1897 թվականի, մարտի 13-ին է ծնվել Եղիշե Չարենցը։
Նրա տարբեր ստեղծագործություններում կարող ենք գտնել իր ընտանիքի, մանկության ու պատանեկության վերաբերյալ հիշողություններ․
Ես եկել եմ հեռո՜ւ Իրանից։
Հայրենիքս է— Խանի Մակուն։
Իմ հոգում— արև՛ն Իրանի,
Իրանի արև՛ն է իմ հոգում։
Իսկ արյան մեջ երգում է իմ—
Նաիրյան տխրությունն անծիր...
Իր «Չարենց-Նամե» պոեմում և մի քանի այլ գործերում բանաստեղծը, որպես իր ծննդավայր նշում է Իրանի Մակու քաղաքը, սակայն իրականում Եղիշե Սողոմոնյանը ծնվել է Կարսում։ Մակուից էին Չարենցի ծնողները, որոնք Կարսում էին հաստատվել 1886 թվականին։ Հայրը՝ Աբգար աղան, մայրը՝ Թեկղի(Թելլի) Միրզոյանը չորս որդի և երեք աղջիկ ունեին։ Աբգար աղան զբաղվում էր գորգերի, մորթիների առևտրով։
Աստվածավախ, խստապահանջ մարդ էր, ուխտի էր գնացել Երուսաղեմ։ Հայրը ցանկանում էր, որ որդին վաճառական դառնա և մտահոգվում էր, որ Եղիշեն ավելի շատ գրքերի աշխարհի հետ է կապված։
«Հայրը մի օր ինձ գանգատվեց, թե ՝ «էս մեր փիլիսոփան ճաշի ժամանակ էլ մի ձեռքով գիրք է բռնում, մյուսով թանապուրի գդալը»։
-Կարդալը օգտակար գործ է, հորեղբայր, -փորձեցի մեղմացնել հոր դժգոհությունը։
-Բան չունեմ ասելու, որդիս, -շարունակեց խոսքը Աբգար աղան, -բայց վախենում եմ, թե վերջը սոված բանաստեղծ դառնա։ Մի գլուխ թղթեր է մրոտում», -հիշում է բանաստեղծի դասընկեր Ա․Փալանջյանը։
Հոր մասին Եղիշե Չարենցը հետագայում հիշատակում է «Չարենց-Նամե» պոեմում․
Ահա հայրս՝ հագին կապա...
Նրա դեմքը՝ արծաթե ափսե,
Վրան քիթը՝ կեռ մի դանակ։
Թափել է ժամանակն անսեր
Մազերին— ճերմակ նիրվանա։
Եղիշե Չարենցը սովորել է Զ․Ջամբազյանի հայկական դպրոցում, ապա Կարսի ռեալական դպրոցում։ Այստեղ էլ սկսել է բանաստեղծական իր առաջին փորձերը կատարել։ Հիմնականում երգիծական, քնարական բնույթի բանաստեղծությունները ընդգրկվել են աշակերտական ձեռագիր «Գարուն» ալմանախում։
Հուշագիրների վկայությամբ Եղիշեն աշխույժ, չարաճճի երեխա է եղել, ապա նաև իր արտաքինով ու ներաշխարհով միջավայրից տարբերվող պատանի․
Տասերեք թվի ամառը, հունիսին,
Նաիրյան քաղաքի մի փողոցով խաղաղ
Անցնում էր, հոգսը երեսին,
Տասնըվեց տարեկան մի տղա։—
Վտիտ էր։ Միջահասակ։ Ուսերը նեղ։
Գանգուր մազեր ուներ, գունատ ճակատ։
Հագին սև շապիկ սատինե՝
Խունացած, առնվազը երեք ամառ հագած։
Դեղին երիզներով դպրոցական գլխարկը
Գանգուր, խիտ մազերին նստել էր ձիգ։
Նա գնում էր դանդաղ, քայլում էր գլխահակ,
Անտարբեր շրջապատին, ինչպես ձի։
Նա դուրս եկավ տնից։ Կեսօր էր։
Քիչ հետո հայրը երևի գալու էր ճաշելու։
Նա չէր սիրում հորը։
Իսկ հոր համար տղան դարձել էր հանելուկ։
Կարդում ենք Homo sapiens պոեմում։
Պատանեկան տարիքում սիրել է ինչպես ակտիվ շփումներն ու խաղերը, այնպես էլ առանձնության մեջ՝ ավելի հաճախ Կարսի քաղաքային պուրակում գրքերի ընթերցանությունը․
Նա կարդում էր երկար, նստած ալեյում,
Այն հին կաղնու ներքևը, որի բնին
Անցյալ տարի ամառը մի տաքգլուխ
Դանակով փորագրել էր «Արփենիկ»։
Նա կարդում էր անհագ, լափելով
Էջերը, գլուխները։ — Գրքի թերթերից
Մեկը, տիտանային, կարծես շանթ էր թափում
Եվ այրում իր հոգին, իր կրքերը։
Homo sapiens
Բանաստեղծի կյանքի այս շրջանի մասին են նաև նրա մտերիմ կանանցից մեկի՝ Կարինե Քոթանճյանի հուշերը․
Կարինեի վկայությամբ նրանք ծանոթացել են Կարսում՝ այգում, որտեղ Չարենցը գիրք էր կարդում․
«1914 թ․ հունիսին էր․ ընկերներով այգում զբոսնելիս աչքս ընկավ կանաչ շապոյով, բաց շականակագույն թիկնոցով, ծխամորճով և մեծ ձեռնափայտով մի պատանու։ Տղան հագնված էր իր հասակին ոչ համապատասխան․․․Զբոսնելիս, մի երկու օր անընդհատ, ես հետևում էի տղային և այն եզրակացության եկա, որ նա տարօրինակություններ է անում, չարանալով աղջիկների վրա, որոնց հետ ծանոթ չէ և շատ կուզեր ծանոթանալ․․․Ձեռքս մեկնելով՝ առաջարկեցի նրան ծանոթներ լինել։ Թերևս ծաղր համարելով իմ առաջարկը, նա ծույլ շարժվեց տեղում, արժանապատվությամբ բարձրացավ և մենք ծանոթացանք», -հիշում է Կարինեն։
Նրանք մտերմանում են, սակայն սկսվում է Առաջին աշխարհամարտը։ Չարենցը միանում է կամավորական բանակին, իսկ Կարինեն՝ 1915 թ․ Էջմիածնում մասնակցում է Եղեռնից փրկված որբերի օգնության գործին, սակայն հիվանդանում է և տեղափոխվում Մոսկվա՝ բուժման։ Կարս վերադառնալուց հետ, կրկին հանդիպում է Եղիշե Չարենցին և նրան հորդորում տեղափոխվել Մոսկվա և ընդունվել Շանյավսկու անվան համալսարան։ Նրանց մտերմությունը շարունակվում է Մոսկվայում։ Այս հարաբերությունների արձագանքները կարելի է տեսնել Կարինեին ձոնված «Ծիածան» շարքում, «Հեռացումի խոսքեր» և «Կարինե Քոթանճյանին» գործերում և, իհարկե, «Տաղ անձնական» բանաստեղծության մեջ․
Տաղ անձնական
Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով―
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:
Անց եմ կենում, շուրջս-մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ով կասի, թե ո՞ւր հասար,―
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:
Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված- վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար- էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
Ես ― հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով...
Ու էլ ամե'ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա'չքս է հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում―
Ասե'ք նրան՝ Չարենցն ասավ- մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ...
1919 թ․