Ես Սթրիթ արտ սիրում եմ ու սիրում եմ, երբ շուրջս սիրուն է...
Հիմա ես ապրում եմ Չարբախում՝ Շարուրի փողոցում: Ու հենց իմ փողոցն էլ որոշել եմ սիրունացնել նկարներով:
Ես բնավորությամբս էնպիսինն եմ, որ անվերջ նոր խնդիրներ ու նպատակներ եմ դնում իմ առաջ, որ հաղթահարեմ հերթով ու ինձ փորձեմ տարբեր ձևաչափերի ու ժանրերի մեջ:
Առաջ նկարում էի մանր առարկաների վրա, օրինակ, բրինձի հատիկի վրա, հիմա՝ որոշել եմ ավելի մասշտաբային նկարչությամբ զբաղվել:
Սթրիթ արթը...
Սա լրիվ ուրիշ է. նախ այն, ինչ անում է սթրիթ արտիստը, միանգամից մարդկանց, հանրության դատին է հանձնվում, մարդկանց ու ամեն անցորդի աչքի համար է դառնում: Մյուս դեպքերում դու նկարում ես, եթե դուրդ չի գալիս, նոր կտավ ես սկսում նկարել, ապա որոշում ես ու ցուցահանդես անում, որին հիմնականում նկարներդ ու արվեստդ տեսնել ուզողներն են գալիս, իսկ ահա Աթրիթ արթի դեպքում այն դառնում է բոլորի համար, ու միանգամից, բոլորը տեսնում են ու գնահատական տալիս: Նկարիչն էլ պետք է պատրաստ լինի դրան և՛ լավ, և՛ վատ առումներով: Այսինքն, Սթրիթ արթը ավելի բաց է քննարկումների, կարծիքների, քննադատությունների ու գնահատական-գովեստների առաջ:
Փորձեմ իմ ամենասիրելի նկարներն առանձնացնել...
Առաջին ամենասիրելին իմ համար երևի Բժշկականի նկարն է, որտեղ բուժաշխատող է պատկերված:
Այս նկարը նաև իմ նկարածներից ամենամեծն է: Ու ես իմ առաջ խնդիր էի դրել, որ այն պետք է ամենալավը լինի, քանի որ քաղաքի կենտրոնում է, շատ մարդ է տեսնելու, ու հենց էդ գիտակցությունն ինձ մի տեսակ վանդակների մեջ էր դնում:
Այն նկարել եմ Բժշկականի հարյուրամյակի առիթով: Ես նաև խնդիր էի դրել իմ առջև՝ հնարավորինս արագ անել:
Այս հինգ-վեց մետրանոց նկարն արել եմ երկու-երեք օրում, իսկ միայն աշխատածս ժամերով եթե հաշվեմ, ապա ընդհանուր՝ 15-16 ժամում:
Մարգարտե ականջօղով աղջիկը...
«Մարգարտե ականջօղով աղջիկը» նկարել եմ յոթ ժամում: Ես նաև սիրում եմ արագ նկարել: Դա ինձ դուր է գալիս:
Ես սկսեցի նկարել մեր շենքի պատից...
Շատ վատ պատ էր, անշուք, ծեփերը թափած: Դրա համար որոշեցի սիրունացնել պատը: Որոշեցի Չարբախին չսազող նկար անել: Սա էլ էր մարտահրավեր թե՛ ինձ, թե՛ Չարբախին:
Ու ոնց նախատեսել էի, էդպես էլ եղավ: Նախ եկան մարդիկ, ասացին՝ ի՞նչ ես փչացնում պատը... Հետո, երբ ավարտեցի, ավելի դրական արձագանքներ ստացա: Նույնիսկ քաղաքի կենտրոնից էին գալիս նկարս տեսնելու:
Դժվար էր առաջինը նկարելը...
Հետո արդեն նկարելը ինձ համար դարձավ պահանջի պես մի բան: Հաջորդը նկարեցի շենքի դիմաց՝ լքված վատ բուտկաների վրա:
Այդ անգամ էլ նկարեցի մի բան, որ հնարավորինս մեծ դիսոնանս առաջացներ. Էնպիսի մի բան, որ Չարբախին չսազեր: Նկարեցի Վան Գոգի նկարներից մեկը: Կարծեմ 8-9 մետր է նկարի չափը: Վան Գոգի այս նկարը, երբ հայտնվեց համացանցում, բավական մեծ արձագանք ունեցավ: Նկարը տեղադրեցին նաև նկարչի միլիոնավոր հետևորդներ ունեցող էջերից մեկում, որտեղ էլ բազմաթիվ դրական մեկնաբանություններ եղան:
Չարբախում ունեմ վեց նկար...
Նկարելուց առաջ ահագին պտտվեցի մեր թաղերում, նայեցի շենքերը, որ տեսնեմ՝ որտեղ կարելի է նկարել: Մի խոսքով, նախատեսել եմ ևս տասը նկար էլ անել: Ոզում եմ Չարբախ գան Երևանի մյուս թաղամասերից, որ տեսնեն այս նկարները, էլ չեմ ասում տեղի բնակիչների մասին, որոնք կյանքում Սթրիթ արթը գուցե ինչ-որ բան փոխի, կտրի գորշ առօրյայից:
Շանթն ու ՇակԱրտը...
Ծնողներս ինձ անվանել են Շանթ, ազգանունս՝ Կարապետյան, սովորում եմ Բժշկական համալսարանում, պլաստիկ վիրաբույժ եմ դառնալու: Փոքրուց էի որոշել, հիմա էլ քիչ մնաց, շուտով կավարտեմ Համալսարանը:
Որպես նկարիչ՝ հանդես եմ գալիս ՇակԱրտ անունով:
Ուզում եմ հետագայում ՇակԱրտը մեծանա, շատանա, Շանթ Կարապետյանին կուլ տա:
ՇակԱրտի պլանները
Հիմա էլ պլանավորում եմ մեծ ցուցահանդես: «Չարբախ» թանգարան էի մտածել, որը 2020-ին պետք է վերջացրած լինեի, բայց դե չստացվեց. Քովիդ, պատերազմ…
Ցուցահանդեսին մի քիչ խանգարում է նաև Սթրիթ արթը
Հա՛մ ուզում եմ ցուցահանդեսի վրա կենտրոնանալ, հա՛մ էլ փողոցում նկարելը գրավում է:
Գիտե՞ք, էլ ինչ եմ սիրում. խառնել տարբեր ժանրեր. Սթրիթ արթը խառնում եմ Բոդի արթի հետ: Ամեն ինչ, ինչի վրա կարելի է նկարել, սիրում եմ, ու սիրում եմ այդ ամենը խառնել:
Մեկ էլ ասեմ, որ ռեկորդների սիրահար եմ
Դրա համար մտածել էի այնպիսի մի նկար նկարել, որ ամենամեծը լինի չափերով, ու մի օր կանեմ: Բժշկականի նկարը պատից հետո նկարեցի հաբի վրա: Նույն նկարների մասշտաբային տարբերությունը հարյուրավոր անգամներ էր, հիմա կուզեմ միլիոնավոր լինի տարբերությունը:
Ու էլ չգիտեմ ինչ պատմեմ իմ մասին...
Իմ մասին ավելին իմանալու համար եկեք Չարբախ՝ նկարները տեսնելու, հետո ցուցահանդես կունենամ, կասեմ բոլորիդ ու կգաք ցուցահանդես: