Նարինե Աբգարյանի յուրաքանչյուր նոր գիրք արդեն վաղուց դառնում է գրական իրադարձություն։ Հայաստանում և ռուսալեզու ընթերցողների շրջանակում սիրելի արձակագրի ճանաչումը սկսվում է «Մանյունա»(2010) զարմանալի գրքով, ապա շարունակվում` «Մանյունյան գրում է ֆանտաստիկ վեպ»(2011), «Մանյունյան. Բայի տարեդարձը և այլ անհանգստություններ»(2012), «Սեմյոն Անդրեևիչ. տարեգրություն խզբզոցներով»(2012), «Երկնքից երեք խնձոր ընկավ»(2015) և այլ գրքերով։ Ռուսերեն գրող մեր հայրենակցուհին հմայում է ընթերցողին իրականության սուր զգացողությամբ, կյանքի խորքային ճանաչողությամբ ու ռեալիստական պատկերներով, սակայն այս ամենի հետ միասին մոգական ռեալիզմի գրականությանը բնորոշ տարրերով, հեքիաթային մթնոլորտով ու առասպելական մոտիվներով։ Եվ այս բարդ համադրության արդյունքում ստեղծվում է մի յուրահատուկ մթնոլորտ, որն ընթերցողին գրավում է իր անմիջականությամբ, թվացյալ պարզությամբ ու պատումի նուրբ հյուսվածքով, ողբերգական ճակատագրերով անչափ մարդկային կերպարներով, որոնք տիեզերքի հետ իրենց առնչության գիտակցությամբ ու մաքրությամբ, հաղթահարում են բոլոր փորձությունները և բաց սրտով կանգնում մարդկանց ու աշխարհի առջև։ Art365-ը ներկայացնում է մի հատված Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպից։
Ուրբաթ օրը` ճաշից հետո, երբ արևը, անցնելով բարձր զենիթը, հանդիսովոր գլորվեց հովտի արևմտյան կողմը, Սևոյանց Անատոլիան պառկեց մեռնելու:
Մինչ էն աշխարհի ճամփան բռնելը` նա տեղը տեղին ջրել էր բոստանն ու հավերին կեր լցրել սովորականից շատ. ի՞նչ իմանա` հարևանները ե՞րբ կգտնեն իր անշունչ մարմինը, թռչունը հո անկուտ չի՞ մնալու: Հետո բացել էր անձրևաջրերի համար ջրհորդանների տակ դրած տակառների կափարիչները, որ անսպասելի անձրևից տանիքից թափվող ջրի շիթերը տան հիմքը չլվանան տանեն: Հետո խոհանոցի դարակներն էր տնտղել, հավաքել ուտելիքի կիսատ մնացած պաշարները` կարագով, մեղրով ու պանրով ամանները, հացի կտորը և խաշած կես հավը ու տարել զով մառան: Հանել էր շիֆոներից վերջին հանգրվանի հանդերձանքի կապոցը` սպիտակ ժանեկագործ օձիքով բրդյա փակ շորը, հարթ գործվածքից կարված գրպաններով երկար գոգնոցը, տափակ ներբանով կոշիկները, գործած գուլպաները (ողջ կյանքում ոտքերը սառել են), մաքուր լվացած ու արդուկած ներքնազգեստը ու նաև ատուտատի թազբեհը` արծաթյա խաչով. Յասամանը հաստատ գլխի կընկնի այն ձեռքի մեջ դնել:
