Նոր տարվա առավոտյան
Այս նոր տարվա առավոտյան,
Երբ որ քնից զարթնեցի,
Ավա՜ղ, մերոնք միտս եկան,
Եվ սուրբ պահեր հիշեցի:
Տեսա գյուղի տունը մեր...
Ջրաղացի ձայնն անո՜ւշ.
Մեր ծեր թոնիրը վառ էր...
Նորահացի հոտն անո՜ւշ:
Հայրըս եկել քաղաքից`
Քույրիկիս ու ինձ համար
Բերել էր թանկ նվերներ -
Նոր զգեստներ ծաղկավառ:
Բռնած հորըս ձեռներից`
Քույրիկս ու ես թռվռուն
Շրջում էինք բերկրալից
Արփաչայի ափերում:
Ա՜խ, այն օրը հիշեցի,-
Հավերժական տխուր պահ,-
Օտար երկիր գնացի,
Էլ մայրիկիս չտեսա:
Մայրս սեղմած ինձ կրծքին`
Լաց էր լինում սրտաքամ,
Համբուրում էր կարոտով,
Ու չէր թողնում, որ գնամ:
Ձիս քայլում էր գլխահակ
Մտքերիս հետ թախծալից,
Ու տանում էր ինձ հեռու
Մանկության սուրբ վայրերից:
Եվ քայլ առ քայլ` մարում էր
Ջրաղացիս ձայնն անուշ,
Բայց ես լսում էի դեռ
Խեղճ մայրիկիս լացն անհույս:
Այս նոր տարվա առավոտ,
Երբ որ քնից զարթնեցի,
Ավա՜ղ մերոնք միտս ընկան
Եվ սրտիս մեջ լացեցի...
Այս սրտառուչ բանաստեղծությունը Ավետիք Իսահակյանը գրել է 1940 թ. հունվարի 1-ին, Երևանում։ Այն յուրօինակ ձևով ամփոփում է Վարպետի ստեղծագործության հիմնական տրամադրություններն ու մոտիվները․ հայրենիքի կարոտ, բաժանում ծնողներից, պանդխտություն, մայրական սեր։ Առաջիս անգամ տպագրվել է «Խորհրդային գրականություն» ամսագրում։ Այս բանաստեղծության հետ թեմատիկ ընդհանրություններ ունի 1933 թ․ գրված «Հայրենի հուշեր» պատմվածքը․
«1927 թվականի ամառն է։ Իմ հայրենի Շիրակի դաշտումն եմ։ Ձիով դանդաղ գնում եմ այն գյուղը, ուր ջրաղաց ունեինք և ընդարձակ հողեր, Ախուրյանի ափին, բարդիներով և ուռիներով պարսպած, և պարտեզներ՝ վարդենիներով վառ։ Ահա՛ մեր գյուղի հանդերը, ուր աղջիկների և տղաների հետ բանջար էինք քաղում, ահա՛ լեռները, ուր գիշերել եմ ոչխարների հոտերի մոտ, երբ ընկերներիս հետ հովիվ էի։ Ահա՛ մեր ջրաղացի առուն... ցամաքած է նա վաղուց, որովհետև ավերակ է մեր ջրաղացը, տեսնում եմ հեռվից մեր տան և ջրաղացի ավերակները։ Թուրք զինվորի ձեռքը և երկրաշարժի տարերքը կործանել են նրանց, ահա՛ մեր հողերը և պարտեզները, մեր բարդիներն և ուռիները՝ խորտակված են մեծ մասով և արմատախիլ եղած... Նվիրական վայրե՛ր, ուր անցան իմ մանկությունը և պատանեկության առաջին տարիները, ուր խաղացի ընկերներիս հետ և մենակ թափառեցի երազներով թևավոր, ուր ըզգացի առաջին սիրո սրբությունը և նրա քաղցր վիշտը... Ձիուս սմբակների տակից բարձրանում է ճանապարհի փոշին, և փոշու նման բարձրանում են հուշերս — բարձրանում են ապրած օրերից և զգացած վայրերից։ Հոգուս մեջ տեսնում եմ ապրած իմ քաղցր օրերը այս նվիրական հողերի վրա, նվիրական Ախուրյանի ափին․․․»։