Դստրի՜կս,
Արդեն գիշեր է, սուրբծննդյան գիշեր: Իմ փոքրիկ ամրոցի բոլոր զինված պահապանները քնել են: Քնած են նաև եղբարդ ու քույրդ: Նույնիսկ մայրդ է արդեն քնել: Ես քիչ մնաց արթնացնեի այդ քուն մտած թռչնակներին, մինչև հասա իմ այս կիսալուսավոր սենյակը:
Ինչքա՜ն հեռու ես ինձանից, բայց թող կուրանան աչքերս, թե քո պատկերը թեկուզ մի ակնթարթ հեռանում է աչքիս առաջից: Պատկերդ այստեղ է՝ սեղանիս, ու այստեղ է՝ սրտիս մեջ:
Իսկ որտե՞ղ ես դու։ Այդտեղ՝ հեքաթային Փարիզում, դու պարում ես Ելիսեյան դաշտերի փառահեղ թատրոնի բեմահարթակին: Ես դա լավ գիտեմ, բայց ինձ անվերջ թվում է, թե գիշերվա լռության մեջ լսում եմ քո ոտնաձայները, տեսնում աչքերդ, որ փայլում են, ինչպես աստղերը ձմեռային երկնակամարում: Գիտեմ, որ այդ տոնական ու շողշողուն ներկայացման մեջ կատարում ես գեղեցկուհի պարսկուհու դերը, որին գերեվարել է թաթար մի խան: Գեղեցիկ եղի՛ր, պարիր։ Ա՛ստղ եղիր, փայլիր, բայց եթե հանդիսատեսի ցնծությունն ու շնորհակալության խոսքերն արբեցնեն քեզ, եթե գլուխդ պտույտ գա քեզ ընծայված ծաղիկների բույրից, ապա քաշվիր մի անկյուն և կարդա իմ նամակը, ականջալուր եղիր հորդ ձայնին:
Ես քո հայրն եմ, Ջերալդինա,
Ես Չարլին եմ, Չարլի Չապլինը։
Գիտե՞ս, թե քանի անքուն գիշերներ եմ անցկացրել քո մահճակալի մոտ, երբ փոքր էիր. քեզ հեքիաթներ էի պատմում քնած գեղեցկուհու ու մշտարթուն վիշապի մասին… Իսկ երբ քունը իջնում էր ծերացող աչքերիս, ծիծաղում էի նրա վրա ու ասում. «Հեռացի՛ր, իմ քունը իմ աղջկա երազներն են»:
Ես մտովի տեսնում էի երազաներդ, Ջերալդի՛նա, տեսնում էի քո ապագան, քո այսօրը. Տեսնում էի բեմահարթակի վրա պարող մի աղջկա, երկնքում ճախրող մի չքնաղ փերիի: Լսում էի, թե ինչպես մարդիկ ասում են. «Տեսնու՞մ եք այս օրիորդին: Սա այն ծեր ծաղրածուի աղջիկն է: Հիշո՞ւմ եք նրան, անունը Չարլի էր»:
Այսօր հերթը քոնն է: Պարի´ր: Ես պարում էի լայն, պատառոտված անդրավարտիքով, իսկ դու՝ արքայադստեր մետաքսյա հագուստով: Այդ պարերն ու ծափահարությունների որոտը քեզ երկինք կհանեն: Բարձրացի´ր: Բարձրացի´ր այնտեղ, աղջի´կս, բայց և վերադարձիր երկիր: Դու պետք է տեսնես, թե ինչպես են ապրում մարդիկ, ինչպես են ապրում ծայրամասերի փողոցային պարուհիները։ Նրանք պարում են ցրտից և սովից դողալով: Ես այնպիսին եմ եղել, ինչպիսին նրանք են, Ջերալդի´նա: Այն գիշերները, այն կախարդական գիշերները, երբ դու քնում էիր՝ օրորվելով իմ հեքիաթներից, ես չէի քնում. Նայում էի դեմքիդ, լսում սրտիդ զարկերը և ինձ հարց էի տալիս. «Չարլի´, մի՞թե այս փիսիկը կճանաչի քեզ երբևէ»: Դու ինձ չես ճանաչում, Ջերալդի´նա: Ես շատ հեքիաթներ եմ պատմել քեզ այն երկար գիշերներին, բայց իմը, ի´մ հեքիաթը չեմ պատմել: Իսկ դա նույնպես հետաքրքիր է: Հեքիաթ քաղցած ծաղրածուի մասին, որ պարում ու երգում էր Լոնդոնի աղքատ թաղամասերում, ապա… ողորմություն խնդրում…
Ահա՛ իմ հեքիաթը: Ես գիտեմ՝ ինչ է սովը, ինչ է անօթևան լինելը: Ավելին, ես ճաշակել եմ ստորացնող մորմոքը այն թափառական ծաղրածուի, որի կրծքի տակ փոթորկվում էր հպարտության մի ամբողջ օվկիանոս, և այդ հպարտությունը դանդաղ մեռնում էր իրեն նետված կոպեկի զրնգոցից: Եվ չնայած այդ ամենին, ես ապրում եմ․․․ Բայց եկ էլ իմ մասին չխոսենք:
Ավելի լավ է խոսենք քո մասին:
Քո անվանը, Ջերալդի´նա, հետևում է իմը՝ Չապլին: Այդ անունով ավելի քան քառասուն տարի ծիծաղեցրել եմ մարդկանց: Բայց ես լաց եմ եղել ավելի շատ, քան նրանք ծիծաղել են: Ջերալդի´նա, աշխարհում, որտեղ ապրում ես դու, միայն պարերն ու երաժշտությունը չէ, որ կան:
