Զանգակ» հրատարակչությունը, շարունակելով իր «Ոչ մի շաբաթ առանց գրականության» նախագիծը, ներկայացնում է այս շարքի արդեն յոթերորդ
գիրքը՝ «Ոչ մի շաբաթ առանց Վահան Տերյանի» ընտրանին։ Ընտրանին կազմել ու խմբագրել է Հայկ Համբարձումյանը: Պահպանելով նախորդող հատորների կազմման սկզբունքները՝ այս անգամ ևս բանաստեղծի կյանքն ու ստեղծագործությունը ներկայացվում են տարվա շաբաթներին համապատասխան 52 անդրադարձ-դրվագներով։
Ընթերցողները Տերյանի բանաստեղծությունները սիրում են դրանց նուրբ, քնարական տրամադրությունների, աշնանային թախծոտ պատկերներ շնորհիվ, սակայն Տերյանի պոեզիան բնութագրվում է նաև հեղափոխական ու քաղաքական թեմաներով, գարնան ու վերածննդի մոտիվներ, անձնական ապրումների բազմերանգ ներկապնակով, նաև ազգային ճանապարհի ու ճակատագրի խորախորհուրդ անդրադարձներով:
Ընտրանիում ընթերցողը կգտնի Վ․Տերյանի կյանքի ու գրականության նշանակալի հանգրվանները, կկարդա սիրված ու նաև լայն հանրությանն անհայտ գործերը, նամակների ու հուշերի միջոցով կծանոթանա այս կամ այն գործի ստեղծման շարժառիթներին ու անձնական մանրամասներին, հոդվածների շնորհիվ կհետևի հեղինակի քաղաքական ու հասարակական գործունեությանն ու հայացքներին, կբացահայտի բանաստեղծի կյանքի անհայտ դրվագներ և, ի վերջո, կգտնի իր Տերյանին։