Միջնադարից մեզ է հասել մի հիասքանչ տաղ՝ «Ո՛ւր ես մայր իմ...» վերնագրով: Տաղի հեղինակն անհայտ է:
Ո՞ւր ես, մայր իմ. քաղցր եւ անուշ.
Սէր ծնողիդ զիս այրէ.
Լցան աչք իմ դառն արտասւօք,
Ոչ ոք ունիմ, որ սրբէ.
Ազդ արարէք մօրն իմոյ,
Որ գայ կարօտն իւր առնէ.
Գուցէ երբեք յետոյ եկեալ
Եւ զիս մեռեալ գտանէ.
Ո'վ Մարիամ Մագդաղինէ
Եւ ազգակից Սողոմէ.
Վա'յ ինձ, Յիսուս Միածին
Որդի Արեգակն կորուսի.
Ո՞ւր ես, առաջ լոյս իմ Որդեակ
Հոգւոյս հոգի իմ Զաւակ.
Վայ իմ որդեակ, անոյշ գառնուկ
Առանց քեզի մնացի որբուկ.
Ո'վ Մարիամ, եւ դուք, կանա'յք,
Ինձ հետ լացէք, ողբացէք:
Այս առինքնող տաղը մեր Տեր Հիսուս Քրիստոսի Խաչելության մի ազդեցիկ պատկեր է: Այն կատարվում է Ավագ Հինգշաբթի Խավարման կարգի ժամանակ: Ավետարաններում վկայություններ կան, որ Խաչելության ու մահվան ժամանակ Գողգոթայում էին գտնվում Հիսուսին ազգակից ու նրան հետևող կանայք: Միայն Հովհաննեսի Ավետարանում է, որ հիշատակվում է, որ այդտեղ էր Փրկչի մայրը՝ Մարիամ Աստվածածինը: Մյուս ավետարաններում Աստվածամայրը այս դրվագում չի հիշատակվում: Մասնավորապես Մարկոսի Ավետարանում կարդում ենք.
40.Կային եւ կանայք, որոնք դիտում էին հեռուից: Նրանց մէջ էին Մարիամ Մագդաղենացին, Կրտսեր Յակոբոսի եւ Յովսէի մայրը՝ Մարիամը, ինչպէս եւ Սաղոմէն,
41. որոնք, երբ Յիսուս Գալիլիայում էր, նրա յետեւից էին գնում եւ ծառայում նրան. կային նաեւ շատ այլ կանայք, որոնք նրա հետ Երուսաղէմ էին ելել(Մարկ. 15:40-41):
Այս տաղում նույնպես հիշատակվում են Մարիամ Մագդաղենացին ու ազգական Սաղոմեն, սակայն Մարիամը բացակայում է: Եվ որդին կանչում է մորը՝ վերջին հրաժեշտի համար: Միջնադարյան այս տաղը բացի նորկտակարանյան թեմատիկան, իր գեղարվեստական առանձնահատկություններով, հոգեբանական նրբությամբ, ապրումի ու խոսքի անմիջականությամբ, արտացոլում է ընդհանրապես զավակի ու մոր սրտառուչ հարաբերությունները, բաժանման ու կորստի ցավը: Այս գեղեցիկ տաղը հայտնի է նաև իր երաժշտական կատարումներով ու մշակումներով: Art365-ը ներկայացնում դրանցից երկուսը՝ Լուսինե Զաքարյանի և Տիգրան Համասյանի ներկայացմամբ: