***
Իրիկունը՝ թաց,
իրիկունը՝ մով,
իրիկունը՝ մեղմ...
Թուղթը սպիտակ է.
սի՛րտն են քերծոտել
հառաչանք ու հևք...
* * *
Խաղողի վազից տերև պոկեցի,
իմ ցավի շյուղով գծեր կտրեցի տերևի վրա։
Հետո արևին նայեցի կանաչ տերևի միջից...
Արևին՝ կանաչ տերևի միջից
իմ ցավի շյուղով․․․
***
Ծառից պոկոտած կեղևն եմ ահա,
կրծքից պոկոտած թաքունը՝ ճամփին․․․
(Գրիչը նորէն հպուեցաւ թուղթին․
անգրելի տող ազատ չը թողինք):
* * *
Քո մեռնելուց հետո
նույն ամռանը քեզ լուռ մենաստանում գտա, տա՛տ...
Ինձ պատմեցին`
յոթանասուն տարի կանաչ դաշտերում
մեն-մենակ սունկ ես հավաքել,
փակ աչքերով խոտեր ես շոշափել, տա՛տ,
ի՛նձ ես փնտրել, միայնա՜կ-խոնարհս, ինձ...
* * *
Ձեռքը պարզել է կախ եկած ճյուղին,
կանաչ ծառի տակ այդպես բնական դիտում է պապս,
և ամռան կանգնած լռության միջից`
ասես այդ ծառն է ծիրան քաղելու մեկնված ձեռքից...
***
Մեր սիրտը, որ բառով չի բերվում,
որ սիրտ է միայն և զուտ կա...
Լսո՞ւմ ես մեծ շունչը ծովերի.
խաղաղվի՜ր ամռան մեջ
և զգա...
ԱՐԹՆԱՑՈՒՄ
Պատուհանի տակ մի անմեղ
կապույտ լուսաբաց կա՝
թաց թարթիչներով աքլորը ուսին…