Ներշնչող 5 բանաստեղծություն հայ բանաստեղծներից
Ընդունված կարծիք կա, որ հայ պոեզիայում գերակշռում են ողբի, սգի, տխրության թեմաները: Մենք առանձնացրել ենք հայ բանաստեղծների հինգ ստեղծագործություն, որոնք հերքում են այդ կարծիքը: Այս բանաստեղծությունները ներշնչում են, հոգեկան հանգստություն ու հիացմունք են պարգևում բոլոր ընթերցողներին:
Միսաք Մեծարենց
Աքասիաներու շուքին տակ
Ծաղիկներէն յուշիկ թերթեր կը թափէ
Բուրումներով օծուն հովիկն իրիկուան,
Հոգիներուն կ'իջնէ երազ մը բուրեան,
Ի՜նչ հեշտին է մըթնշաղն այս սադափէ։
Աքասիաներ, գինով լոյսէ ու տապէ,
Օրօրուելով մաքուր շունչ մը կը հեւան.
Մինչ կը ձիւնէ ծաղիկն իրենց հոտեւան՝
Զոր խօլաբար հովը գրկել կը շտապէ։
Ու լոյսն անոնց, անխօս հուրի՛ դիւթական
Հըմայագեղ ու վարսքերով արծաթէ,
Շատրըւանին կ'իջնէ գուռին մէջ կաթէ։
Ջուրը ցայտքէն ծաղիկ ծաղիկ կը կաթէ.
Վըճիտ, ինչպէս լոյսէ արցունքը մանկան,
Նըւագն անոր կը հեծեծէ հեշտական։
Ծաղիկներէն հովը թերթեր կը թափէ․․․։
Հովհաննես Թումանյան
Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,
Անըրջային, թեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։
Ահա բացվեց թարմ առավոտ
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային։
Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վըրա
Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,
Շըվին փըչեց հովիվն ահա―
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ։
Եղիշե Չարենց
Աղոթքի պես, երգի պես
Աղոթքի պես, երգի պես
Հոգիս ճախրեց դաշտերում.
Միայն զգում էի ես
Քո հմայքն ու քո հեռուն...
Միայն զգում էի, որ
Երկինքներում կուսական
Բռնկումները բոլոր
Նվաղեցին ու հանգան:
Հաշտություն էր ու ներում
Քո ժպիտը սրբազան —
Քո արցունքոտ աչքերում
Անրջացա՛ծ ծիածան...
Վահան Տերյան
Գարուն
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում...
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք...
Հովհաննես Շիրազ
Գարնանամուտ
Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արևը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,―
Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,
― Ի՜նչ թարմություն,― ասացին,― ի՜նչ թարմություն,―
ու բացին
Լուսամուտներն իմ առջև, ու ես իմ սիրտը բացել՝
Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,
Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,
Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով
Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի,
Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։
Նկ.Մ.Սարյան, Պայծառ ծաղիկներ, 1942, աղբյուրը՝ ՀԱՊ շտեմարան-www.gallery.am