Սկսվեց ամռան երկրորդ ամիսը և շատերը մտածում են ինչպես կազմակերպել ամառային հանգիստը: Եվ քանի որ տարբեր պատճառներով արտասահման գնալը բավական բարդ է, շատ-շատերը նախընտրում են հանգիստն անցկացնել Հայաստանի գեղատեսիլ բնության անկյուններում: Մեր երկրի բնությունը՝ լեռներ, լճեր, գետեր, ձորեր ու կիրճեր, անտառներ, ամառային հանգիստը կազմակերպելու լայն հնարավորություններ է տալիս: Հայաստանի գեղեցիկ վայրերը, որտեղ մենք եղել ենք, վայրեր, որոնց մասին մենք չգիտենք, բայց անպայման պետք է լինել, իրենց գեղարվեստական արտացոլումն են գտել հայ նկարիչների ստեղծագործություններում: Իհարկե, հայկական գեղանկարչության մեջ մեծ հաճախականությամբ ներկայացվում են հատկապես մեր գեղեցիկ լեռներն ու Սևանա լիճը: Այս թեմային մեր առաջին անդրադարձում ներկայացնում ենք մեր նկարիչների Սևանա լճի ու լեռնային բնապատկերների երկու շարք.
Ծփում է Սևանը
Հայաստանյան հանգստի ամենանախընտրելի տարբերակը այցելությունն է Սևան: Հայաստանի ամենամեծ լիճը կամ «ծովը» թեև բավական անկանխատեսելի եղանակ ունի, սակայն ամառային հանգստի ամենալավ տարբերակներից է: Հայ նկարիչներից շատերն իրենց հանգիստն անցկացրել են Սևանում և պատկերել կապուտաչյա գեղեցկուհուն իրենց գեղանկարներում:
Մարտիրոս Սարյան, Սևան, Զաղալու գյուղը, 1923
Եղիշե Թադևոսյան, Նավահանգիստ, Սևան, 1934
Գևորգ Բաշինջաղյան, Սևան.ամպամած օր
Գաբրիել Գյուրջյան, Սևան, 1979
Փանոս Թերլեմեզյան, Սևան, 1917
Սարերի հովին մեռնեմ
Հայաստանն, իհարկե, առավելապես լեռնային երկիր է և հանգստի նախընտրելի վայրեր են լեռնային շրջաններն իրենց մաքուր և սուր օդով, զովությամբ և գեղեցիկ տեսարաններով: Հայ նկարիչների գործերում մեր լեռները ներկայանում են իրենց ներշնչող գեղեցկությամբ ու վեհությամբ:
Հենրիկ Սիրավյան, Զանգեզուրի լեռներ, 1969
Փանոս Թերլեմեզյան, Լեռներ, Ձորագետ, 1930
Մհեր Աբեղյան, Ծաղկունյաց լեռներ, Զովունի, 1961
Արա Բեքարյան, Արտին լեռը, 1970-ականներ
Մարիամ Ասլամազյան, Լոռվա սարեր, 1952
Իսկ եթե ինչ-ինչ պատճառներով չեք կարող Սևան կամ լեռնային վայրեր գնալ, կարող եք այցելել Հայաստանի ազգային պատկերասրահ և դիտել այս հիասքանչ վայրերը պատկերող մեր նկարիչների՝ հոդվածում ներկայացված և շատ այլ աշխատանքներ: Շարունակելի...
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան
Պատկերների աղբյուրը՝ www.gallery.am