 15 0000 փորագրանկար է թողել։ 1994 թ․ Ճիչը գողանում են Նորվեգիայի ազգային պատկերասրահից։ Նկարի մյուս տարբերակը նկարչի թանգարանից գողանում են 2004 թվականին։ Վերջին նկարը սակայն ոստիկանները կարողանում են վերադարձնել։
Մեր բոլորի ճիչը
Արդյո՞ք ճչում է պատկերված կերպարը, կամ գուցե նա փակել է ականջները, որպեսզի չլսի աշխարհից եկող ճիչերի ձայնը։ Արդյո՞ք սա նկարչի տագնապների ու վախերի արտահայտությունն է, նրա հոգեբանական ինքնադիմանկարը, թե՞ նրա ազատության ճիչը։ Մունկի կտավի մեկնաբանությունները շատ են ու տարբեր։ Մի բան ակնհայտ է, նկարը իր հմայքն ու ազդեցությունը չի կորցնում, քանի որ մենք բոլորս էլ ճչում ենք՝ ձայնով կամ անձայն, միաժամանակ փակում մեր ականջները՝ չլսելու համար ինքներս մեզ ու աշխարհից եկող ճիչերը։
Իսկ հեղինակը իր օրագերում այսպես է ներկայացնում նկարի ծնունդը՝
«Ես երկու ընկերներիս հետ քայլում էի ճանապարհով, արևը մայր մտավ և ես համակվեցի մելամաղձոտության ուժեղ պոռթկումով. հանկարծ երկինքն արյունոտ դարձավ՝ արյունոտ կարմիր: Ես կանգ առա, մահերից հոգնած հենվեցի կամրջակին։ Բոցավառ երկինքը արյան և սուրի պես կախված էր կապույտ-սև ֆյորդի և քաղաքի վրա։ Ընկերներս շարունակեցին ճանապարհը, իսկ ես մնացի կանգնած՝ դողալով տագնապից, և զգացի բնության հզոր ու անսահման ճիչը»։