Հագուստը հյուրասենյակի ամենաերևացող տեղում էր դրել՝ ծանր, քաթանե ծածկոցով կաղնե սեղանի վրա (եթե ծածկոցը բարձրացնեն, կտեսնեն կացնի հարվածի երկու խոր, լավ երևացող հետքերը)։ Վերջին հանգրվանի հանդերձանքի կապոցի վրա դրել էր փողով ծրարը թաղման ծախսերի համար, կոմոդից հանել էր հին մոմլաթե սփռոցը ու գնացել ննջասենյակ: Այնտեղ բացել էր անկողինը, երկու կես արել մոմլաթե կտորը, մի կեսը փռել սավանի վրա, երկրորդ կեսով ծածկվել էր, վրան գցել ծածկոցը, ձեռքերը կրծքին ծալել, ծոծրակը հարմարավետ տեղավորել բարձին, խոր շունչ քաշել ու փակել աչքերը: Հետո անմիջապես վեր էր կացել, պատուհանի երկու փեղկերը մինչև վերջ բացել, խորդենու ծաղկամանները արանքը դրել, որ չփակվեն, ու նորից պառկել: Հիմա կարելի էր չանհանգստանալ, որ մահկանացու մարմինը լքած հոգին մոլորվածի պես կթափառի սենյակում և ազատվելուն պես դուրս կթռչի պատուհանից երկինքն ի վեր:
Այդքան մանրամասն ու մանրակրկիտ պատրաստությունները բավականին տխուր և էական հիմքեր ունեին, արդեն երկրորդ օրն էր, ինչ Սևոյանց Անատոլիան արյունահոսում էր: Հայտնաբերելով ներքնազգեստի վրա անհասկանալի մուգ հետքեր` նախ քար էր կտրել, հետո ուշադիր զննել դրանք և համոզվելով, որ իսկապես արյան հետքեր են, դառը լաց էր եղել։ Սակայն ամաչելով իր իսկ վախից` սաստել էր իրեն և գլխաշորի ծայրով սրբել արցունքները։ Ի՞նչ իմաստ ունի լացը, եթե իրականությունն այդ է: Ամեն մեկն իր մահն ունի. մեկը սիրտն է անջատում մահը, մյուսի խելքն է տանում ծաղրելով, իսկ իրեն, ստացվում է, տրված է արյունաքամ լինելը:
Հիվանդության արագընթացության ու անբուժելիության մեջ Անատլիան չէր կասկածում: Իզուր չէր, որ այն խոցել էր մարմնի ամենաանպետք ու ամենաանիմաստ մասը` արգանդը։ Ասես հաստատում էր, որ սա վերահաս պատիժն է այն բանի, որ չի կարողացել կատարել իր գլխավոր պարտքը՝ երեխա բերելը:
Ինքն իրեն արգելելով լաց լինել ու դժգոհել, ինչը հավասար էր անխուսափելիին հարմարվելուն, Անատոլիան զարմանալիորեն արագ հանգստացավ: Սպիտակեղենի սնդուկը քանդրտելուց հետո գտավ-հանեց հին սավանը, պատռելով մի քանի մասի բաժանեց, տակդիրի նման բաներ սարքեց: Բայց երեկոյան արյունն այնքան ուժեղացավ, որ թվաց, թե ինչ-որ տեղ` ներսում, մեծ ու անսպառ երակ է պայթել: Ստիպված գործի դրեց տանը եղած բամբակի ոչ շատ մեծ պաշարը: Քանի որ բամբակը սպառնում էր արագ վերջանալ, Անատոլիոն քանդեց վերմակի եզրը, դուրս քաշեց բրդի մի քանի փունջ, լավ լվաց ու փռեց պատուհանագոգին` չորանալու: Իհարկե, կարելի էր գնալ հարևան Շլապկանց Յասամանի մոտ ու բամբակ խնդրել, բայց Անատոլիան դա չարեց, որովհետև վախեցավ, որ հանկարծ իրեն չի զսպի, լաց կլինի ու կպատմի իր մահացու հիվանդության մասին: Յասամանն էլ անմիջապես կխառնվի իրար, կվազի Սաթենիկի մոտ, որ նա շտապօգնության կառք կանչելու կայծակ հեռագիր ուղարկի հովիտ... Անատոլիան չէր պատրաստվում մի բժշկից մյուսի մոտ վազել, որ նրանք էլ տանջեին իրեն անիմաստ ու անօգուտ գործողություններով: Որոշել էր մահանալ՝ արժանապատվությունն ու հանգստությունը պահպանած, լռության ու խաղաղության մեջ, տան պատերի ներսում, որտեղ անց էր կացրել իր դժվար ու բարդ կյանքը։ Ուշ պառկեց, երկար ժամանակ ընտանեկան ալբոմն էր նայում հանգուցյալ հարազատների դեմքերը նավթավառի թույլ լույսի տակ ավելի թախծոտ ու մտահոգ էին թվում։ «Շուտով կտեսնվենք,- շշնջում էր Անատոլիան` գյուղի ծանր աշխատանքից կոշտացած մատներով շոյելով յուրաքանչյուր լուսանկարը,- շուտով կտեսնվենք»։ Չնայած տագնապալի ու ճնշված վիճակին` հեշտ քուն մտավ ու քնեց մինչև լույս:
Արթնացավ աքլորի անհանգիստ կանչից: Թռչունները հավանոցում իրար էին անցել` անհամբեր սպասելով, թե երբ են դուրս թողնելու, որ մարգերով ման գան: Անատոլիան լարեց ուշադրությունը՝ իր վիճակը հասկանալու համար։ Ինքնազգացողւթյւնը գնահատեց միանգամայն տանելի, եթե չհաշվենք գոտկատեղի նվվացող ցավն ու թեթև գլխապտույտը, առանձնապես ոչինչ չէր անհանգստացնում։ Զգույշ վեր կացավ, զուգարան գնաց, ինչ-որ մի չար բավարարվածությամբ համոզվեց, որ արյունահոսությունն ավելի է ուժեղացել: Վերադարձավ տուն, բրդի փնջից ու կտորից տակդիր սարքեց։ Եթե այսպես շարունակվի, մինչև առավոտ ողջ արյունն իրենից դուրս կհոսի: Ուրեմն` ևս մի մայրամուտ իր կյանքում ուղղակի կարող է այլևս չլինել։
Կանգնեց ծածկապատշգամբում` յուրաքանչյուր բջիջով ներծծելով առավոտվա նուրբ լույսը։ Գնաց հարևանուհու մոտ` բարևելու և իմանալու ինչ կա-չկա: Յասամանը մեծ լվացքի էր պատրաստվում հենց այդ պահին փայտի վառարանին մեծ տաշտով ջուր էր դնում։ Մինչ ջուրը կտաքանար, նրանք դեսից-դենից խոսեցին, կենցաղային գործեր քննարկեցին շուտով թութը կհասնի, պետք է թափ տալ, պտուղները հավաքել, մի մասից օշարակ եփել, մյուս մասը` չորացնել, իսկ երրորդը՝ փայտե տակառի մեջ լցնել, որ երբ հասնի, թթի օղի քաշեն: Ավելուկի հետևից էլ արդեն պետք է գնալ. մեկ-երկու շաբաթից ուշ կլինի, հունիսյան շոգ արևի տակ խոտն արագ է դախանում ու սննդի համար անպիտան դառնում: Անատոլիան հեռացավ Յասամանի մոտից, երբ տաշտի ջուրը եռաց:
Հիմա կարելի էր չանհանգստանալ. Յասամանը մինչև մյուս առավոտ իր մասին չի հիշի: Մինչև լվալիքը լվանա, մինչև օսլայի, լեղակի, փռի արևին չորանալու, հավաքի, արդուկի, ուշ երեկոյան միայն կվերջացնի: Այնպես որ, Անատոլիան բավական ժամանակ ունի հանգիստ էն աշխարհ գնալու:
Այս հանգամանքով բավարարված` առավոտն անցկացրեց առօրյա անշտապ հոգսերով և միայն կեսօրից հետո, երբ արևը, անցնելով երկնքի գմբեթը, հանդիսավոր կերպով գլորվեց հովտի արևմտյան կողմը, պառկեց մեռնելու:
Աղբյուրը՝ Նարինե Աբգարյան, Երկնքից երեք խնձոր ընկավ/թարգմ․ ռուս․՝ Նաիրա Խաչատրյանի/, Երևան, 2017։