Կեսգիշերին, երբ դուրս ես գալիս մեծ դահլիճից, կարող ես մոռանալ քո հարուստ երկրպագուներին, բայց մի´ մոռացիր տաքսու վարորդին, որը քեզ տուն է տանում, մտածի՛ր նաև նրա կնոջ մասին։ Գուցե նա հղի լինի։ Եվ եթե նրանք փող չունեն երեխայի համար շապիկներ գնելու, փո՛ղ տուր նրան: Ես կարգադրել եմ, որպեսզի բանկում վճարեն այդօրինակ ծախսերդ: Ժամանակ առ ժամանակ օգտվիր մետրոյից կամ շրջիր ավտոբուսով և շատ ավելի հաճախ՝ քայլիր ոտքով, ուսումնասիրի՛ր քաղաքը: Զննի´ր մարդկանց, նայի´ր այրիներին և որբերին, և գոնե օրը մեկ անգամ ասա ինքդ քեզ. «Ես նրանցից մեկն եմ»:
Այո´, դու հենց այնպիսին ես, ինչպիսին նրանք են, դստրի´կս: Ավելին, հիշի՛ր, որ արվեստը, նախքան մարդուն թևեր տալը, որպեսզի նա կարողանա ճախրել ամպերից վեր, սովորաբար կտրում է ոտքերը: Եվ եթե գա այն պահը, երբ քեզ վեր կզգաս հասարակությունից, անմիջապես թո´ղ բեմը: Նստիր առաջին իսկ պատահած տաքսին և գնա Փարիզի արվարձանները: Դրանք ինձ շատ լավ ծանոթ են: Դու այնտեղ կտեսնես շատ պարուհիների, այնպիսիներին, ինչպիսին դու ես, նույնիսկ ավելի գեղեցիկ, ավելի ճկուն, ավելի հպարտ, քան դու: Քո թատրոնի լուսարձակների կուրացուցիչ լույսերն այտեղ չկան: Նրանց լուսարձակը լուսինն է: Նայի´ր, ուշադի´ր նայիր: Չի՞ թվում, արդյոք, որ նրանք քեզանից լավ են պարում: Խոստովանի´ր, դուստրս: Միշտ էլ կգտնվի մեկը, որ քեզանից լավ կպարի և քեզանից լավ կխաղա: Եվ հիշի´ր, Չապլինների ընտանիքում չի եղել այնքան անտակտ մեկը, որ հայհոյեր կառապանին կամ ծաղրեր Սենայի ափին նստած աղքատին:
Ես կմեռնեմ, իսկ դու դեռ պիտի ապրես…: Ուզում եմ, որ երբեք չիմանաս՝ ինչ բան է աղքատությունը: Այս նամակի հետ քեզ ուղարկում եմ չլրացված դրամական չեկ, որպեսզի կարողանաս ծախսել այնքան, որքան ցանկանում ես: Բայց երբ ծախսես երկու ֆրանկ, մի´ մոռացիր, հիշեցրո՛ւ քեզ, որ երկրորդը քոնը չէ, այդ երկրորդը այն անծանոթինն, որն ունի դրա կարիքը: Այդպիսի մեկին գտնելը շատ հեշտ է:
Քեզ հետ փողի մասին եմ խոսում, որովհետև գիտեմ դրա դիվային ուժը: Մի´ վաճառիր սիրտդ ոսկով ու զարդարանքով, հիշի՛ր, որ ամենամեծ ադամանդը արևն է:
Բարեբախտաբար նա լուսավորում է բոլորին: Եվ երբ մի գեղեցիկ օր սիրահարվես մեկնումեկին, նվիրվի՛ր նրան մինչև վերջ: Ես ասել եմ մորդ, որ այդ մասին գրի քեզ: Նա սիրո մասին ավելի լավ գիտի, քան ես, նրան ավելի է վայել խոսել այդ մասին…
Քո աշխատանքը ծանր է, գիտեմ: Մարմինդ ծածկված է միայն մի կտոր մետաքսով: Հանուն արվեստի կարելի հայտնվել բեմի վրա նաև մերկ, բայց այնտեղից պետք է վերադառնալ հագնված և մաքրված:
Գիտեմ, որ հայրերի ու որդիների միջև հավերժական կռիվ կա: Ինձ հետ, իմ մտքերի հետ կռվի՛ր, աղջի´կս: Ես չեմ սիրում հնազանդ երեխաներ, և քանի դեռ աչքերիցս արցունքներ չեն կաթել տողերի վրա, ուզում եմ հավատալ, որ ծննդյան այս գիշերը հրաշալիքների գիշեր է: Կցանկանայի, որ հրաշք կատարվեր, որ իսկապես հասկանայիր այն բոլորը, ինչ ցանկացա ասել քեզ:
Չարլին արդեն ծերացել է, Ջերալդի´նա: Վաղ թե ուշ բեմական սպիտակ մետաքսի փոխարեն ստիպված պիտի լինես սև զգեստ հագնել, որպեսզի այցելես իմ գերեզմանին: Սակայն չեմ ուզում վշտացնել քեզ հիմա: Միայն ժամանակ առ ժամանակ նայիր հայելուն, այնտեղ դու ինձ կտեսնես: Քո երակներով իմ արյունն է հոսում: Նույնիսկ այն պահին, երբ արյունը կսառչի իմ երակներում, դարձյալ մի´ մոռացիր հորդ՝ Չարլիին:
Ես հրեշտակ չեմ եղել, բայց որքան կարողացել եմ, ձգտել եմ լինել մարդ: Փորձի՛ր դու էլ:
Համբուրում եմ քեզ, Ջերալդինա՛։
Քո՝ Չարլի